Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքի շուրջ թեժացող քննարկումների խորապատկերին, երբ ակնհայտ է դարձել իշխանության, իմա՝ ԿԳՄՍՆ-ի, դասագրքաստեղծ «Մասնակցային դպրոց» հիմնադրամի և դասագրքի հեղինակի ծանր վիճակն ու պարտության եզրին չափազանց մոտ լինելու իրողությունը, կրկին ասպարեզ է հանվել տխրահռչակ դասագրքի հիմքում ընկած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի լրամշակման փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ով ներկայումս հանդիսանում է ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝ «Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի Կրթական նորարարության և հետազոտության վարչության պետը:
ԱՄՆ-ում գործող «ԱՐՓԱ» (ARPA - Analysis Research & Planning for Armenia) կենտրոնը նախաձեռնել է առցանց պանելային քննարկում «Հայոց Պատմութեան նոր դասագիրքեր. նպատակ և մարտահրաւէրներ» խորագրով, որին մասնակցում են բացառապես նույնակարծիք ու այդ հողի վրա միևնույն ճամբարում գտնվող անձինք՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը (Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյան), Լիլիթ Մկրտչյանը (իր մասին հանգամանալից՝ քիչ անց), դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը և ամերիկահայ հայագետ Ստեփան Աստուրյանը: Դատելով քննարկման մասնակիցների ընտրությունից՝ պարզորոշ է, որ այն բացառապես ծառայելու է իշխանական թեզերի պաշտպանությանը կամ, այս փուլի համար ավելի ճիշտ կլինի ասել, փրկությանը:
Բնավ պատահական չի ընտրված նաև քննարկման վարողի ընտրությունը՝ կրկին ամերիկաբնակ պատմաբան Արա Սանջյան, ով ընդամենը օրեր առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 22-ին, դիմատետրի իր էջում խնդրահարույց դասագրքի պաշտպանությանն ուղղված իր ճառում հրապարակ էր բերել «նախկինների» բուհական դասագիրքը և, փորձելով այդկերպ շեղելով քննարկումն ու դիմելով փաշինյանական փորձված մեթոդին, մարդկանց մատուցել «բա նախկինների ժամանակ լա՞վ էր», «բա ինչու՞ Սերժի վախտ չէիք խոսում» պարզունակ և կործանարար տրամաբանությունը:
Ինչու՞ հենց Լիլիթ Մկրտչյանը. 2020 թ. առավել լայն հասարակությանը հայտնի դարձավ, որ մեծ իրարանցում առաջացրած և գիտամանկավարժական գրեթե բոլոր հաստատությունների համապատասխան բաժինների ու ամբիոնների մասնագիտական շրջանակների կողմից քննադատված ու մերժված առարկայական չափորոշիչները լրամշակող Լիլիթ Մկրտչյանը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի շրջանակներում թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի ստացած դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում» (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ):
Այսինքն՝ Լիլիթ Մկրտչյանի թուրք գործընկերների մշակած պատմության դասավանդման վերաբերյալ հայեցակարգերի ու մեթոդների համաձայն՝ թուրքերը և ադրբեջանցիները չպետք է ներկայացվեն որպես ջարդարարներ: Ավելին՝ Լիլիթ Մկրտչյանն ու ներկայումս ԱԺ իշխանական պատգամավոր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում՝ 2015 թ., ադրբեջանական Նովրուզի տոնին մասնակցած, ադրբեջանցիների հետ խարույկի շուրջ ուրախ թռչկոտած ու ադրբեջանցիներին համբույրներ բաժանած Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Դրանք որպես հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին): Նշենք, որ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մկրտչյանն ու մի շարք թուրք հեղինակներ նշված հայ-թուրքական համատեղ ձեռնարկներից մեկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել են Անատոլիա (էջ 52), քննադատել «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ (էջ 55):
Պարզ է՝ ինչ բովանդակությամբ ու հայեցակետից էր գրվելու այն առարկայական չափորոշիչը, որի հենքի վրա էլ հենց «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամի կողմից ստեղծվել է դասագիրքը: Հավելենք նաև, որ դասագրքի ստեղծման նախագծի ղեկավարը 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանն է, այն նույն անձը, ով ևս 2020 թ. ներգրավված էր չափորոշիչների քննարկումներում, և որի կարծիքը, ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գովասանական կարծիքի շարքում այդ թեժ օրերին Լիլիթ Մկրտչյանը տարածում էր սեփական հարթակներում՝ ինքնապաշտպանվելու համար:
Մի արտառոց իրողություն ևս. քննարկմանը մասնակից թե՛ Լիլիթ Մկրտչյանի, թե՛ Սմբատ Հովհաննիսյանի պարագայում նշված է, որ երկուսն էլ հանդիսանում են ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, այն ամբիոնի, որը 2020 թ. ամռանը քննարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերից «Համաշխարհային պատմություն» առարկայի նախագիծը և հանդես է եկել այդ (համաշխարհային պատմության) նախագծի վերաբերյալ թե՛ հայտարարությամբ և թե՛ իր բացասական կարծիքն է ուղարկել նախարարություն։ Ամբիոնը հայտարարել է նաև որ չի՛ աջակցել Լիլիթ Մկրտչյանին: Ինչպես տեսանք՝ Համաշխարհային պատմության ամբիոնի ներկայացրած ծանրակշիռ, ծավալուն, հիմնարար և, միաժամանակ, խիստ բացասական կարծիքը «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին էր, և, ինչպես նշված է եզրակացության մեջ «…բազմաթիվ են բացթողումները, սխալները, որոնք թույլ չեն տա, որպեսզի այս ծրագրի հիման վրա հնարավոր լինի գրել ՆՈՐ դասագիրք»։ Բայց: Կարծիքն ունի նաև հետգրություն, որտեղ նշված է հետևյալը. «Հ․Գ․ Թռուցիկ ծանոթությունը հայոց պատմության ծրագրի նախագծին թույլ է տալիս ենթադրել, որ դրությունն այնտեղ ևս բարվոք չէ, բայց այս խնդրի դիտարկումը թողնում ենք համապատասխան մասնագետներին»։
Իսկ այժմ, ուշադրություն, նշված կարծիքի տակ (կարծիքն ամբողջությամբ տե՛ս այստեղ), ի թիվս ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի ու 5 դասախոսների, ստորագրել է նաև նույն ինքը՝ Սմբատ Հովհաննիսյանը: Այսինքն՝ Սմբատ Հովհաննիսյանը 2020 թ. ամռանը համարել է, որ «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի դրությունը բարվոք չէ, ավելին, ինքը, ի թիվս ամբիոնի մյուս հեղինակավոր դասախոսների ու ամբիոնի վարիչ, պատվարժան գիտնական Ալբերտ Ստեփանյանի, համապատասխան մասնագետ չէ, որ քննի այդ ծրագիրը, բայց ահա ընդամենը կարճ ժամանակ անց՝ վերցնում է այդ նույն ոչ բարվոք ծրագիրն ու չափորոշիչները, հանկարծ դառնում հայոց պատմության մասնագետ ու միանձնյա գրում հայոց պատմության նոր դասագիրք…
Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին:
Վահե Սարգսյան