կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 15:28
Տնտեսական

Ջախջախված անտառ

Ջախջախված անտառ

ENPI-FLEG ծրագրի շրջանակներում իրականացված` «Գյուղական բնակչության վրա անտառների անկայուն օգտագործման եւ ապօրինի հատումների սոցիալական ու տնտեսական ազդեցության գնահատում» հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն` վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում տնային տնտեսությունների կողմից վառելափայտի սպառման միջին մակարդակը նվազել է 11.8 տոկոսով, իսկ 1 խմ վառելափայտի միջին գինն ավելացել է 29 տոկոսով։

Հարցումն անցկացվել է անտառամերձ ութ մարզերի 819 տնային տնտեսություններում եւ անտառներով հարուստ երեք մարզերում գործող 20 սղոցարաններում։ Վերլուծվել են 2003 եւ 2010 թվականների նույն մեթոդաբանությամբ իրականացված հարցումների արդյունքները՝ նախանշելով եւ մեկնաբանելով առկա զարգացումները։

Այսպես` անտառային ռեսուրսները նվազել են, իսկ 1 խմ վառելափայտի գինը՝ բարձրացել, ինչը կապված է վերջինիս պահանջարկի ոչ ճկուն բնույթի եւ անտառների դժվարանցանելի հատվածներից վառելափայտի ձեռքբերման համար պահանջվող լրացուցիչ ծախսերի հետ։

Վառելափայտի պահանջարկ այսօր էլ կա ու կմնա տնային տնտեսությունների կողմից. պատճառներից են անտառամերձ շատ համայնքներում վերջինիս համեմատաբար ցածր գինը` ի տարբերություն բնական գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ վառելանյութի գնի, աղքատության բարձր մակարդակը, ինչպես նաեւ այլընտրանքային վառելիքի բացակայությունը։

Նվազել է անտառից վառելափայտ ձեռք բերող տնային տնտեսությունների քանակը, իսկ այսօր նրանք վառելափայտը գնում են վերավաճառողներից: «Հայանտառ»-ի կողմից սահմանափակվել է բնակիչների մուտքն անտառ, կրճատվել են նրանց կողմից իրականացվող ապօրինի հատումների ծավալները: Սակայն նույն հետազոտության համաձայն` մյուս կողմից, 2003 թվականի համեմատությամբ, ներկայումս արտադրական նպատակով ավելացել է հատումներ իրականացնողների թիվը եւ հեշտացել է նրանց մուտքը դեպի անտառ:

Այսպիսով, ըստ նույն հետազոտության, «Հայանտառ»-ը չարաշահում է իր լիազորությունները եւ իր կողմից տրամադրված միեւնույն տոմսը մի քանի անգամ օգտագործելու մեխանիզմը։ Հետազոտության հաշվարկներով` ապօրինի հատումների տարեկան նվազագույն ծավալը կազմում է 240 հազար խմ, դա մոտ 80 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։

Անտառների պաշտպանության արդյունավետությունը մեծացնելու եւ ապօրինի հատումների դեմ պայքարելու նպատակով ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է, մասնավորապես, անտառամերձ համայնքների բնակիչների համար ստեղծել անտառի ոչ բնափայտային արտադրանքի (պտուղներ, հատապտուղներ, բանջարեղեն) ընդունման կետեր, իսկ որոշ տարածքներում զարգացնել մեղվաբուծության բիզնեսը: Վառելիքի այլընտրանքային աղբյուրների մատչելիությունն ապահովելու համար առաջարկվում է արեւային էներգիայի եւ բիոգազի լայնածավալ օգտագործում:

Տեսնես այսքանից հետո ի՞նչ պարզաբանումներ կանեն «Հայանտառ»-ի տնօրենը, գլխավոր անտառապետը եւ անտառապետերը: