Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը անդրադարձել է դատարանի որոշմանը, ըստ որի նրա՝ Հայաստան մուտքի արգելքը վերացվել է:
«Հարգելի բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ արդարադատությունը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը։ Այս որոշումը վկայում է, որ Արդարադատությունը Հայաստանում կարող է անկախ լինել»,- ասել է նա:
Մուրադ Փափազյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում բնակվող 26 հայտնի հայազգիներին, որոնք կոչ էին արել ՀՀ իշխանություններին վերացնել Փափազյանի մուտքի արգելքը. «Այդ արգելքը՝ ավելի քան մեկուկես տարի գործող, ոտնահարում է ոչ միայն նրա անհատական իրավունքները, այլեւ դամոկլյան սուր է դնում սփյուռքի ազատ արտահայտման վրա։ 1915 թվականի ցեղասպանության ավերակներից դուրս եկած Հայաստանը բարոյական պարտք ունի ընդունելու փախստականների ժառանգներին՝ առանց խտրականության։ Վերադարձի իրավունքը կամ գոնե երկիր այցելելու կամ մնալու իրավունքը հայ ինքնության հիմնարար հիմնասյունն է, բացի ազատ տեղաշարժի տարրական իրավունքից։ Այն չի կարող վտանգի ենթարկվել խիստ քաղաքական նկատառումներից ելնելով, առանց որեւէ դատական հիմքի եւ առավել եւս չի կարող օգտագործվել որպես հաշվեհարդարի միջոց: Մենք դա տեսել ենք նախկինում. նման թելադրանքները միայն անհարկի վնասում են Հայաստանի իմիջը, վնասում են երկրի շուրջ համախմբվածությանը, իսկ դրանք կենսական տարրեր են երկրի գոյատեւման եւ բարգավաճման համար:
Ներքոստորագրյալներս, անկախ որեւէ քաղաքական հայացքներից, Հայաստանի իշխանությունների կողմնակից են, թե ընդդիմադիր, խնդրում ենք վերանայել այս որոշումը եւ թույլ տալ Մուրադ Փափազյանին եւ տուժած սփյուռքի մյուս հայերին վերականգնել Հայաստան մուտք գործելու հնարավորությունը։ Այս դժվարին ժամանակներում կարեւոր է հնարավորինս վեր կանգնել քաղաքական հակադրություններից՝ համախմբելու ողջ հայությանը, ամրապնդելու ժողովրդավարությունը եւ նպաստելու ներդաշնակ հարաբերություններին: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մուրադ Փափազյանին եւ բոլոր նրանց, ովքեր կամայականորեն զրկված են իրենց ծագման հողով քայլելու իրենց պարզ իրավունքից։ Միասին մենք պետք է շրջենք այս էջը եւ վերակառուցենք ավելի ուժեղ ու միացյալ Հայաստանը»:
Այս խնդրագրի տակ ստորագրել են դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, պրոդյուսեր Ալեն Թերզյանը, անվանի իրավաբաններ, փաստաբաններ, պատգամավորներ, Լիոնի նախկին քաղաքապետ Ալեքսիս Գովչյանը, Փարիզի խորհրդական Շառլ Վիլնյովը եւ այլք:
Նշենք, որ հունվարի 22-ին Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի: Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։