կարևոր
3925 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 14:23
Քաղաքական

Զախարովան մեկնաբանել է խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական, որոնք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար:

«Մենք տեսնում ենք այս հայտարարությունները։ Մենք դրանք համարում ենք կործանարար, իսկ ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակում են։ Մենք շատ լավ, վստահելի երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ՝ ասելով, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը։ Բայց, ցավոք, այնտեղ, ըստ երեւույթին, ինչ-որ մեկը շահ ունի։ Չգիտեմ՝ սա ձեռնտու է Հայաստանում ինչ-որ մեկի՞ն, թե՞ ձեռնտու է Հայաստանից դուրս  գտնվողին մեկին։ Դժվար է ասել»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել ռուս խաղաղապահներին։

«Իսկ նրանց վիրավորողներին մենք պատասխան կտանք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան որպես ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու նպատակները։