կարևոր
2605 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-04 12:17
Հասարակություն

Պարգևատրումների մեծությունը Երևանի 2024-ի բյուջեում, 2023-ի համեմատ, ավելացել է 86.6%-ով․ «Լույս» հիմնադրամ

Պարգևատրումների մեծությունը Երևանի 2024-ի բյուջեում, 2023-ի համեմատ, ավելացել է 86.6%-ով․ «Լույս» հիմնադրամ

Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024 թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։ Այսպես՝ Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։2024թ. բյուջեով պլանավորվում են 6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024թ. բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։ Տարակուսելի է, որ չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ աճին, 2024թ. բյուջեով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների չափազանց «համեստ» աճ։ Այնպիսի տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել կա՛մ «մտածված» («ապահովության համար»)՝ դրույքաչափերը հիմնականում ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեղադրանքից խուսափելու համար, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճը կհանգեցնի կայանվող ավտոմեքենաների ֆիզիկական ծավալների գրեթե նույնպիսի կտրուկ նվազման։ Չի բացառվում, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինելու դեպքում այդ  հանգամանքը իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում։ Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ խնդրի լուծման այդպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Հակառակ դեպքում դրույքաչափերի բարձրացման բացասական հետևանքները կարող են գերազանցել ակնկալվող դրական արդյունքին։ Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխությունը, ի վերջո, ունենա միայն ֆիսկալ ազդեցություն՝ առավել խորացնելով առկա լուրջ սոցիալական բևեռացումը։

Նույն մտահոգությունն առկա է նաև տեղական տուրքերի դրույքաչափերի կտրուկ բարձրացման կապակցությամբ։ 2024թ. բյուջեի ընդհանուր ծախսերի մեծությունը 9 մլրդ դրամ է, որը 19.4 մլրդ դրամով կամ 18.4%-ով ավելի է 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշից։ Ինչպես և բյուջեի եկամուտները, ծախսերը նույնպես 2023-ի ճշտված պլանով բարձրացվել են 23.3%-ով կամ 24.7 մլրդ դրամով՝ չնայած ինն ամիսների կատարողականի հաշվետվության համաձայն կատարվել են տարեկան նախատեսվող ծախսերի ընդամենը 54.1%-ի չափ կամ 70.5 մլրդ դրամի ծախսեր։ Այսինքն՝ ընդհանուր ծախսերի՝ 2024թ. բյուջեով պլանավորվող մեծությունը 2023-ի ճշտված պլանի ցուցանիշից պակաս է՝ 5.3 մլրդ դրամով կամ 4.0%-ով։Բյուջեի ծախսերով նախատեսված ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած 2023թ. բյուջեի համեմատ ընդհանուր ծախսերի աճին, քաղաքային զարգացման մի քանի բավական կարևոր ծրագրերի ֆինանսավորումը նվազել է։ Իսկ որոշ ծրագրերի գծով ֆինանսավորման աճը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ: Օրինակ՝ «Տոնական ձևավորում» ծրագրի գծով հատկացումները 2023-ի բյուջեի համեմատ աճելու են 3.1 անգամ և կազմելու են 123.9 մլն դրամ։ Նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ» աճ։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների մեծությունը 2024-ի բյուջեում 2023-ի համեմատ ավելացել է 86.6%-ով, իսկ 2022-ի հաստատված բյուջեի ցուցանիշին այն արդեն գերազանցելու է ավելի քան 2.8 անգամ։

Պլանավորվում է, որ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն կունենա 3 մլրդ դրամ պակասուրդ՝ 2023թ. հաստատված բյուջեով պլանավորված 0.4 մլրդ դրամի դիմաց։ Ի դեպ, 2023թ. բյուջեի ինն ամիսների կատարման հաշվետվությունում ներկայացված ճշտված պլանով 2023թ. նախատեսված է 11.3 մլրդ դրամ պակասուրդ, մինչդեռ առաջին ինն ամիսներին փաստացի արձանագրվել է 0.4 մլրդ դրամ հավելուրդ։ Բյուջետային պլանավորման համապետական մակարդակում առկա խնդիրներն ավելի ընդգծված և խոր կերպով են դրսևորվում Երևան քաղաքի բյուջեի պլանավորման դեպքում։ Պլանային և փաստացի մեծությունների միջև շեղումը չափազանց մեծ է։ Ավելին, կատարողականի հաշվետվությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ հաստատված բյուջեի մեծությունների ճշտված պլանով վերանայման արդյունքում շեղումը փաստացի ձևավորված մեծությունից կրճատվելու փոխարեն ավելանում է։ Այս իմաստով, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի որոշ ցուցանիշների բավականաչափ իրատեսական լինելու վերաբերյալ թերահավատությունն անհիմն չէ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ