կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 12:35
Հասարակություն

Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում. աշխարհի ամենամեծ դասին միացավ նաև ՀՀ-ն

Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում. աշխարհի ամենամեծ դասին միացավ նաև ՀՀ-ն

«Աշխարհի ամենամեծ դասը» ծրագիրը կյանքի կկոչվի նաև Հայաստանում: ՄԱԿ-ի ու ՀՀ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ` այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցի 70 աշակերտներ նախ կտեղեկանան, թե որո՞նք են այս պահին աշխարհի առջև ծառացած խնդիրները, հետո աշակերտներն իրենք կսկսեն լուծումներ առաջարկել:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս համաշխարհային մակարդակով մատաղ սերնդին հասու դարձնել այսօրվա քաղաքակրթության մարտահրավերներին:

«Մեզ` փոքր երկրների համար շատ կարևոր է, որպեսզի մատաղ սերունդն իրեն զգա մոլորակի մի մասնիկը, որն ի վիճակի է լուծել ոչ միայն մեր հանրապետության, տարածաշրջանի առջև ծառացած հիմնախնդիրները, այլև մտահոգ է աշխարհի զարգացմամբ: Երեխաները կտեղեկացվեն կայուն զարգացման մարտահրավերների մասին` բնապահպանական հարցեր, աղքատության հաղթահարում, հետո արդեն պետք է փորձեն հենց իրենք ելքեր առաջարկել: Այսինքն` ծրագիրը երիտասարդ սերնդին սովորեցնում է մտածել և մտածել համամարդկային պատասխանատվության չափանիշով, որը շատ անհրաժեշտ է մեր կրթական համակարգին»,-ասաց նախարարը:

Դիմելով աշակերտներին` նա նշեց, որ կարևոր է նրանց` ծրագրին մասնակցելը, քանի որ նրանք մուտք են գործում կյանք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարը հնարավորություն է տալիս աշխարհի պրոբլեմները տեսնել մեկ ամբողջության մեջ:

«Ձեր սերնդի ուսերին է լինելու ոչ միայն մեր երկրի և տարածաշրջանի, այլ նաև աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծումներ գտնելը, իսկ սրանց լուծումը ավելի լավ կյանք ունենալու հնարավորություն կընձեռի: Սակայն պետք է չմոռանալ նաև, որ ամեն ինչ սկսվում է սեփական տնից: Հիշեք` դուք մեծ ժողովրդի արժանի զավակն եք, և ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում, այլ այն հետքով, որը նա թողել է համաշխարհային քաղաքականության մեջ»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ հիմա գալիք սերունդը անկախությունը պետք է բարձրացնի համաշխարհային մակարդակի վրա: Ըստ նրա` փոքր ժողովրդի համար հնարավոր չէ փակվել և մնալ սեփական տարածքի մեջ, միևնույն է, բոլոր հանճարեղ գաղափարները ճեղքում են սահմանները:

Մկրտչյանը նշեց նաև, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով իրենց հաջողվել է համաշխարհային նշանակության հարցերին տեղական լուծումներ գտնել:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան էլ նշեց, որ Հայաստանը սուպերհերոս է աշխարհում, և, անկախ պետության չափերից, կարևորն այն ուժն է, ձայնը, որ հայերն ու պետությունն ունեն ասելու աշխարհին: «Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի սուպերհերոս է, քանի որ բոլորիդ ներսում էլ կա ինչ-որ բան փոխելու ուժ: Կարևոր է` իմանաք, թե ինչ անել, որ փոփոխությունները դեպի լավը տանեն, օրինակ` գուցե չգիտեք, թե ինչ վնաս են պատճառում մոլորակին պլաստիկ շշերն ու տոպրակները և, եթե իմանաք, գուցե սկսեք ավելի քիչ կիրառել դրանք: Որպեսզի ինչ-որ փոփոխությունների գնանք, պետք է գիտելիքներ ունենանք»,- ասաց Ռադոչան` հավելելով, որ Հայաստանն, իրոք, մեծ ներդրում է ունեցել համամարդկային կրթության ոլորտում: