Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 17:15
Քաղաքական

ԵԽԽՎ նախագահը միակողմանի պատվեր է կատարում. Հերմինե Նաղդալյան

ԵԽԽՎ նախագահը միակողմանի պատվեր է կատարում. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ: Նա այսօր լրագրողներին ասաց, որ Ագրամունտին հայտնել է, որ նրա հայտարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ընթացքող ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է արել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` նշելով. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Նաղդալյանի խոսքով՝ ինքը Արգամունտի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ընդունված զեկույցների վրա չի սևեռվել ո'չ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ո'չ ԵԽԽՎ այլ ներկայացուցիչներ, ո'չ ԱՄՆ-ը, ո'չ էլ Ռուսաստանը:

«Ես ասել եմ, որ նրա այդ հայտարարությունը միակողմանի է և նպաստում է լրացուցիչ լարումների և սրացումների»,- ասաց ԱԺ փոխխոսակը:

Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս արձագանքեց ԵԽԽՎ նախագահը, նա պատասխանեց, որ Ագրամունտը վկայակոչել է տարբեր ժամանակներում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերը, ինչն էլ, ըստ Նաղդալյանի, վկայում է այն մասին, որ Ագրամունտը ականջալուր լինելու ցանկություն չունի, պարզապես կատարում է այն պատվերները, որը ստանում է` միակողմանի և անձնական շահերից ելնելով:

Մեր մյուս հարցին` եթե միջազգային հանրությունը շարունակի հավասարության նշաններ դնել Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, ինչպիսի՞ն կլինեն հայկական կողմի հետագա գործողությունները, Նաղդալյանը պատասխանեց. «Ուզում եմ նկատեք, որ նույն Մինսկի խումբը վերջին տարվա ընթացքում արդեն աստիճանաբար ձերբազատվում էր նման պահվածքից: Հնարավոր է, որ դրան նպաստում էին Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը և անտեղի մեղադրանքները, ինչն էլ բերեց նրան, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն փոխել էին իրենց հայտարարությունների բնույթը և վերջին շրջանում փորձում էին առավել հասցեական մատնանշել գործողությունների հեղինակին»:

Հարցին, թե ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը չի՞ դնելու ԵԽԽՎ նախագահի նախագահության նպատակահարմարությանը հարցը, ինչի մասին խոսեց նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Նաղդալյանը պատասխանեց. «Ես այդ հարցի վերաբերյալ դեռևս պատվիրակության հետ քննարկում չեմ ունեցել, պատվիրակությունը դեռևս քննարկում է անցկացնելու, սակայն կարծում եմ, որ եթե պատվիրակներից մեկն ունի նման առաջարկ, այդ առաջարկը ուշադրության կարժանանա»: