Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ավարտվում է 2023 թվականը, որը սեւ տառերով կգրվի մեր պատմության էջերում՝ որպես անդառնալի կորստյան տարի։ 2020 թվականին թվում էր՝ ավելի վատ տարի հայ ժողովրդի կյանքում չի եղել ու չի կարող լինել, բայց պարզվեց, որ ամեն հաջորդ տարին նախորդից ավելի վատն է, իսկ 2023-ը՝ այնքան ողբերգական, որ ահը սրտներումս ենք ճանապարհում` ոչ մի լավ բան չսպասելով հաջորդ տարվանից։ Երկիրը չունի զարգացման ու մեզ պատուհասած արհավիրքները հաղթահարելու հայեցակարգ, հայրենիքը սիրող եւ պետական շահն իր աթոռից գերադասող իշխանություն։ Տարածաշրջանը ոչ մի կերպ չի խաղաղվում, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, անգամ հայ-ռուսական հարաբերությունները մտել են փակուղի:
Թե ինչպիսին էր քաղաքական տարին, եւ ինչ սպասելիքներ ունեն պաշտոնյաները գալիք տարվանից, փորձեցինք լսել մի քանի կարծիք։ Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասում է՝ ամենավատ երազում չէր կարող նման բան տեսնել՝ Արցախն այլեւս արցախցիներինը չէ, ու իրենք բռնի տեղահանվել են Հայաստան․ «Նախ՝ 10 ամիս ձգվող շրջափակումը, որոնք մղձավանջային ամիսներ էին։ Ճիշտ է, մենք այդ մասին չենք խոսել, լացելու իմաստ չենք տեսել, բայց Արցախի հարցն այսպես անփառունակ չի կարելի փակել․․․ Արցախի կարող ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, նստեն, ուղիներ քննարկեն՝ նույն վերադարձի իրավունքի, կորցրած գույքի եւ այլնի մասին, որոնց միջազգային հանրությունը նույնպես անտարբեր չէ։ Իսկ ՀՀ իշխանությունները․․․ իրենք հիմա ուզում են 29.8-ը պահել անվտանգ, մենք խանգարե՞նք` մենք իրավունք չունենք․․․ Հին աշխարհակարգը փլվում է, եւ նորի ստեղծման ճանապարհին Արցախը հայտնվեց փլատակների տակ, հիմա այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ իշխանություններն աշխատանքներն այնպես են կազմակերպում, որ Հայաստանն էլ չհայտնվի փլատակների տակ»։ Գալիք տարվա հետ կապված՝ Թովմասյանը երազանքներ ունի․ «Արցախի հարցով լավ լուրեր լսենք՝ կլինի կարգավիճակի հարց, միջազգային մանդատի ներքո, մեր վերադարձի հարց, թե ռազմագերիների վերադարձի»։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների` Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի գերեվարումը Թովմասյանն ազգային ամոթ է համարում եւ հորդորում՝ միջազգային կառույցների հետ ինտենսիվ համագործակցությամբ ճնշել Ադրբեջանի իշխանություններին` օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին․ «Այդ մարդիկ ո՛չ ահաբեկիչներ են, ո՛չ անջատողականներ, նրանք դասական պատանդներ են»։ Թովմասյանը հիշեցնում է, որ քաղաքակիրթ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները, որ այսօր լռում են մեր պատանդների մասին, ժամանակին` բանակցային գործընթացների շրջանակներում մի սեղանի շուրջ են նստել նույն այդ ղեկավարների հետ, այցելել Արցախ․ «Մի՞թե այդ մարդիկ անջատողականների, ահաբեկիչների հետ են հանդիպել: Կամ՝ երբ այցելել են Արցախ, արդյո՞ք այդ ժամանակ մեր առաջնորդներն անջատողական էին։ Պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն՝ օր առաջ մեր գերիներին հետ վերադարձնելու համար, նրանց առաջադրվել են այնպիսի մեղադրանքներ, որոնք ցմահ բանտարկում են սպառնում, անգամ համաներման տակ չեն ընկնում, եւ միայն Ադրբեջանի առաջնորդի կողմից ներում կարող է շնորհվել»։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է Փաշինյանի ակնարկը, որ երրորդ հանրապետությանը հաշված ամիսներ են մնացել: Ասում է, որ Հայաստանը ծանր, դժվարին ժամանակներ է ապրում․ «Բայց ուզում եմ անեկդոտով տարին ամփոփել։ Մի մարդ մտնում է սրճարան եւ սկսում է բղավել՝ «բոլոր քաղաքական գործիչները դեգեներատ են»։ Սեղանից մեկը վեր է կենում եւ ասում, որ բառերիդ համար պատասխան ես տալու, գոռացողը հարցնում է՝ «ինչ է, դու քաղաքական գործի՞չ ես», ասում է՝ «չէ, ես դեգեներատ եմ»: Գուցե դաժան համեմատություն է, բայց այսօր մեր քաղաքական իրականությունն իջեցված է դեգրադացման, դեգեներատացման վերջին նիշին, մենք հասել ենք անդառնալիության կետին: Այո, Հայաստանում չկա իշխանություն, սա փաստ է, բայց Հայաստանում չկա նաեւ ընդդիմություն եւ իշխանություն-ընդդիմություն (նկատի ունեմ խորհրդարանական տիտուլային ընդդիմությանը, որովհետեւ այլ ընդդիմություն չկա)։ Այս հրաշալի զույգը շատ սահուն կերպով տեղավորվել է իրենց կոմֆորտում, եւ միասին սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կկարդա հրամանագիր Հայաստանի Հանրապետության լուծարման մասին, ինչպես դա սեպտեմբերին արեց Սամվել Շահրամանյանը»։
Զոհրաբյանի գնահատմամբ՝ անցնող տարին ռիսկային է Հայաստանի պետականության կորստի տեսանկյունից։ «Այս ապոկալիպսիսի հիմնական պատասխանատուն իշխանությունն է, նաեւ՝ այն ընդդիմությունը, որը չկարողացավ, իսկ իմ վստահ համոզմամբ՝ չցանկացավ դուրս գալ իր կոմֆորտի զոնայից, վտանգել Վահագնի թաղամասերում տարբեր ֆան-ֆան տյուլպանների անունով գրանցված իրենց ասաբնյակները, աստղաբաշխական կարողությունները, չցանկացան բռնել այս իշխանությունների ձեռքը։ Ես չգիտեմ՝ մենք այլեւս հնարավորություն կունենա՞նք այս տարածքում մեկ տարի անց խոսել սուվերեն Հայաստանի մասին, բայց, ինչպես Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, ֆիքսենք, որ երրորդ հանրապետությունը կարծես իր վերջին ամիսներն է ապրում, չգիտեմ՝ ինչպիսին կլինի չորրորդը, բայց չեմ կարծում, թե այս իշխանությունների օրոք մենք ունենալու ենք չորրորդ հայկական հանրապետություն»,- եզրափակեց Զոհրաբյանը։
«2023-ը մեր պատմության մեջ մնալու է Արցախի կորստի տարի, եւ դա այն ելակետն է, որից պետք է բխեցնենք մեր գործողությունները»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․ «Ցավոք, 2023-ի դեկտեմբերին հետ նայելով՝ մենք կարող ենք տեսնել, որ ոչ մի հաջողություն ազգային, ժողովրդական մակարդակում չունեցանք, այլեւ ավելի խորացրինք անվտանգային ճգնաժամը, ազգային խնդիրները, որն ունեինք նախորդ տարիներից, եւ Արցախը, որ հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել հայերով, հայաթափվեց։ Բայց ամենասարսափելին այն է, որ այս կործանարար ընթացքը չի կանգնել, ուստի 2024-ից միակ ակնկալիքս սթափությունն է, հույսը, որ այն երազանքը, որ հայ մարդն ունի՝ ապրի իր տանը ու լինի անվտանգ, կարողանանք իրականությանը մի քանի քայլ գոնե մոտեցնել»։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ուղղակի արձագանքեց, որ Արցախից հետո էլ ասելիք չկա, ասաց, որ Արցախի կորստից հետո «ամաչում է անգամ փողոց դուրս գալ»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում