Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղրը (Արարատ) նահանգն իր անունը ստացել է Արարատ լեռից, որը բազում լեգենդների աղբյուր է… Սակայն իր անվան անեծքի պատճառով է, թե ինչ՝ այն դեռ ցավոտ («աղրը» թուրքերենով ցավ է նշանակում- Ակունքի խմբ․) քաղաք է, իր անվան պես… Դա մի վայր է, որը շատ տնտեսական և սոցիալական հնարավորություններ չունի, որտեղ դեռևս գերիշխում է ֆեոդալական կառուցվածքը, բայց ունի բազմաթիվ գեղեցիկ վայրեր, հատկապես Իսհակ փաշայի պալատը, որը հեքիաթային բան է թվում…
Նոյի օրոք, ով հավատում էր միակ Աստծուն, կարգը խաթարվեց՝ մարդիկ շեղվեցին ճիշտ ճանապարհից և ապստամբեցին Աստծո դեմ: Աստված որոշեց պատժել նրանց: Նա Նոյին ասաց, որ նավ կառուցի՝ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և երեսուն ոտնաչափ բարձրությամբ: Մինչ Նոյը կառուցում էր նավը, բոլորը ծաղրում էին նրան և չէին հավատում իրենց գլխին գալիք աղետին։ Նավի շինարարությունն ավարտվեց։ Նոյն իր նավն առավ երկրի վրա գտնվող բոլոր կենդանի արարածներից՝ արու և էգ։ Նա բավականաչափ ուտելիք բեռնեց։ Ի վերջո նա էլ նստեց նավ՝ իր հետ առնելով իր ընտանիքին և իր հավատացյալ բարեկամներից մի քանիսին։ Այդ ընթացքում երկինքը պատռվեց։ Քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ տեղաց, աննախադեպ ջրհեղեղը սարերն ու քարերը ծովերի հետ միացրեց։ Մարդիկ, ովքեր արժանացել էին Աստծո զայրույթին, ոչնչացվեցին, փրկվեցին միայն նավի վրա գտնվողները: Նոյի տապանը հարյուր հիսուն օր լողում էր ջրերի վրա։ Դարձյալ աստվածային հրամանով ջրերը սկսեցին նահանջել։ Նավը հանգրվանեց Աղրը լեռներից Ջուդի բլրի վրա։ Նոյ մարգարեն բացեց պատուհանը և մի աղավնի բաց թողեց: Աղավնին վերադարձավ՝ չկարողանալով իջնելու տեղ գտնել։ Յոթ օր անց նա նորից բաց թողեց աղավնուն։ Այս անգամ աղավնին վերադարձավ նավ՝ ձիթենու ճյուղը բերանում։ Նոյը լքեց իր նավը և Աղրը լեռան ստորոտում գյուղ հիմնեց։ Մարդիկ և կենդանի արարածները բազմացան։
ՈՐՏԵ՞Ղ Է ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ
Սուրբ գրքերում նման լեգենդների գոյությունը պատմության ընթացքում վառ է պահել Աղրը լեռան նկատմամբ հետաքրքրությունը։ Շատերն, այս լեգենդի հետևից գնալով, որը հիշատակվում է նաև Գիլգամեշի շումերական էպոսներում, փնտրում են Նոյյան տապանի մնացորդները։ Անգամ պնդում են, որ Աղրը լեռան հարավային կողմում գտնվող Թելչեքեր և Ուզենգիլի գյուղերի միջև գտնվող ուրվագիծը Նոյան տապանն է։ Այս վայրի ժողովրդական անունը Ջուդի լեռ է… Կան նաև համոզմունքներ, որ Նոյյան տապանը գտնվում է Շըրնաքում գտնվող Ջուդի լեռան վրա, քանի որ «Cûdî» անունը հիշատակվում է ղուրանի Հուդ սուրահի քառասունչորսերորդ այաթում, Նոյի ջրհեղեղի մասին հատվածում։ Այնուամենայնիվ Աղրը լեռան գաղափարն ընդունող մարդիկ ավելի շատ են։ 1983 թ․ ի վեր Աղրըում սուրբ նավի մնացորդների որոնումն ինտենսիվացել է։ Իհարկե, կոնկրետ ապացույցներ չկան, բայց Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Անշարժ մշակութային և բնական ժառանգության Գերագույն խորհուրդը 1987 թ․ սեպտեմբերի 17-ի 3657 համարի որոշմամբ հայտարարել է, որ նավի զանգվածը «պահպանման կարիք ունեցող անշարժ մշակութային և բնական արժեք է» և այն հայտարարել է որպես բնական պահպանվող տարածք և թանգարան՝ բաց երկնքի տակ։ Կառուցվել է նաև ռեստորան, որտեղից թռչնի թռիչքի հեռավորությունից կարելի է տեսնել այս վայրը:
«ԱՂՐԸ ԼԵՌՆ ԻՄՆ Է, ՈՒԶԵՆԱՄ՝ ԿՎԱՃԱՌԵՄ»
Այսպիսով, Աղրը լեռը դարձել է հավատքի կենտրոն՝ առավելապես արտաքին տուրիզմի համար։ Իրականում լեգենդները չեն սահմանափակվում միայն Նոյյան տապանով։ Աղրը լեռը բազմաթիվ լեգենդների տեր է՝ սկսած Ադամի և Եվայի՝ դրախտից վտարվելուց առաջ (կամ հետո) այստեղ ապրելու պատմությունից մինչև Ասլիի և Քյարամի պատմությունը… Եվ իհարկե լեռնագնացների համար… Սակայն նրանք այս լեգենդների հետեւից չէ, որ եկել են, այլ Թուրքիայի ամենամեծ լեռան լեգենդար գեղեցկության: Ցանկության դեպքում կարող եք կարդալ Աղրը լեռան պատմության, արշավային ներկայիս տեղեկությունների ու լեռան վրա վեցամյա լեռնագնաց-օգնականի արկածների մասին գրածս հոդվածները։ Կամ թողնենք այս լուրջ հարցերը․ նայենք այս վերնագրով լուրերը՝ «Աղրըն վաճառում եմ 2 միլիարդ դոլարով։ Արվեստագետներին էլ է ընդգրկել»։
Այո՛, սխալ չեք կարդացել: Աղրըում Ահմեդ Աղրըլը անունով մի հողատեր պնդում է, որ Աղրը լեռը գնել է Առողջապահության նախկին նախարար Յաշար Էլմասի հորից՝ Սաբրի Ջեյլանից՝ այսօրվա արժեքով տասնչորս կիլոգրամ ոսկու դիմաց վաճառելով իր ոչխարների հոտերը, և ցույց է տալիս սեփականության վկայականը։ Այս լուրերը ժամանակ առ ժամանակ հայտնվում են, սակայն՝ ապարդյուն։ Քեմալ Սունալը չկարողացավ վաճառել Բոսֆորի կամուրջը, բայց եկեք տեսնենք՝ Աղրըն կվաճառվի՞։
ԱՐԱՐԱՏ, ՂԱՐԱՔԻԼԻՍԵ, ՂԱՐԱՔՅՈՇԵ
Արտերկրում Աղրը լեռն առավել հայտնի է «Արարատ» անունով։ Լեռը կարևոր տեղ ունի նաև հայոց պատմության մեջ ու մշակույթում։ Նրա հայկական անվանումը «Մասիս» է։ Քրդական անվանումը նշանակում է «Կրակե լեռ», որն առաջացել է քրդերեն «Çiyayê Agirî»-ն բառից։ Օսմանյան ժամանակաշրջանում Շոռբուլաղ նահանգի անունը հայկական ժամանակաշրջանում փոխվել է «Քարաքիլիսե»։ Քազըմ Քարաբեքիր փաշայի օրոք այն կոչվել է «Քարաքյոսե»։ Արարատը 1834-ին դարձել է գավառակ, 1869-ին՝ գավառ, իսկ 1927-ին՝ նահանգային կենտրոն։ Նահանգը ստացել է Աղրը անվանումը՝ 5137 մետր բարձրություն ունեցող Աղրը լեռան անունով։ Սակայն ուշագրավ է, որ երբ գնում ես Աղրը նահանգի կենտրոն, Աղրըն չես կարողանում տեսնել։ Եթե ցանկանում եք տեսնել լեռը՝ ձեր շփոթմունքը հաղթահարելուց հետո պետք է իննսուն կիլոմետր գնաք՝ դեպի Բայազետի գավառ։
«ԱՏԱՄՍ ՑԱՎԵՑ ՆԱՆԱՅ»
«Թուրքերեն լեզվի հանձնաժողովը» «ցավ» (թրք․՝ աղրը՝ Արարատի թուրքերեն անվանումը-Ակունքի խմբ․) հասկացությունը բացատրել է որպես «անհանգստության զգացում մարմնի որևէ մասում, որը առաջանում է նյարդային վերջավորությունների ուժեղ գրգռման հետևանքով»: Իհարկե, այն նաև «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանի նահանգներից մեկն» է, սակայն չի կարելի չսևեռվել առաջին սահմանման վրա։ Այնպես, որ մտքումս այս երգն է շարունակ հնչում.
«Կոշիկս լիքն ավազ է, դուրս թափելու բահ է պետք,
Խորոտիկ սիրածիս կողքին քնելու սիրտ է պետք,
Աման իմ գլխին, նանայ
Ատամիս ցավին, նանայ
Ինչքան խմեցի, նանայ։
Նանայ իմ գյուլյում, նանայ»։
Եթե Ekşi Sözlük-ում մտնեք «ցավ» վերնագիրը, ձեր կարդացածի կեսից ավելին այս անհարմար զգացողության մասին է… Բազմաթիվ բառախաղեր էլ կային, օրինակ՝ «Մի հարցրու, ինչ կա-չկա՝ բավականին աղրեցի եմ», «Անվան պես ցավոտ քաղաք է», «Աղրեցի լինելը ցավալի է», «Այդ ասված տեղը շատ ցավոտ է»։ Խաղիկներում այս բառախաղերն արդեն իսկ արտացոլված են.
Ցավի, ցավի միջումն,
Աղրը սարի միջումն
Իմ ցավին ձեռ մի տվեք
Գեղի տղոց միջումն։
Ի դեպ, մի հետաքրքիր փաստ էլ իմացա՝ «ցավ» բառն օգտագործվում է նաև ուղղություններով՝ «ցավով դաշտից տուն գնացի» ձևակերպմամբ։
ԱՇԻՐԵԹ ՈՒ ԳԱՂԹ
Եթե կարողանամ մտքիցս ջնջել այս երգը, կաշխատեմ վերադառնալ այն լուրջ թեմաներին, որոնք քիչ առաջ թողեցինք։ Իրանի սահմանին գտնվող այս նահանգի հարեւաններն են Կարսը, Իգդիրը, Էրզրումը, Մուշը, Բիթլիսը և Վան… Թուրքիայի էքստենսիվ գաղթող գավառներից է։ Բնակչությունը 2011 թ․ հասել է 555,479-ի և դրանից հետո շարունակել է նվազել։ Մինչդեռ 2021 թ․ 524 644 էր, 2022 թ․ տվյալներով՝ 510 626։ Համաձայն «Աղրը նահանգի սոցիալ-տնտեսական կառուցվածքի և կյանքի բավարարվածության հետազոտություն» վերնագրով ուսումնասիրության՝ տարածաշրջանի վրա ազդող միգրացիայի պատճառների թվում թվարկված են ահաբեկչական միջադեպերը, արյան վրեժը, անվտանգության նկատառումներով բնակավայրերի տարհանումը և սոցիալական ու տնտեսական որոշ այլ գործոններ: Աշիրեթային համակարգի և սովորույթների հասկացության վրա հիմնված ֆեոդալական կառույցը դեռևս գերիշխող է իր հզորությունը ցույց տալով նահանգի կենտրոնում։ Սովորույթները գործում են շատ հարցերում՝ ընտրություններում քվեարկությունից մինչև ընտանեկան հարաբերություններ, ամուսնության կանոններից մինչև կրթություն։ Բազմազավակ ընտանիքները հիմնականում համատեղ են ապրում։ Ցավոք սրտի, գրագիտության ցուցանիշները նույնպես ողբալի են։ Աղրըում գրագիտությունը կազմում է 68 տոկոս։ Տղամարդկանց համար այս ցուցանիշը կազմում է 82,7 տոկոս, իսկ կանանց մոտ՝ 52,3 տոկոս: Սա Թուրքիայում շատ հետ մնացած ցուցանիշ է։ Ութ տարվա անընդմեջ կրթությունը ծնեց տրանսպորտային համակարգը, սակայն գյուղական վայրերում շարունակում են լուրջ խնդիրներ առաջանալ։ Թեև նահանգում համալսարանի բացումը ճանապարհ է հարթել տարածաշրջանի երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալու, սակայն դրա բավարար լինելու հարցը քննարկման առարկա է: Ի դեպ, տեղական թերթից տեղեկացա, որ Աղրըն հայտնի ավանդույթ ունի, որը կոչվում է «բերքահավաքի ժամանակի կռիվներ»: Սկզբում կարծում էի, որ այդ լուրը մեջբերում է «Ցայտունգից», բայց այդպես չէր. «Ուրախ ենք, որ այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով, որն սկսվեց բերքահավաքի ժամանակ և հայտնի է որպես Աղրըում շատ ընտանիքների ողբերգություն, զոհեր և վիրավորներ չեղան»:
«ԼՍՈՂԸ ԿԿԱՐԾԻ ԹԵ ՓԱՐԻԶ Է»
Աղրըի մասին այպիսի մի ընդհանուր խոսակցություն կա․ Միջին Ասիայից եկող ցեղերի համար բազմաթիվ քաղաքակրթությունների թատերաբեմ է Անատոլիան անցուղի լինելով, այդ ցեղերը Արղրըն դիտել են որպես դարպաս, և չեն կարողացել այստեղ խոր արմատներ ունեցող քաղաքակրթություններ ստեղծել։ Ժողովրդի եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Արդյունաբերությունը նոր-նոր է զարգանում մանկան քայլերով: Անգամ «մանկան քայլեր» ասելը կարող է չափազանցություն լինել սոցիալական կյանքը նկարագրելու համար: Տեսեք, թե ինչ է ասել մեկը. «Աղրըի մասին պատմե՞մ։ Ծով չկա, բայց կարող ես խեղդվել»։ Ինչպես Անատոլիայի գրեթե բոլոր նահանգներում՝ կան մարդիկ, ովքեր այս վայրը անվանում են «Թուրքիայի ամենամեծ գյուղը»: Սրան ոչ ոք չարձագանքեց՝ այն «Արևելքի Փարիզ» անվանելով, սակայն Փարիզը կրկին հիշատակվեց մեկ այլ նախադասությամբ՝ «Հայերը, քրդերը, բոլորը պահանջում են [Արարատը]։ Լսողը կկարծի՝ Փարիզն է»:
ՆԱԽԱԳԻԾ, ՈՐ ԱՂՐԸՆ ԿՎԵՐԱԾՎԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
Անկեղծ ասած զարմացա և հետաքրքրվեցի, երբ նահանգապետարանի էջում տեսա «Այս նախագիծը Աղրըն կդարձնի գրավչության կենտրոն» վերնագիրը։ Կարծում էի, որ զբոսաշրջության հետ կապված ներդրումների կամ նախագծերի մասին կխոսեն, ինչպիսիք են թատրոնը, կինոն և այլն, բայց ստիպված էի ևս մեկ անգամ առերեսվել այն փաստի հետ, որ Թուրքիայում «քաղաքակրթությունը» չափվում է նրանով, թե այդ քաղաքում կան առևտրի կենտրոններ, թե ոչ։ Ահա այդ նախագծի մանրամասները. «Աղրըի նահանգապետարանի Հատուկ նահանգային վարչության և «İsra» հոլդինգի միջև ստորագրվել է արձանագրություն «Աղրը» առևտրի և կենցաղի կենտրոնի նախագծի համար: Խառը կոնցեպտով մշակված հսկա նախագիծը կհյուրընկալի աշխարհահռչակ բրենդների։ Նախագիծը՝ Առևտրի կենտրոնը, բաղկացած կլինի 2000 առանձնատներից, բնակելի շենքերից, գրասենյակներից, հյուրանոցներից և կլինիկաներից»:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԿԴԱՌՆԱ»
«Yeni Akit» թերթի «Աղրըում սոցիալական կյանքն ավելի է ակտիվանում» վերնագրով լուրը տպավորեց ինձ։ «Աղրըի համայնքապետարանը, որը շարունակում է նահանգում սոցիալական կյանքը ավելի երանգավորելու և աշխուժացնելու նախաձեռնությունները, վերջերս սկսել է անվճար ինտերնետ ծառայություն մատուցել»: Ասես Աղրըում սոցիալական կյանքը աշխույժ էր, որ հիմա էլ «ավելի աշխուժանա»։ Սա անցյալ տարվա նորությունն է, բայց քաղաքում մեծ տեղաշարժ չկա։ Ուրեմն, ի՞նչ են անում ընդհանուր առմամբ տաքարյուն աղրեցիները։ Անկեղծ ասած, քաղաքի կենտրոնում անելու շատ բան չկա: Կյանքը հիմնականում պտտվում է Ջումհուրիյեթ պողոտայի շուրջ։ Պողոտայում, որտեղ ժամանակին ինտերնետ-սրճարանների թվի աճ կար, կան խանութներ, դյուքաններ և մի քանի սրճարան։ Այստեղ երկու-երեք շրջապտույտից զատ, մյուս այլընտրանքը Էրզրումի բուլվարն ու նրա շրջակայքի Աղրը ազգային այգին է: Թաշլը-չայի երկու ափերին թեյարաններ կան։ Մեծ թաղամասերում սրճարանների և թեյարանների բնակչությունն ավելի մեծ է, քան կենտրոնում: Ավելի շատ ձանձրացողները մեկ օրով գնում են մոտակա նահանգներ, ինչպիսիք են Կարսը, Էրզրումը և Վանը: Ekşi Sözlük-ում «64kl» անունով օգտատեր գրել է․ «Այս քաղաքում կատարվող լավագույն զբաղմունքները ըստ հերթականության սրանք են»։ Երբ կարդացի առաջին նախադասությունը, մտածեցի՝ «Ըհը՜, ինֆո էկավ», բայց տեսեք, թե ինչ զբաղմունքներ են․
1․ Գնացեք օդանավակայան և լքեք քաղաքը,
2․ Ձեր փոխադրամիջոցով լքեք քաղաքը,
3․ Գնացեք ավտոկայան և լքեք քաղաքը,
4․ Եթե փող չունեք՝ վազելով լքեք քաղաքը,
5․ Եթե էներգիա չունեք՝ քայլելով լքեք քաղաքը։
ԵԹԵ ՕԴԸ -10ºC է, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՏԱՔ Է
Այժմ անհնար է գրել Աղրըի մասին և նրա ցրտին չանդրադառնալ։ Ձմեռները իսկապես խիստ են և դաժան: «Թուրքիայի Սիբիր», «Սիբիրյան Ինքնավար Հանրապետությունը» արտահայտությունները չափազանց տեղին են։ Պատկերացրեք մի քաղաք, ուր մարդիկ, որոնց թարթիչները, բեղերը և, ներողություն, անգամ մռութը սառել է, ուրախանում են, թե «շոգ է», երբ ջերմաստիճանը -10ºC է։ Համաձայն Աղրըի օդերևութաբանական կայանի վաթսունմեկ տարվա (1939-2000 թթ.) դիտումների տվյալների՝ օգոստոսին ջերմաստիճանը կարող է աճել մինչև 39,9ºC, իսկ հունվարին կարող է իջնել մինչև -45,6ºC: Տարվա մոտ մեկ երրորդը ձյունը մնում է գետնին։ Սակայն նման ռոմանտիկ ձյան պատկերներ մի երևակայեք: Ցրտահարությունը ժողովրդին թշվառացնում է։ Հատկապես եթե դուք սովոր չեք այս պայմաններին և քաղաք եք գնացել որպես պաշտոնյա կամ ուսանող՝ վա՛յ ձեզ։ Ուստի թույլ տվեք մի փոքր հուշում մեքենա ունեցողներին՝ փակ կայանատեղիով տուն վարձեք։ Այլապես այս քաղաքում անխուսափելի է քարշակ մեքենաների հետ բարեկամանալը։ Որ ձեր վերջն էլ «Շալվարի գործով» Շեներ Շենի նման չլինի։ Ի՞նչ նկատի ունեմ: Հետաքրքրասերները կարող են դիտել «Աղրըի որոշման անձնակազմ» տեսանյութը YouTube-ում։
Վերջապես, եկեք մի տեղեկություն էլ տանք և սկսենք մեր ճանապարհորդությունը։ Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի՝ «Վիճակդ ինչպե՞ս է», մի փորձեք նստել ու խոսել ձեր ֆինանսական վիճակի մասին։ Իրականում ուզում են հարցնել «Ինչպե՞ս ես»: Այս նահանգում «բարի օր»-ի փոխարեն ասում են՝ «գործերիդ հաջողություն»։
ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ ՉՏԵՂԱՎՈՐՎՈՂԸ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԲԱՅԱԶԵՏՈՒՄ
Ինչպես սկզբում ասացինք, եթե ցանկանում եք տեսնել Աղրը լեռը և Նոյան տապանը համարվող ուրվագիծը, պետք է մեկնեք Բայազետ, ուր գտնվում է Գյուրբուլաքի մաքսատունը։ Սակայն տեսնելու բաները դրանով չի սահմանափակվում։ Իսհակ փաշայի պալատը գտնվում է գավառից յոթ կիլոմետր հարավ-արևելք՝ հարթավայրին նայող բարձր բլրի վրա։
Պալատի շինարարությունը սկսվել է 1685 թ․ Չըլդըրի աթաբեկներից Չոլախ Աբդի փաշայի կողմից և ավարտվել 1784 թ․ (իննսունինը տարում)՝ նույն տոհմից Քյուչուք Իսհակ փաշայի օրոք։ Ասես հեքիաթից ելած անհավանական գեղեցիկ պալատի ճարտարապետները մեսխեթցի վարպետներ էին։ Հարեմից մինչև բանտ, բաղնիքից մինչև սպասավորների սենյակներ՝ պալատի համար անհրաժեշտ բոլոր բաժինները կան։
Ահմեդե Խանիի գերեզմանը, ով ճանապարհորդել է Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ․) շատ շրջաններով, սովորել է արաբերեն, հռետորաբանություն և կրոնական գիտություններ, հետաքրքրվել է աստղագիտությամբ և գրել է «Մամե ու Զինե» մեսնեւին, նույնպես գտնվում է Իսհակ փաշայի պալատի վերևում։
Ուրարտուի ամրոցը գտնվում է գավառից հինգ կիլոմետր դեպի արևելք՝ Բելեբուրչ կոչվող վայրում, Հին Բայազետից հյուսիս-արևելք։ Ժայռերի վրայի այս ամրոցի կառուցման թվականն անհայտ է։ Այսօր ավերակ վիճակում գտնվող ամրոցի ներսում կան ուրարտական դամբարաններ և հնագույն ժամանակների ճարտարապետական ավերակներ։ Ամրոցի միջնամասում կան քարայրներ և տաճարի ավերակներ՝ բաղկացած է երեք մասից։
ԵՐԿՐՆԱՔԱՐԻ ՓՈՍՈՒՄ ԵՐԿՆԱՔԱՐ ԿԱ՞
Հին Բայազետի մզկիթը, երկնաքարը, Սառցե քարանձավը և Տերտերի այգին, որտեղ, ինչպես ասում են, տեղի է ունեցել Քերեմի և Ասլիի պատմությունը, նույնպես գտնվում են Բայազետում, որոնք Աղրըի զբոսաշրջիկների համար առավել գրավիչ վայրերից են։
Ասում են, որ 1892 թ․ Գյուրբուլաղ մաքսատնից մոտ երկու կիլոմետր հյուսիս-արևելք մի մեծ երկնաքար ընկել է, և ծածկվել է հողի շերտով։ Սակայն նաև ասում են, որ դրանից ոչ մի կտոր չի մնացել․ այն ամբողջովին դուրս է բերվել Թուրքիայից։
Սառցե քարանձավը գտնվում է Հալլաչ գյուղի մոտ՝ Աղրը լեռան հարավային ստորոտին։ Բնական հուշարձան քարանձավ գտնվում է նույն լավայի թունելային համակարգի վրա, ինչ երկնաքարի փոսը։ Մոտ հարյուր մետր երկարությամբ, հիսուն մետր լայնությամբ և ութ մետր խորությամբ քարանձավի ներսում կարելի է տեսնել բազալտե լավա, ժայռեր և սառույցի շերտեր, որոնք գոյացել են այդ ժայռերի վրա մաքուր ջրի սառցակալումից: Քարանձավը, որը տեղացիներն անվանում են «սառնարան», բավարարում է շրջակա բնակավայրերի ջրի կարիքները։ Սառույցի կտորները, որոնք փայլում են բյուրեղների նման և փոխում գույնը լույսի ներքո, զարմացնում են մարդկանց: Քարանձավի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ ամռանը ցուրտ է, իսկ ձմռանը՝ շոգ։ Դռան վրա մշտական տաք և սառը օդի հոսք կա։
ՏԱՔ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԴԻԱԴԻՆԸ
Մեյայի (Գունբուլդու) քարանձավները տեսնելու համար անհրաժեշտ է գնալ Դիադին գավառ։ Քարանձավները անտիկ քաղաքի տեսք ունեն։ Ապաստարանները, տաճարները, պաշտամունքի վայրերը, ժայռերի մեջ փորված սենյակներն ու քարանձավները շատ հետաքրքիր են։ Այստեղից հայտնաբերված երկու խոյի արձանները գտնվում են Աղրը նահանգի կենտրոնում։
Դիադին գավառում, որը հայտնի է իր տաք աղբյուրներով, կարելի է տեսնել Դիյադդին, Յըլդըրըմ (Քոչո) գյուղը, Թոքլուջաք ամրոցները և Քուդրեթ կամուրջը։ Դիադին (Մուրադ) կիրճը, որով անցնում է Մուրադ գետը (Արածանին-Ակունքի խմբ․), հրաշալի տեսարան է փռում ձեր առջև։ Կիրճի շրջակայքը, որը կոչվում է «Արևելքի Իհլարա հովիտ» և հասնում է հիսուն մետր բարձրության՝ հիմնականում օգտագործվում է որպես հանգստի գոտի։
ԹԱՇԼԸՉԱՅ ԵՎ ԲԱԼԸՔ ԼԻՃ
Թաշլըչայ թաղամասում կան հետաքրքիր եկեղեցու ավերակներ։ Տեղի բնակիչները պատմում են, որ եկեղեցին, որտեղ, ինչպես պնդում են, գտնվել է նաև Նոյի գերեզմանը, կառուցվել է հայկական ժամանակաշրջանում, սակայն դրա քարերը հանվել են և օգտագործվել մզկիթի կառուցման համար։ Եթե գնաք, կտեսնեք միայն եկեղեցու հիմքը և երկու ջրհոր։ Բալըք լիճը, որը Աղրըի պարտադիր տեսարժան վայրերից է, Թաշլըչայից քսանվեց կիլոմետր հեռավորության վրա է։ 2241 մետր բարձրությամբ այն Թուրքիայի ամենաբարձր լճերից և թռչունների կարևոր կեցավայրեից մեկն է։ Նրա ամենախոր կետը երեսունյոթ մետր է, այն լավային լիճ է։ Այն ձեռք է բերել թռչունների կարևոր կեցավայրի կարգավիճակ՝ լճի վրա գտնվող կղզու թավշյա բադերի պոպուլյացիայով։ Աղրըի թռչունների մեկ այլ կեցավայր է Բայազետի գավառի և Աղրը լեռան միջև ընկած տարածքում երկու լճեր, և նրանց միջև ընկած ճահիճները։ Այդտեղ է գտնվում Թուրքիայի 100 ամենակարևոր թռչունների կեցավայրերից մեկը:
ԽՄՈՐՆ ՈՒ ԽՄՈՐԻ ԳՄԲԵԹԸ
Աղրըն ունի «Համուր» (թրք․՝ խմոր-Ակունքի խմբ․) կոչվող գավառ։ Չգիտես ինչու դա ինձ շատ համակրելի թվաց։ Գավառի Համուր քումբեթը (թրք․՝ խմորի գմբեթ-Ակունքի խմբ․) ևս նույնքան հմայիչ է: Քանի որ դրա արձանագրությունը ոչնչացվել է, հայտնի չէ, թե կոնկրետ ում կողմից և երբ է այն կառուցվել։
Համուրի Շոշիկ (Քարլըջա) գյուղում զառիթափ ժայռերի վրա կառուցված ամրոց կա, որի անունը Շոշիկ ամրոց է։ Ենթադրվում է, որ այն մնացել է Աքքոյունլուների ժամանակաշրջանից, բայց ինչպես դամբարանի, այնպես էլ այս ամրոցի մասին շատ տեղեկություններ չկան։ Շոշիկի ամրոցից երկու կիլոմետր դեպի արևելք գտնվող ամրոցը կոչվում է «Կույսի աշտարակ»։ Թութակ գավառում են Քան ամրոցի, Զենջիր ամրոցի և Քարագյոզի եկեղեցու ավերակները։ Ինչպես գիտեմ՝ Փաթնոսում և Ալաշկերտում, որտեղ գտնվում է Գյունեյքայա լեռնադահուկային կենտրոնը, չկան պատմական վայրեր, բայց եթե սխալվում եմ, կարող եք գրել ինձ։
ՅԱՅԼԱՆԵՐ
Ի դեպ, Աղրըի գավառներում յայլա գնալը ավանդույթ է, որը շարունակվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Յայլա գնալու ժամանակը որոշվում է համատեղ՝ գյուղապետի և գյուղխորհուրդների կողմից: Դա տատանվում է ըստ ձյան քանակի և ձյուն տեղալու կանխատեսումների: Ոչ ոք չի գնում յայլա մինչև սահմանված ժամկետը։ Նահանգի ամենակարևոր յայլաներն են Ալադաղլարը, Սինեքը և Աղրը լեռան ստորոտը։ Ինչպես Աղրը, Սիփան, Ալադաղ և Թոնդրակ լեռները, այս յայլաները ևս վերջին տարիներին սկսել են գրավել արշավականների ուշադրությունը։
ԱՂՐԵՑԻ ՄԵՏԱԼ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ՝ «ՔԱԲՈՒՍ»
Այս անգամ հոդվածս ուզում եմ ավարտել մետալ խմբի պատմությամբ։ Անմիջապես մի ասեք՝ «Ի՞նչ կապ ունի այս խումբը»․ այս խումբը աղրեցի է:
Kabus (թրք․՝ մղձավանջ-Ակունքի խմբ․) խումբը հիմնադրվել է Աղրըում 2007 թ․, Էմին Դեմիրի (բաս կիթառ) և Ադեմ Ալդեմիրի (հարվածային գործիքներ) կողմից։ Մինչև 2009 թ․ նրանք աշխատել են տարբեր կիթառահարների հետ, իսկ 2009 թ․ վերջին խումբը նոր շունչ է ստացել արմատներով իրանցի կիթառահար Օզան Դեմիրի միանալուց հետո։ Մնացածը լսենք հենց Էմին Դեմիրից. «Չնայած արևելյան տարածաշրջանի դժվարին պայմաններին, նա երբեք չի զիջել իր կոշտ դիրքորոշմամբ: Խումբը, որն իր անունը վերցրել է իրական կյանքում ունեցած մղձավանջներից, չհանձնվեց, չնայած բազմաթիվ անգամներ թակած դռները փակված էին նրանց երեսից, միշտ ավելի ուժեղ նվագելու ոգեշնչման աղբյուրը էին գտնում: Նրանց երաժշտությանը ոգեշնչել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Nevermore, Death, Arch Enemy: Այն միջավայրում, որտեղ նրանք հասունացել են՝ մշակութային հակամարտությունները մեծ ազդեցություն են թողել խմբի երաժշտության վրա: Խումբն իր երգերում փորձել է բացատրել կյանքի դժվարին պայմանների հոգեբանական ազդեցությունը։ Խումբը, որը սկսեց ձայնագրել ալբոմը, չնայած շրջապատի կողմից ստացած ճնշող արձագանքին, ստիպված եղավ իր առաջին երգն ավարտել դժվարություններով այն ստուդիական միջավայրում, որտեղ հաստատվել էր անհնարինության պատճառով։ Kabus-ի անդամները որոշեցին նկարահանել իրենց սեփական տեսահոլովակները, քանի որ դռները հերթով փակում էին նրանց դեմքին»:
https://www.gazeteduvar.com.tr/neyin-var-diye-sorma-yeterince-agriliyim-makale-1647273
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net