Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում և Հայաստանից դուրս տարածում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս պայմաններում ինչ խնդիր է դրված ՀՀ զինված ուժերի առջև, արդյոք Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման ուղղությունները նախանշված են, հաշվի առնված, ինչը, ըստ էության, ենթադրում է համապատասխան գործողություններ: Անվտանգությանը և բանակին առնչվող մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ, ով պարբերաբար լինում է առաջնագծում, մարտական հենակետերում:
– Զինված ուժերի առաջ դրված խնդիրը սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում, և այդ հարցը պետք է տրվի այն անձանց, որոնք դրա մշակման, կազմման ու ձևակերպման հարցում ներգրավվածություն ունեն: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե պետք է պարզ լինի բանակի խնդիրը՝ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելիությունն ու մեր քաղաքացիների անվտանգությունը, սակայն ձեր հարցադրումն առավել խորքային պատասխան է ենթադրում, որի պատասխանը չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակման ուղղություններին, ապա դա կախված է նրանից, թե Ադրբեջանն այդ հարձակմամբ ինչ խնդիր է ուզում լուծել և ըստ այդմ՝ պարզ կլինի, թե դա որ ուղղությունն է ենթադրում:
– Օրերս ֆեյսբուքյան գրառում էիք կատարել, որ հայկական 8 գյուղերի հանձնումը լրջագույն ռիսկեր է պարունակում: Ռազմական, քաղաքական, կոմունիկացիոն, տնտեսական ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնելու՝ հաշվի առնելով նաև զորքի հետքաշումը, դիրքային հատվածների հանձնումը:
– Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողություն ստանալ ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքների նկատմամբ, և այդ վերահսկողությունը լինելու է ոչ միայն հանձնվող տարածքների, այլև դրան սահմանակից հայկական բնակավայրերի նկատմամբ: Եթե նույնիսկ դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ ստորագրվի, ապա դա ՀՀ-ին որևէ երկարաժամկետ երաշխիք չի տալու: Շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը սեղմելու է այնքան, որքան դրա հնարավորությունն ունի կամ կտան:
– Սպաները Ձեզ հետ զրույցների ժամանակ այս ամենի մասին ի՞նչ են մտածում, սա չի՞ ազդում նրանց բարոյահոգեբանական և մարտական պատրաստակամության վրա: Այսինքն, դու կյանքի գնով պահում ես մի դիրք, որից վաղը կարող է հետ քաշվես:
– Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա: Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի:
– Ի դեպ, վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ և տեսանյութեր է տարածում, որտեղ գեներալներին, կորպուսի հրամանատարներին կանգնեցրել են, որպեսզի ատեստավորման գործընթացի շրջանակում հրապարակային քննություններ հանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։ Երեկ կրակային պատրաստության մակարդակն էին նրանց ստուգում, այսօր շարային անել են տալիս, և այս ամենը, որպեսզի հետո բարձր աշխատավարձ ստանան: Էլ չենք խոսում նրանց ատեստավորման հանձնաժողովի կազմի մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ սա ցուցիչ է՝ մարտի դաշտում հրամանատարն ու շարքային զինվորը հավասար են: Ի՞նչ է սա՝ պոպուլի՞զմ, դիտավորությո՞ւն, բանակի և նրա հեղինակության դեմ պետական հստակ քաղաքականությո՞ւն:
– Եթե խնդրին նայենք զուտ բովանդակային առումով, ապա չեմ կարծում, որ զինվորական բարձրագույն ղեկավարությունը պետք է ատեստացիա հանձնի և դրանով վաստակի իր բարձր աշխատավարձը: Ինչի դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը, որ բարձրացրել են՝ ատեստացիային են նայե՞լ, թե՞ ինչին: Թե՞ այդ կատեգորիայի խմբերն իրենց համար պատժիչ խմբեր են՝ ներքաղաքական հաշվեհարդարների գնալու համար: Երկրորդ, զինված ուժերում շատ կարևոր է, թե ով է կանգնած շարքի առաջ, որովհետև դրանից է կախված գործընթացի լրջությունն ու խնդրի կատարման արդյունավետությունը:
– Դուք Ձեր պատասխանում արդեն խոսեցիք ատեստավորման այս գործընթացի նպատակահարմարության մասին, ամեն դեպքում ատեստավորման այս գործընթացը հանգեցնելո՞ւ է բանակի մարտունակության բարձրացմանը, կամ, որ բանակում մնան գրագետ զինվորականները: Կարո՞ղ ենք նման բան ակնկալել: Օրինակ, հետախուզության պետը, ենթադրենք, շատ լավ վազեց և կրակեց, և՞… 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողվեցին փորձառու զինվորականները, որովհետև շարայինից լա՞վ չէին, թե՞… Ի՞նչ չափորոշիչներ և կարգ պիտի լինի, ի՞նչ չափորոշիչներ և կարգ կար նախկինում:
– Ատեստացիայի հետ կապված գործընթացի վերաբերյալ ունեմ մեծ վերապահումներ, որոնք 6-7 գրությունների միջոցով ներկայացրել եմ ՊՆ-ին, ԳՇ-ին: Այսօրվա կարգն օրվա անվտանգային իրողությունները չի սպասարկում: Սա կաշխատեր, եթե կայուն խաղաղության փուլում լինեինք կամ ժողովրդագրական առումով լուրջ խնդիրներ չլիներ: Հրատապության խնդիր կա, իսկ դա գոնե 3-5 տարվա կտրվածքով ենթադրում է ճգնաժամային միջոցառումների իրականացում: Այս տրամաբանությամբ, թեև բանակում որոշ խմբերի մոտ կարող է աշխատավարձերի էական բարձրացումներ լինել, սակայն դա զուգահեռ բերելու է մեծ թվով այլ խորքային խնդիրների: Ցավոք, շատ չեմ կարող փակագծեր բացել, բայց կան հարցեր, որտեղ իրավիճակը չափազանց վտանգավոր է:
– Գեներալները և հրամանատարները հրաման կատարող են, իրենք ի՞նչ պիտի անեին այս դեպքում, որովհետև միայն զգացմունքային ենք մոտենում հարցին, ասում ենք՝ ինչի են թույլ տալիս, պիտի չկանգնեին և այլն….
– Ովքեր կանգնած էին՝ առաջին անգամ չէին նույն կարգավիճակում, դա խնդրի այլ հարթություն է, բայց հարցերը շատ ավելին են, քան պատասխանները:
– Վստահ եմ, որ Դուք Ձեր դիտարկումները որպես պատգամավոր և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ՝ ներկայացնում եք ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին, դրանցից որևէ մեկը հաշվի առնվե՞լ է՝ կապված դիրքերի կահավորման, տարբեր օրենքների, ատեստավորման գործընթացի հետ, և այլն:
– Ատեստացիայի գործընթացի վերաբերյալ, այո, իմ դիրքորոշումը գրավոր ներկայացրել եմ, իսկ ՊՆ պատասխանից չափազանց դժգոհ եմ: Կան առանցքային հարցեր, որոնց պատասխաններն ընդհանրապես չեն բավարարում: Այդ հարցադրումների քաղաքական մասը՝ պարզ է ու բխում է գործող իշխանությունների քաղաքական վարքագծից, սակայն կան հարցեր, որոնք այլ հարթությունում են, սակայն դրանք էլ շատ հաճախ չեն բավարարվում:
– Ի դեպ, պարոն Աբրահամյան, ինչո՞ւ չեք մասնակցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերին, Անդրանիկ Քոչարյանը Ձեզ վաղուց չի տեսել:
– Իսկ Անդրանիկ Քոչարյա՞նն է չափանիշը, դա իր խնդիրն է, թող գնա իր հանձնարարականներով զբաղվի, թե չէ՝ մնացել է իրեն կամ իր ասածները մեկնաբանեմ:
– 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքները: Ըստ հրավիրյալների, բաց աղբյուրներում եղած տեղեկությունների, ի՞նչ զեկույց ենք ունենալու: Դուք կարողացե՞լ եք ծանոթանալ որևէ դռնփակ հարցաքննության՝ Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի, վերջերս նաև Արցախի նախագահին էին կանչել, այսօր՝ Սամվել Բաբայանին:
– Իսկ ի՞նչ զեկույց պետք է ակնկալել նիկոլփաշինյաններից, պարզ չէ՞, թե ի սկզբանե ինչի է ստեղծվել այդ հանձնաժողովն ու ինչ նպատակ է հետապնդում: Փակ նիստերի ձայնագրությունները դեռ պետք կգան, բայց հետո, երբ այս իշխանությունները չեն լինի, և 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ օբյեկտիվ քննություն կտարվի:
– Ընդդիմությունը որքանո՞վ է շահագրգիռ, որ բացահայտվեն 44-օրյա պատերազմի հանգամանքները, իր հնարավորության չափով ի՞նչ է անում, որ դրան նպաստի, իշխանություններն ասում են՝ կան քրեական գործեր: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել է, որ ընդդիմության օգնությունն է ակնկալում իր մեղադրական եզրակացությունը գրելու հարցում, քանի որ, երբ ինքը փորձում է գրել այն, փակուղու առաջ է կանգնում: Ինչո՞ւ ընդդիմությունը չի օգնում Փաշինյանին այս հարցում:
– Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու հանձնարականն իր թիմին տալուց, բնականաբար, արդեն գիտեր, թե ինչ է պետք և ոնց պետք է գրվի: Իսկ հանձնաժողով գնացող հյուրերի խոսքն ու ներկայությունը փաթեթավորումն է ապահովելու: Ինչ վերաբերում է պատերազմի հանգամանքների բացահայտմանը, ապա սրանով շահագրգռված է հասարակությունը, այն անհրաժեշտ է պետությանը, բայց ոչ այս կառավարության օրոք ու ոչ սրանց ձեռքերով:
– Վերադառնանք մերօրյա անվտանգային խնդիրներին: Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2024թ. բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում են»: Այսինքն, 2024թ. բյուջեով Պաշտպանության ծախսերը կկազմեն 555 միլիարդ դրամ՝ 2023թ. համեմատ 37,7 միլիարդ դրամով ավելի։ Մյուս կողմից, իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները, տևական ժամանակ է՝ գլուխ են գովում, որ 2020թ. պատերազմի, այսպես ասած, պայմանական ավարտից կամ սառեցումից 3 տարի հետո կարողացել են Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանավորվածություններ ձեռք բերել և ինչ-որ բան էլ արդեն Հայաստան հասցնել: Բանակի դիմադրողականության բարձրացման առումով սա բավարա՞ր է:
– Այն, որ պատերազմական ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սահմանադրությամբ Փաշինյանն է, արդեն ամեն ինչ պարզ է՝ անկախ նրանից, թե ռազմական բյուջեն որքան կլինի, կամ այն ինչքանով կիրականացվի: Հասարակության համար արդեն ակնհայտ է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ ապահովել ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը: Հետ գնացեք ու կարդացեք 2018 թվականից հետո գրված բյուջեները, այնտեղ դրված թվերն ու խրոխտ ելույթները, ո՞րն է դրա հետևանքը՝ Արցախի հանձնումը, ՀՀ մեծաթիվ հատվածների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, հազարավոր զոհերը: Արդյունք չկա ու չի լինի այնքան ժամանակ, քանի այս կառավարությունը որոշումներ կայացնելու հնարավորություն ունի:
– Հայաստանը և Ռուսաստանն ունեն միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիր, որքանով է այն գործում՝ այլ հարց է: Հիմա ֆրանսիական ՀՕՊ միջոցները հակասություն ստեղծելո՞ւ են:
– Ակնհայտ խնդիր կա, որի հիմքում ՌԴ-Արևմուտք կատաղի պայքարն է, իսկ մասնագիտական ու տեխնիկական խնդիրների քննարկումը երկրորդ պլան է անցել: