կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-28 13:40
Քաղաքական

Մենք պետք է պահանջենք ոչ թե կառավարության հրաժարականը, նրանից շատ բան կախված չէ. Վարդան Օսկանյան

Մենք պետք է պահանջենք ոչ թե կառավարության հրաժարականը, նրանից շատ բան կախված չէ. Վարդան Օսկանյան

Այսօր Սիսիանում մեկնարկեց երեք ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի կողմից կազմակերպված իրազեկման հանրահավաքը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Եկավ մի ժամանակ, երբ երեք ոչ իշխանական ուժերը, ձևավորելով միասնական օրակարգ, պետք է պահանջներ ներկայացնեին գործող իշխանություններին»:

 

Խորհրդարանական  երեք ուժերը բազմաթիվ այլ կուսակցությունների քաղաքական հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ ծավալեցին պայքար հանուն այդ խնդրների լուծման: Բազմաթիվ պահանջներին ավելացան նորերը: Սակայն, ըստ Ուրիխանյանի, փոփոխությունների  իրականացման փոխարեն  ժողովրդին պարտադրեցին կուտակային համակարգ, ԴԱՀԿ` առանց դատարանի  վճիռների հարկադիր կատարում, հիմա էլ պարտադրվում են սահմանադրական փոփոխություններ:


«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տալու է մեկնարկ այլընտրանքային փոփոխությունների, ժողովրդական ալիքն արդեն սկսված է»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:


ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ` ասելով. «Գտնվում ենք  ճակատագրական  փուլում, ուր որոշվում է ոչ թե մեր, այլ մեր երեխաների ու թոռների ճակատագիրը: Կա մարտահրավեր: Գործ ունենք մի կառավարության հետ,  մի իշխանության  հետ, որը բացարձակ հետամուտ չէ ժողովրդի խնդիրները լուծելուն: Այս իշխանությունները միայն իրենց անձնական  շահն են  հետապնդում: Մենք պահանջեցինք նախկին կառավարության հրաժարականը, և մենք հասանք այդ նպատակին միասնականության շնորհիվ: Իշխանությունները հասկացան, որ եթե դրան չգնան, կկորցնեն ավելին, գնացին այդ քայլին` մտածելով, որ կհանգստացնեն քաղաքական  ուժերին ու ժամանակ կշահեն: Մենք քննության դրեցինք նոր կառավարությանը՝ նրա առջև  դնելով տասներկու պահանջներ, ժամկետ ենք տվել մինչև այս ամսվա վերջը: Երկու-երեք օր է մնացել, բայց այս  պահի դրությամբ  կառավարությունը համարյա ոչ մի բան չի արել, այն, ինչ արել է, հակառակ արդյունքն  է տվել: Շրջանառության հարկը այնպիսի բյուրոկրատական ձևերով են արել, որ մարդիկ սկսել են բողոքել Երևանում»:


Նրա խոսքով՝ 12 պահանջներն այն պահանջներն էին, որոնք հնարավոր էր իրականացնել կարճ ժամանակում, որոնք  օրենսդրական  փոփոխություններ  չէին պահանջում, և որոնց իրականացման դեպքում ժողովրդի վիճակը մի քիչ կթեթևանար:


«Ոչ մի բան չի արվել, կառավարությունը չունի ցանկություն ու կարողություն, և կարծեք՝ մենք արդեն համոզվում ենք, որ նրանցից կախված չէ: Շատ ավելի այլ ուժեր կան, որ որոշ բաներ են թելադրում արդեն գործող կառավարությանը: Ինչ-որ մի պատնեշ է ստեղծվել, որը հնարավոր չի հաղթահարել: Եվ այստեղ մեր դերն է գալիս: Մենք պետք է ավելի մեծ խնդիր դնենք` ոչ թե կառավարության հրաժարականը, այլ երկրում խորքային և արմատական փոփոխությունների»,- ասաց Վարդան Օսկանյանը:

 

Նա հայտարարեց, որ ժողովուրդը չպետք է հավատա սահմանադրական փոփոխություններին, որովհետև իշխանության միակ նպատակը իշխանության վերարտադրվելն է: Ուստի, ըստ Վարդան Օսկանյանի,  կա երկու խնդիր, որը պետք է պարտադրել իշխանություններին` մեկը 12 կետերի իրականացումն է, մյուսը՝ սահմանադրական փոփոխություններից հետ կանգնելը: