Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
56 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:
Մինչև հուշահամալիրի հիմնական մաս հասնելը այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանց անուններն են՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Հեդվիգ Բյուլ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Կարեն Եփփե, Յակոբ Կյունցլեր, Բոդիլ Բյորն, Մարիա Յակոբսեն, Ալմա Յոհանսոն, Կլարա Բարտոն:
1988-1990 թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1990-1992 թթ. Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված հինգ ազատամարտիկ։
1995 թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հուշահամալիրում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան, քանդակագործ` Ֆերդինանդ Առաքելյան), որի տարածքային տեղադրությունը չի խախտում ճարտարապետական համալիրի ներդաշնակությունը։