կարևոր
6493 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-27 10:20
Իրավական

Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպանին

Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։

«Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։

Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։

ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։ Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում - իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից վերածվում են ծաղրանկարի»։