կարևոր
24745 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-26 12:39
Քաղաքական Տարածաշրջան

Դիտորդներ ուղարկելու Իրանի առաջարկը Հայաստանը դեռեւս անպատասխան է թողել

Դիտորդներ ուղարկելու Իրանի առաջարկը Հայաստանը դեռեւս անպատասխան է թողել

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին դեռ այս ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն էր հայտնել հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամությունը։

Ճշտելու համար, թե ինչպիսին է Հայաստանի ղեկավարության մոտեցումը այս հարցին եւ արդյոք այս առաջարկին ընթացք է տրվել, Yerkir.am-ը հարցում էր ուղղել կառավարությանը։ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգում տարբեր ոլորտներին առնչվող բազմաշերտ հարցեր են, որոնք պարբերաբար քննարկվում են իրանական կողմի հետ։

Նախարարությունը նաեւ հայտնել է, որ հստակ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում հանրությանը պատշաճ կիրազեկեն։

Հարկ է նշել, որ օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության դեպքում գործընթացը բավական արագ է եղել։ Այն արձագանքն էր Պրահայի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը։ Հանդիպումը տեղի էր ունեցել 2022-ի հոկտեմբերի 6-ին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկով՝ դիտորդական կարողություն ստեղծելու մասին որոշումն ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդն ընդունել էր հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի դիտորդները Հայաստանում էին։

Իրանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն իր համար «կարմիր գիծ» է, հիմա նաեւ հստակ առաջարկ է ներկայացրել, որը կարող է հավելյալ զսպիչ գործոն լինել Ադրբեջանի դեմ ու նպաստել մեր տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմանը։ Փաստացի Հայաստանից դեռ պատասխան չկա։ Պարզ չէ՝ Փաշինյանի իշխանությունը նախընտրում է Իրանի այս առաջարկն էլ անտեսել ու բավարարվել ԵՄ դիտորդներով, թե՞ այն թողնել հետագային, երբ կարող է շատ ուշ լինել։  

Մեղրի Ղուկասյան