կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-02 17:37
Աշխարհ

ՀՀ նախագահը դեռ 1 օր ունի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկը ՍԴ ուղարկելու, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված

ՀՀ նախագահը դեռ 1 օր ունի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկը ՍԴ ուղարկելու, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Եթե այդ 1 օրն էլ անցնի և նախագահը չուղարկի, Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, մանրամասնելով օրենքի ընթացակարգերը, նշեց, որ անկախ նրանից՝ ՀՀ նախագահը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ՍԴ ուղարկե՞լ է, թե՞ ոչ, ԳՇ պետին աշխատանքից ազատելու ընթացակարգի վրա դա չի ազդում։

«Այդ օրենքը ոչ մի առնչություն չունի վարչապետի միջնորդության հետ։ Այդ օրենքի ընթացքը, ճակատագիրը առկա վեճի հետ որևէ առնչություն չունի։ Վարչապետի առարկությունները ետ ուղարկելուց հետո նախագահը 3 օր ժամկետ ունի և եթե 3 օրվա ժամկետում չդիմի ՍԴ, ԳՇ պետը կհամարվի ազատված։ Ինչպես ինքն է ասում՝ «չեմ ստորագրում», դա հեքիաթ է, որովհետև էլ ոչ մեկը չի հարցնելու՝ ստորագրո՞ւմ ես, թե՞ ոչ, իրավունքի ուժով՝ վարչապետի միջնորդությունը ուժի մեջ է մտնում, ԳՇ պետը համարվում է աշխատանքից ազատված»,-ասաց սահմանադրագետը։

Նա, սակայն, չցանկացավ մեղավորության կանխավարկածով մոտենալ, քանի որ եռօրյա ժամկետին դեռ 1 օր կա՝ չորեքշաբթի օրն է լրանում, և դեռ աղոտ հույս է պահում, որ չորեքշաբթի նախագահը դիմի Սահմանադրական դատարան վարչապետի միջնորդության սահմանադրականության հարցով։

Մինչդեռ, մյուս օրենքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», որը նախագահն այսօր է ուղարկել ՍԴ, վերաբերում է պաշտոնից ազատման հիմքերին։ Թեև ՀՀ նախագահի հայտարարության մեջ գրված չէ, թե օրենքի ո՞ր դրույթի սահմանադրականությունը պետք է քննի ՍԴ-ն, բայց կա կարծիք, որ խոսքը 2018թ-ին կատարված լրացման մասին է, որը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։

Վարդան Այվազյանը նշում է, որ օրենքով սահմանված որևէ հիմք հիմա չկա, որով վարչապետը կարող էր ազատել ԳՇ պետին։

«Իսկ այդ անհեթեթությունը, որ բարձրագույն հրամանատարական կազմին կարելի է առանց հիմքի ազատել, այդ օրենքի փոփոխությամբ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնները դարձրել են քաղաքական պաշտոն»,-մեկնաբանեց նա։

Տեսականորեն, եթե անգամ ՍԴ-ն մի քանի ամիս հետո այս լրացումը հակասահմանադրական ճանաչի և որոշի, որ վարչապետն առանց օրենքում նշված հիմքերի չէր կարող ազատել ԳՇ պետին, գնացքն արդեն գնացած կլինի։

Իրավագետ Սիրանույշ Սահակյանը նշեց, որ եթե անգամ նշված օրենքը հակասահմանադրական ճանաչվի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու ակտը վերանայման ենթակա չի լինի, քանի որ վարչական ակտ է, այսինքն, Օնիկ Գասպարյանը, միևնույն է, չի վերականգնվի պաշտոնում։

«Սա տվել է բացարձակ հայեցողություն և բարձրագույն հրամանատարական կազմը պաշտպանված չէ կամայական որոշումներից»,-նշեց Սիրանույշ Սահակյանը։

Վարդան Այվազյանը ևս վստահ է, որ դա կլինի ժամանակավրեպ, դա չի օգնի, որ ԳՇ պետին աշխատանքից չազատեն։

«Եթե հիմա ազատեցին, ձերբակալեցին, գլուխը կերան, ի՞նչ իմաստ ունի։ Սա աչքին թոզ փչելու բան է»,-ասաց նա։

Այսպիսով, վարչապետը, նախագահի առարկությունները ստանալուց հետո կա՛մ պետք է նախագահի առարկությունները հաշվի առներ՝ վերացներ իր նշած հիմքերը, կա՛մ նորից պնդեր։ Հիմա վարչապետը նորից պնդել է ԳՇ պետին ազատելու առաջարկը՝ նախագահի առարկությունները հաշվի չի առել։ Նորից պնդելու դեպքում նախագահը կա՛մ պիտի դիմի ՍԴ, կա՛մ համաձայնի վարչապետի հետ։ Այսինքն, եթե չդիմի ՍԴ, ցանկացած գործողություն կամ անգործություն նշանակելու է, որ վարչապետի հետ նա համաձայն է և, իրավունքի ուժով, ուժի մեջ է մտնելու վարչապետի առաջարկությունը ԳՇ պետին ազատելու մասին։

Դեռ մեկ օր կա․ սպասենք, որ ՀՀ նախագահը ԳՇ պետին ազատելու վարչապետի առաջարկը ևս կուղարկի Սահմանադրական դատարան։

Աննա Բալյան