կարևոր
2353 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-21 11:09
Քաղաքական

Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին փրկելու և փլատակների վրա իշխելու ծրագիր է կյանքի կոչում․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին փրկելու և փլատակների վրա իշխելու ծրագիր է կյանքի կոչում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց երեկ տեղի ունեցած իրադարձությունները, որի ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն է, բեմադրիչը՝ Սամվել Բաբայանը, դեռ շատ ջուր են քաշելու։ Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, վաղ առավոտից մի խումբ արցախցիներ, առավելագույնը՝ 100 մարդ, Սամվել Բաբայանի ցուցումով հավաքվել էին ներկայացուցչության դիմաց եւ ագրեսիվ գործողություններ էին իրականացնում։ Մի քանիսը Սամվել Շահրամանյանից պահանջում էին՝ լուծել իրենց սոցիալական խնդիրները, մյուսները Շահրամանյանին մեղադրում էին Արցախի «լուծարման» որոշումն ընդունելու համար, երրորդներն էլ ԱՀ նախկին եւ ներկա իշխանություններին մեղադրում էին բյուջեն թալանելու եւ «մեշոկներով» փողը Հայաստան տեղափոխելու մեջ՝ պահանջելով այդ փողը տալ իրենց։ Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունեց բողոքավորների մի խմբի, նրանց լսելուց հետո դուրս եկավ եւ հավաքվածներին խնդրեց-հորդորեց՝ սադրանքների չգնալ, միեւնույն ժամանակ հասկացրեց, որ խնդիրների լուծման հասցեատերը ոչ թե ինքն է, այլ՝ ՀՀ իշխանությունները։ «Մենք պատրաստ ենք նաեւ ձեր հարցերը գույքագրենք ու ներկայացնենք համապատասխան տեղ: Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,- ասաց նա։ Տեղեկացրեց նաեւ․ «Արցախը լուծարված չէ, որեւէ մեկն այդ փաստաթուղթը չի տեսել, եւ այն չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը»։ 

Սակայն Շահրամանյանի հեռանալուց հետո անհասկանալի քաոս առաջացավ, ցուցարարները քաշքշեցին նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ Արայիկ Հարությունյանի մտերիմներից Կարեն Շահրամանյանին, հարվածներ հասցրին նրան։ Ուշագրավ է, որ այս ամենը կատարվում էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների աչքի առջեւ, որոնք ակնհայտ պասիվ կեցվածք էին ընդունել, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի, երբ «սամասուդ» են անում ակտիվ ցուցարարներին։
Այսպիսով ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ նման գործողություններով։ 

Սցենարը, մեծ հաշվով, պարզ է. նա փորձում է Արցախի հանձնման թեման իր վրայից գցել եւ դարձնել ներարցախյան «ռազբորկաների» հարց, մեկընդմիշտ փակել արցախցիների՝ Հայաստանում բողոքի ցույցեր անելու, իրեն մեղավոր հռչակելու եւ իր հրաժարականը պահանջելու թեման։ Սակայն գեներացվող գործընթացից սա միակ ակնկալիքը չէ, Սամվել Բաբայանը հենց այնպես՝ հանուն Նիկոլ Փաշինյանի, գլխացավանքի մեջ չէր ընկնի։ 

Կան տեղեկություններ, որ նա փորձում է հասնել Արցախի իշխանության վերջնական լուծարման։ Փորձում է հասնել նրան, որ Արցախի կառավարության փոխարեն ՀՀ իշխանությունը ստեղծի մի մարմին՝ փախստականների հարցերով զբաղվող, եւ ղեկավար նշանակի իրեն։ Եվ դրանով վերջապես իրականություն կդառնա Բաբայանի՝ արցախցիների նկատմամբ իշխանություն ունենալու երազանքը։ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի ըմբոստ իշխանությունների փոխարեն իր կողմից կառավարելի կառույց կստանա, որն արցախցիների համար դրսից ուղարկվող գումարները կծախսի։ 

Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին երեկ հարցրինք՝ որքանո՞վ է արդարացի արցախցիների բողոքի հասցեատերը, ի՞նչ են ուզում նրանք՝ ո՛չ բյուջե, ո՛չ ֆորմալ ինստիտուտներ ունեցող Արցախի իշխանության ներկայացուցիչներից։ «Ճիշտն ասած՝ ես ոչինչ չհասկացա, թե ինչ է կատարվում, հետեւաբար՝ չեմ կարող մեկնաբանել։ Ես այնտեղ էի, փորձեցի մի բան հասկանալ, բայց չհասկացա», -ասաց նա, ապա հավելեց․ «Արցախի իշխանություններն ասել են, որ պատասխանատվություն են ստանձնում Ղարաբաղի ժողովրդի համար, թող բարի լինեն՝ այստեղ էլ պատասխանատվություն ստանձնեն»։ Մեր դիտարկմանը, որ Արցախի հանձնման հիմքը դրվել է 1 տարի առաջ՝ Պրահայում, երբ Փաշինյանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում, Պետրոսյանն արձագանքեց․ «ՀՀ կառավարությունն այսօր արել է շատ ավելին, քան ի զորու էր, եւ շարունակում է անել։ Կան խնդիրներ, որոնց լուծումը երկկողմանի հանդիպումների, քննարկումների միջոցով է լինելու»։ Թերեւս ակնարկում էր, որ իր առաջնորդը՝ Սամվել Բաբայանը, կարող է այդ կողմը լինել։ Երբ հետաքրքրվեցինք, թե ասում են՝ Ս․ Բաբայանն է ուղղորդում ցուցարարներին, նա չպատասխանեց մեր հարցին։

Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ Բաբայանի կուսակցին կոչ է անում՝ չխուսափել պատասխանատվությունից․ «Իրենք են Արցախի իշխանության մաս կազմել, իրենք էլ պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար»։ Գալստյանի կարծիքով՝ արցախցիներն իրավունք ունեն իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնել, բայց եթե դրանք ուղղորդված են, ապա վատ հետեւանքներ են ունենալու։ Իսկ ո՞վ է խնդիրների լուծման իրական հասցեատերը։ Գալստյանը պատասխանեց, որ դա պետք է քննարկել ու հասկանալ․ «ՀՀ իշխանությունները որոշակի սոցիալական ծրագրեր են իրականացնում, եւ մենք հասկանում ենք, որ դրանք ֆինանսի հետ են կապված։ Զուգահեռ, մամուլում լուրեր կան, որ ԱՀ բյուջեն սառեցվել է, հիմա պետք է հասկանալ՝ ով եւ ինչու է սառեցրել, գուցե այն նպատակով, որ այդ աջակցությունը լինի կենտրոնացված։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանում ստանան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։