կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 16:03
Հասարակություն

Սպորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն. Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Հայաստանի տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Սպորտի զարգացումը ՀՀ համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք մշակում ենք  Հայաստանի՝ մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը, և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց երեկ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած մտքերը, այն է՝  Հայաստանը մինչև 2050 թ. պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, շախմատից նվաճի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր:

2019 թ. դեկտեմբերի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ «Տարվա լավագույն 10 մարզիկների» ընտրության մրցույթը, որտեղ 25 մարզիկներից ընտրեց 10 լավագույնը: Այդ մարզիկներն են՝

1.      Ալեքսանյան Արթուր             հունահռոմեական ըմբշամարտ

2.      Ալեքսանյան Ռուբեն              ծանրամարտ

3.      Ավետիսյան Արթուր              մարմնամարզություն

4.      Բաչկով Հովհաննես               բռնցքամարտ

5.      Գալստյան Սլավիկ                 հունահռոմեական ըմբշամարտ

6.      Կիրակոսյան Տիգրան            սամբո

7.      Հարությունյան Արսեն           ազատ ոճի ըմբշամարտ

8.      Մարտիրոսյան Սիմոն           ծանրամարտ

9.      Մինասյան Գոռ                        ծանրամարտ

10.    Մկրտչյան Հակոբ                    ծանրամարտ:

«Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ ձեր հաղթանակների շնորհիվ բարձրանում է հայոց պետական դրոշը, և հնչում է հայոց պետական հիմնը: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունըը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու և ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը:Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իր հետագա նպատակը 2020 թ. օլիմպիական չեմպիոնությունն է:

«Մարզիկների համար շատ կարևոր է ուշադրությունը, ավելի պարտավորեցնող է դարձնում և մոտիվացիա է մարզիկների համար, երբ զգում ես՝ երկիրը ուշադրություն է դարձնում քո նվաճումներին», - նշեց Ալեքսանյանը:

Նիկոլ Փաշինյանը, բացի 10 մարզիկներից, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։