կարևոր
6577 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-07 12:35
Քաղաքական

Նշաձողը մինչեւ հատակ իջեցրած իշխանությունը ո՞նց է «բարձրացնում» Հայ դատի ջահը

Նշաձողը մինչեւ հատակ իջեցրած իշխանությունը ո՞նց է «բարձրացնում» Հայ դատի ջահը

Դաշնակցության եւ Հայ դատի հանդեպ ատելությունը իշխանականները վերջին օրերին բուռն են դրսեւորում։

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարում է, որ Միջազգային քրեական դատարանը ՀՅԴ Հայ դատի գրասենյակների մրցակիցն է, որովհետեւ հարց է ծագում՝ եթե Հայաստանն ինքը հավաքագրի ապացույցներ որպես պետություն եւ դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը։ Նրա թիմաից Հակոբ Ասլանյանն ասում է՝ այդ գրասենյակները պետք է փակվեն, քանի որ վերանում է դրանց անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի ստեղծած պետությունը ինքը պետք է ձայն բարձրացնի ու տեր կանգնի հայ ժողովրդի խնդիրներին։

Արցախյան հիմնահարցի վառ օրինակով՝ դժվար չէ պատկերացնել, որ նշաձողը մինչեւ հատակ իջեցրած իշխանությունը ոնց է  «բարձրացնելու» ազգային մյուս կարեւոր հարցերն ու ոնց է  «պաշտպանելու» հայ ժողովրդի իրավունքները։ Նույն այն Փաշինյանից, որ հայտարարում է՝ Հայ դատը երբեք չի եղել Հայաստանի քաղաքականությունն ու ամբողջ բեռը թողնում է Սփյուռքի վրա՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ Սփյուռքն է եղել, ակնկալել, որ հետամուտ կլինի Հայ դատին, պարզամտություն կլինի։

Պարզամտություն է նաեւ՝ հավատալ, որ այս թեզերը ՔՊ-ի ներկայացուցիչները հենց այնպես են արտաբերում։ Հինգ տարվա փորձը ցույց է տվել, որ նրանք ամեն գնով փորձում են կյանքի  կոչել իրենց մտադրությունները։ 

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեծ ջանքերին զուգընթաց, գործող վարչախումբը փորձում է «մեղմել» 20-րդ դարի ամենամեծ ոճրագործության երանգներն ու հային համոզել հրաժարվել սեփական իրավունքներից։

Հայացք գցելով պետական բյուջեից մշակութային միջոցառումներին հատկացված գումարների ցուցակին՝ պարզ է դառնում, որ Սնուփ Դոգի համերգի համար 2 միլիարդ դրամից ավել գումար հատկացրած կառավարությունը, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգին այս տարի հատկացրել է ընդամենը 7 մլն 428 հազար դրամ։ Մինչդեռ նախորդ տարվա նախագծի համար նախատեսված է եղել 36 մլն 951 հազար դրամ։

ԿԳՄՍ նախարարության կայքում հնարավոր չեղավ գտնել 2023-ի համերգի կամ նույնանման միջոցառման մասին որեւիցե տեղեկություն։ 7 միլիոն դրամով կազմակերպված համերգից համացանցում մի նկար անգամ չկա, մինչդեռ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2022-ի նախագծի մանրամասները հասանելի են նախարարության կայքում։

Որակ ապահովելու եւ լավ բովանդակություն ստանալու համար, մեծ գումարներ հատկացնելն իհարկե, պարտադիր չէ։ Նույն 2022-ի ծրագրերի շրջանակում, որին հատկացվել է մոտ 37 մլն դրամ, ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է գիտաժողով՝ քննարկելու 21-րդ դարում Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները։ Եռօրյա գիտաժողովի բացմանը, այն ժամանակ դեռ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ քննարկումը թույլ կտա ավելի պարզ պատկերացնել Ցեղասպանության թեման դասավանդելու լավագույն ռազմավարությունները՝ մեր առջեւ այսօր կանգնած մարտահրավերների պայմաններում։ Իսկ թե այս տարի պատմության դասագրքերը ինչ փոփոխությունների են ենթարկվել եւ նախարարությունը ինչպիսի ծավալուն աշխատանք է իրականացրել՝ Yerkir.am-ը կանդրադառնա ավելի ուշ։

Մեղրի Ղուկասյան