Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարևոր երկրում դեսպան», և այլն։
Իրականում Մակունցի նշանակման մեջ խայտառակ ու անսովոր ոչինչ չկա։ Դա ոչ թե խայտառակություն է, այլ խիստ օրինաչափ քայլ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղեցնել՝ վարչապետի, Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի, Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետի, Սարգսյան անունով կոկորդիլոսասերը՝ ինչ-որ մարզպետի պաշտոն, ու այդպես շարունակ․․․ ապա շատ օրինաչափ է, որ դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող Մակունցը զբաղեցնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Մակունցին դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է անում՝ արդարության հաստատման գործում։
Իսկ արդարությունն այն է, որ, եթե Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնները կարող են զբաղեցվել հակահայկական ու հակապետական էլեմենտների կողմից, ապա նույն սկզբունքը պետք է կիրառվի բոլոր ուղղություններում ու բոլոր մակարդակներով։ Այսինքն՝ նշաձողը պետք է իջեցվի մինչև հնարավոր նվազագույնը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Որովհետև ազնիվ չէ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դեսպան է աշխատում որևէ փորձառու դիվանագետ։ Բոլորի նշաձողը պետք է հասցվի Նիկոլ Փաշինյանի նշաձողին, այսինքն՝ մարդկային ու քաղաքական անկման ամենացածր կետին։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլից հետո թվում է, թե դա է անկման ստորին կետը, բայց ոչ, ամեն հաջորդ գործողությամբ նա ցույց է տալիս, որ դեռ կա դեգրադացիայի նոր, ավելի խոր աստիճան։ Իսկ դեգրադացիան, բարոյազրկումն իրենց էությամբ անսահմանություն ենթադրող վիճակներ են, հետևաբար՝ մենք առաջիկայում դեռ ականատես ենք լինելու նորանոր անկումների։
Դրանց պայմանական վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը, որին իր ամեն մի նոր գործողությամբ ավելի է մոտենում Նիկոլ Փաշինյանը։ Մակունցի նշանակումն այդ ճանապարհի կարևոր, բայց փոքր քայլ է։ Նիկոլ Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլևս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն՝ հայկական պետականության կազմաքանդումն ու կործանումը։ Նա առայժմ հաջողություններ է արձանագրում իր այդ առաքելության իրականացման ճանապարհին։ Այդ հաջողությունների թվում են նաև հենց այսպիսի իրողությունները, երբ հասարակության քիչ թե շատ ակտիվ զանգվածին հնարավոր է դառնում շեղել Մակունցի նշանակման նման փոքր իրադարձություններով։
Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կարողանում է նաև հաջողությամբ կառավարել տեղեկատվական հոսքերը։ Մակունցի նշանակման մասին լուրը բավական էր Արարատ Միրզոյանի անձի շուրջ ծավալված գործակալական սկանդալը մոռացության մատնելու կամ հետին պլան մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն այլևս իրեն ամուր է զգում այնքան ու այնպես, որ կարողանում է քաղաքական օրակարգ ձևավորել ու թելադրել։ Խնդիրը հենց դա է, և ոչ թե ուսապարկերից ոչ թե՝ շարքայինին, այլ հատկապես ոսկեզօծ շղթաներովին դեսպան նշանակելու հարցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: