կարևոր
4132 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 17:45
Քաղաքական

«Զանգեզուրյան միջանցք»ի իրանյան այլընտրանքի առաջարկով Անկարան դուրս է մղում Մոսկվային

«Զանգեզուրյան միջանցք»ի իրանյան այլընտրանքի առաջարկով Անկարան դուրս է մղում Մոսկվային

Թուրքիայի նախագահը Նախիջևանից վերադառնալու ճանապարհին անդրադարձել է «զանգեզուրյան միջանցք»ին և ասել, որ եթե Հայաստանը չմասնակցի միջանցքը կլինի Իրանի միջոցով։ «Սա կարո՞ղ է մեկնաբանվել որ Անկարան հրաժարվում է «զանգեզուրյան միջանցք»ի ծրագրից»։ «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Դուք ճիշդ նշեցիք, որ հայտարարությունն արվել է Նախիջևանից վերադարձին, որտեղ հանդիպում էին Էրդողանն ու Ալիևը։ Այս հանդիպումը Շուշիի հռչակագրի հիմնադրույթներին ընդառաջ պետք է ընկալել և հանդիպման վայրը այս դեպքում նշանակություն ունի։ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ծրագիրն է հանդիպման առանցքային օրակարգը։Արցախի հարցը լուծելուց հետո թուրքևադրբեջանական դաշինքը անցել է հրատապ երկրորդ կետին՝ միջանցքին։

Միջանքը կամ ճանապարհը, ցանկացած կարգավիճակով, կարող է բացվել եթե գլխավոր խաղացողների՝ Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ-ի միջև համաձայնությունը կայանա։ Նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետը Նախիջևան-Ադրբեջան հաղորդուղու մասին էր, որը մնաց առկախ։ Սա ենթադրում է որ չկար տարածաշրջանային համաձայնություն այն գործարկելու։

Անկարան և Բաքուն անընդմեջ արծարծում էին միջանցքի առաջադրանքը։ Չմոռանանք, որ Էրդողանի այս հայտարարությանը նախորդել էր ՌԴ-Իրան նախագահների հաղորդակցությունը։

Էրդողանի այս հայտարարությունը ըստ էության ՌԴ-ի շրջանցումն է։ ՌԴ-ի վերահսկողությամբ միջանցքի փոխարինումն է Իրանի ճամբով։Սա գուցե Իրանի և Թուրքիայի գործարքն է ՌԴ-ի դուրս մղման հետեվանքով։

Բնականաբար Իրանի ճանապարհով գործարկելի ճանապարհը արտատարածքային չի լինելու։ Անկարան չի ունենալու իր վերահսկողությամբ միջանցք, որը իրեն կհասցնի մինչև փոքր Ասիա։ Էրդողանի ասած տարբերակով Իրանը կվերահսկի տարածաշրջանի կարեվորագույն ճանապարհներից մեկը։

Այս բոլորով հանդերձ, Էրդողանի հայտարարությունը չի կարելի ընդունել իբրև միանշանակ հրաժարում «զանգեզուրյան միջանցք»ից։ Սա կարող է նկատվել խուսանավում Անկարա- Մոսկվա- Թեհրան հարաբերությունների պարունակում։ «Զանգեզուրյան միջանցք»ի ձևակերպումը կշարունակվի հնչել և պահանջվել Անկարայի և Բաքվի պաշտոնական հայտարարություններում։