կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 13:31
Աշխարհ

Տարածաշրջանային նոր գլուխկոտրուկ. Անկարան և Թեհրանը ստիպում են Մոսկվային` ընտրություն անել

Տարածաշրջանային նոր գլուխկոտրուկ. Անկարան և Թեհրանը ստիպում են Մոսկվային` ընտրություն անել

Մերձավոր Արևելքում` Թուրքիա-Իրաք-Սիրիա եռանկյունում, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, Իրաքի նախկին արտգործնախարար Հոշիյար Զիբարիի կարծիքով, «կարող են շատ լուրջ աշխարհաքաղաքական զարգացում ունենալ»: «Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «հանկարծ» հայտարարել է, որ Անկարան դարձյալ մտադիր է ռազմական գործողությունների անցնել սիրիական Իդլիբ նահանգում»,- ըստ yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած իր հոդվածում նշում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը և հավելում, որ այդպիսի որոշման պատճառները թուրքական իշխանությունները բացատրում են ընդհանուր խոսքերով, թե անհրաժեշտ է պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք սպառնալիք են Թուրքիայի անվտանգության համար` լինի երկրի ներսում, թե` սահմաններից դուրս:

Խնդիրն այն է, որ Իդլիբի հարցում գոյություն ունեն ռուս-թուրքական պայմանավորվածություններ` ձեռք բերված բարձր մակարդակով` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Մինչև վերջերս Սիրիայի այդ մասում իրականացվում էր ռազմավարական կարևոր նշանակության M4 ավտոճանապարհի համատեղ պարեկություն, որի երկայնքով ստեղծվել էր «անվտանգության միջանցք»: Այդ պատճառով Անկարայի գործողությունները, ըստ Տարասովի, ընկալվում են որպես յուրատեսակ շանտաժ` ուղղված Մոսկվային, պատրաստակամություն` նույնիսկ խզել սիրիական հակամարտության ապաէսկալացիայի մասին պայմանավորվածությունները:

«Ի՞նչն է դրդում Թուրքիայի ղեկավարությանը` գնալ այդպիսի գործողությունների, հանելուկ է, թեև գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ, կարծես, ինչ-որ պայմաններ է առաջադրել Ռուսաստանին Իդլիբի հարցով, որոնք չեն ընդունվել:

Նման դատողությունների հանգեցնում են հետյալ հանգամանքները: Նախօրեին Անկարան  խոշորամասշտաբ «Վագրի ճանկ» գործողությունն է սկսել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ջոկատների դեմ: Այդպիսի գործողությու ններ Թուրքիան իրականացնում էր նախկինում ևս, սակայն ներկայումս, ըստ քրդական կայքերի, թուրքական ներխուժումը ստացել է Իրանի աջակցությունը, որն իր տարածքից հրետակոծել է Իրաքի հյուսիսը: Փաստ է դառնում, որ Իրանն ու Թուրքիան ավելի շատ են կոորդինացնում իրենց քաղաքականությունը: Դեռևս` քրդական ուղղությամբ, բայց Մերձավոր Արևելքով զբաղվող բազմաթիվ  փորձագետներ կարծում են, որ Անկարան շուտով կարող է դառնալ երկրորդ Թեհրանը տարածաշրջանում, և նրանք Մերձավոր Արևելքում` Եմենից մինչև Սիրիա, սկսելու են մերձենալ տարբեր հարցերում:

Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Իրանը և  Թուրքիան Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի մասնակից են, թեև ՔԱԿ-ի դեմ դաշինքը կոչում են «նոր քաղաքականություն»: Ընդ որում` Անկարան պնդում է, որ թուրքական պետությունն իրավունք ունի գործողություն իրականացնելու հյուսիսային Իրաքում, «եթե կենտրոնական իրաքյան կառավարությունն ի վիճակի չէ արմատախիլ անել Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիքը»: Մինչդեռ Իրաքի նոր վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է, որ Բաղդադը չի հանդուրժի սպառնալիքներ իր ինքնիշխանությանը և ոչ ոքի թույլ չի տա սպառնալ, որ կոչնչացնի երկիրը: Ասեկոսեներ են պտտվում, թե Անկարան համաձայնել է, որ Իրանն աջակցի շիա հութի ապստամբներին, որոնք Եմենում կռվում են Սաուդյան Արաբիայի դեմ, թե համաձայնեցնում է Թեհրանի հետ իր գործողությունները Աֆրիկայի երկրներում` Սահարայից հարավ, թե «Իրաքից հետո» արդեն Լիբիայում իրանցիները պատրաստ են աջակցություն ցուցաբերել թուրքերին»,- գրում է Տարասովը:

Վերլուծաբանի կարծիքով` հարկ է ընդունել, որ նման դասավորության պայմաններում Թուրքիայի և Իրանի համար ընդլայնվում են աշխարհաքաղաքական մանևրների հորիզոնները, հատկապես` եթե նրանք, փորձագետներից մեկի խոսքով, «իրականում սկսեն կիսել թշնամությունը Իսրայելի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ և երկուսին էլ դուր գան Քաթարն ու ՀԱՄԱՍ-ը»: Իրանը կսկսի օգնել Թուրքիային` ոչնչացնել ՔԱԿ-ը` Իրանում քուրդ այլախոհներին ճնշելու դիմաց, իսկ Թեհրանն Անկարայից աջակցությունը կստանա պատժամիջոցների հարցում:

Արդյունքում` Մերձավոր Արևելքում ձևավորում է տարածաշրջանային նոր գլուխկոտրուկ: Սաուդյան Արաբիան կոշտ քննադատել է Թուրքիային ու Իրանին` Իրաքում ագրեսիայի համար` նրանց գործողությունները որակելով «անթույլատրելի միջամտություն արաբական երկրի գործերին»: Այլ արաբական երկրներ բացասական են գնահատել Անկարայի քաղաքականությունը Սիրիայում և Լիբիայում: Համապատասխան հայտարարություն է արել Արաբական պետությունների լիգան:

Ինտրիգն, ըստ վերլուծաբանի, այն է, որ  տարաձայնությունների և հիմնախնդիրների կծիկը ստեղծվում է ոչ թե Արևմուտք-իսլամական աշխարհ հատվածում, այլ իսլամական աշխարհի ներսում` նախադրյալներ ստեղծելով գոյություն ունեցող ճգնաժամը խոշոր տարածաշրջանային հակամարտության վերածելու համար: Մինչ արաբական երկրները դեռևս զգուշավոր կեցվածք են ցուցաբերում, Թուրքիան և Իրանը գործում են, մարտահրավերներ նետում և իրապես ազդում Մերձավոր Արևելքում ուժերի դասավորության վրա:

«Մինչ օրս Թեհրանի ու Անկարայի մասին խոսում էին որպես երկրների, որոնք Ռուսաստանի հետ ձևավորել են դաշինք, որը սահմանում է Սիրիայում իրադրության զարգացումը: Սակայն ներկայումս Մոսկվան ստիպված կլինի ավելի լայն ընտրություն կատարել»,- եզրակացնում է ռուսաստանցի վերլուծաբանը: