կարևոր
2635 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-25 18:10
Քաղաքական

Մեզ չեն հայրենազրկում ուղղակի, մեր մեջ պայքարն են արժեզրկում, կռիվը, կյանքը ու անձնազոհությունը․ Տաթևիկ Հայրապետյան

Մեզ չեն հայրենազրկում ուղղակի, մեր մեջ պայքարն են արժեզրկում, կռիվը, կյանքը ու անձնազոհությունը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախի մասին նորմալ, ոչ էմոցիանալ վերլուծություն գրելը բարդացել է: Ինչ վտանգավոր կանխատեսում ունեի ու երազում էի սխալ դուրս գալ, եղավ: Հիմա էլ ակնհայտ, բոլորի աչքի տեղի է ունենում տանջված, քայքայված, հայրենիք կորցրած հայերի տեղահանման ու էթնիկ զտման գործընթացը: Բայց քանի որ ոչ մեկին՝ ոչ ՀՀ–ին, ոչ ՌԴ–ին, ոչ էլ Արևմուտքին ձեռնտու չի ասել, որ եղավ էթնիկ զտում, դրա համար էլ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր չեն վաստակի համապատասխան պիտակը: Որևէ փաստավավերագրում չեղավ միջազգայինների կողմից, որևէ օտարերկրյա լրագրող չմտավ Արցախ, որևէ հումանիտար կառույց չարձանագրեց եղածը, մի քանի ռուս խաղաղապահ էին կադրեր նկարել ադրբեջանական վայրագության, դրանց էլ սպանեցին, արագ ցավակցեցին, թեման փակվեց:
Մնում է Աստծուն փառք տալ ողջ մնացածների համար, գրկաբաց ընդունել Հայաստանում, փորձել օգնել ու հասնել մարդկանց:

Բայց ինձ համար ակնհայտ է, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենում ոչ միայն ՌԴ–ի օգնությամբ, այլև հենց Արևմուտքի՝ մեղմ ասած՝ անգործությամբ: Սեպտեմբերի 19–ից հինգ օր առաջ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը ԱՄՆ սենատում կազմակերպված լսումների ժամանակ ասում էր, որ իրենք խստորեն նախազգուշացրել են Բաքվին, որ չգնա ռազմական գործողությունների: Այն ժամանակ նշել էի, որ նման զգուշացումների վրա Ալիևը թքած ունի: Ինչպե՞ս կարող է ես դա հասկանամ, իսկ ԱՄՆ որոշում կայացնողները չհասկանան, չի կարող դա լինել: Բոլորը շատ լավ գիտեին սպասվող զարգացումների մասին, բայց բոլորը կամա թե ակամա Ալիևի թելն էին թելում:

Մինչ հայկական կողմերին կոչեր էին անում նոր զիջումների գնալ, որի դիմաց իբրև պիտի բացվի Լաչինի միջանցքը, Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի: Ադրբեջանի գործելաոճը պարզ է՝ իմիտացնել բանակցային գործընթաց, պատրաստվել կռվի, հարձակվել, իրավիճակ փոխել գետնի վրա ու հետո ասել, դե հիմա կբանակցենք այս կետից: Բոլորն էլ դա շատ լավ հասկացել են, Ալիևն իր բերանով ասում է՝ «պատերազմն եղել է իմ կյանքի առաքելություն...», բայց բոլորը նշված դիկտատորի հետ «խաղաղության պայմանագիր» են խաղում՝ մեր կյանքների, արժանապատվության, հայրենիքի, կռվի ու զոհողության հաշվին:

Ինչի՞ եմ սա ասում, որ պատրանքներ չլինեն դրսի որևէ ուժի նկատմամբ, որովհետև այսօր Արևմուտքն ու ՌԴ–ն կռիվ են տալիս, թե ով ավելի սերտ հարաբերություններ կունենա Թուրքիայի, նաև Ադրբեջանի հետ, իրենք էլ դրանից մաքսիմալ օգուտ են քաղում: Պետք չի այլոց ճշման ներքո զիջել սեփական իրավունքներն այն հույսով, թե իբրև դա կկանխի պատերազմը: Պատերազմը բառերով չեն կանխում կամ զիջումներով, այն էլ Ադրբեջանի դեպքում, դա կանխում են քայլերով, պատրաստվելով՝ թե՛ ռազմական, թե՛ դինավագիտական, թե՛ հոգեբանական ու տեղեկատվական առումներով: Իսկ մեզ մոտ իշխանությունները երևակայական ներքին դևերի դեմ են պայքարում՝ զբաղված պահելով մեր ժողովրդին:

Ինձ համար ամենածանրը տեսնելն է, որ այս փուլում ու հենց հիմա բոլոր կողմերից սպանում ու արժեզրկում են պայքարը հայ ժողովրդի մեջ ու հայ ժողովրդի համար: Ու դա արվում է Սյունիքի դեմ հստակ ու ծրագրված կերպով նախապատրաստվող ագրեսիայի նախօրեին: Մեզ չեն հայրենազրկում ուղղակի, մեր մեջ պայքարն են արժեզրկում, կռիվը, կյանքը ու անձնազոհությունը...Բայց ինչ–որ տեղից ուժ գտնել է պետք, երևի մոտավորապես նենց, ոնց որ Նժդեհը գտավ՝ վճռական մենակի հոգեբանությամբ...»։