Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։
«Դժվար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքյալներին ներշնչման, հավատի, սիրո և մարդասիրության բացարձակ օրինակ ծառայած երկնավոր Վարդապետն այսպես միանգամից, հարություն առնելուց հետո վերանում է երկինք, և նրանք այլևս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստվածային խոսքերը։ Բայց Հիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։
Որտե՞ղ պիտի փնտրեին ու գտնեին առաքյալները Հիսուսին։ Բոլոր այն վայրերում, որտեղ կար Հիսուսի ոտնահետքը, որտեղ Հիսուսի հիշողությունները պահպանվում էին առաքյալների մտքի մեջ․ Ձիթենյաց լեռան ստորոտում էր, որ Հիսուս արտասվեց, քրտնեց և աղոթեց մարդու փրկության համար, Բեթանիայում էր, որ Հիսուս հարություն տվեց իր բարեկամին՝ Ղազարոսին, և արտասվեց մարդու մահվան համար, Երուսաղեմ քաղաքում էր, որ Նա վերջին ընթրիքը հաստատեց և Իր մարմինն ու արյունը բաշխեց առաքյալներին, ի վերջո Գողգոթայում էր, որտեղ Նա խաչ բարձրացավ, մահացավ և հարություն առավ մարդու փրկության համար։ Այդ բոլոր վայրերը սրբացան հենց համբարձման պահին, որովհետև հենց այդ պահին, երբ Հիսուս օրհնեց իր աշակերտներին և նրանց ասաց նշանավոր այդ խոսքերը, նրանք անմիջապես մտաբերեցին, որ այլևս Հիսուս ոչ թե իրենց հետ երկրի վրա քայլելու է, այլ մեկընդմիշտ փոխելու է իրենց կյանքը։ Մնացյալ բոլոր տարիներն առաքյալները ապրելու են Հիսուսի համբարձումից հետո, լինելու է այլևս նրանց գործելու ժամանակը, Հիսուսի ներկայությունը մարդկանց կյանքի մեջ բերելու ժամանակը», - նշեց պատարագիչ Հայր Սուրբը:
Հայր Շահեն ընդգծեց, որ Համբարձման տոնը հենց Հիսուսի ոտնահետքերի մասին հիշողությունն է ամենքիս համար և աշակերտների նման բոլորին օրհնելով՝ նույն բառերն ասել․ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։
Պատարագիչ Հայր Սուրբը խոսեց նաև օրվա մեկ այլ նվիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությանը:
«Տասնհինգերորդ դարում տեղի ունեցած այս իրողությունը պատմական է ոչ թե այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին և օրինական վայրը, այլ նրանով, որ պատմության դառն փորձությունների մեջ, երկար դարեր տևած դեգերումներից հետո ի վերջո Լուսավորչի տեսիլքը մեկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը։ Այդ իմաստով, այսօր ամենքիս՝ Սուրբ Էջմիածնի զավակների, միաբանների և ողջ հայության տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգևոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը հոգևոր իմաստով ծնել և մկրտել է հայ ժողովրդին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում։ Եթե մենք կամենում ենք համբուրել այդ ոտնահետքը, բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջև, եթե կամենում ենք տեսնել, զգալ և շոշափել Հիսուսի իրական ներկայությունը հայոց հողի վրա, ապա ամենքս մեր հայացքը պետք է հառենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ինչքան էլ, որ հայ քրիստոնեական քաղաքակրթական միտքը զարգանա, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելին, որովհետև Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրա և երկինք երկնքի մեջ», - ասաց Հայր Շահեն՝ հորդորելով ամենքին աղոթել, որ Տերն անսասան պահի Հայկազյան Աթոռը՝ առողջություն և երկար տարիների գահակալություն պարգևելով նրա ազգընտիր գահակալին:
Քարոզից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավետ շենացման համար: