Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանն ու Գեղամ Մանուկյանը գիշերը եղել են «Զվարթնոց» օդանավակայանում հերթական ահազանգի հետքերով։ Պարզվել է` արգելվել է հերթական հայ մարդու մուտքը Հայաստան։ ԱՄՆ քաղաքացի, լիբանանահայ, ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ Արենի Մարկոսյանին գիշերվա դրությամբ արդեն 12 ժամից ավելի թույլ չեն տալիս մտնել երկիր։
Արենին ասում է, որ անձնագիրը վերցրել են ու 4,5 ժամ սպասեցրել: Աղջիկը կատարվածի մասին տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց այս պահին որեւէ նորություն չկա: Արենի Մարկոսյանն ասում է, երբ ամեն անգամ հարցրել է, թե ինչու է մնացել օդանավակայանում, ինչ պատճառով թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, իրեն կամ չեն պատասխանել, կամ ասել են՝ չգիտենք: Համապատասխան ծառայության աշխատակիցներից մեկն էլ, ըստ Արենիի, ծիծաղելով ասել է. «Չգիտե՞ս, որ այս գիշեր այստեղ ես լուսացնելու»:
Արենի Մարկոսյանը տարակուսած է . «Կարծես թե իմ հոս մնալս խնդալիք բան մըն է, կամ կատակ է»:
Կատարվածի մասին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն իր գործընկեր ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ եղել է օդանավակայանում ու փորձել պարզել պատճառը։ Իսկ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է․ «Մինչ այս իշխանությունները հերթական ինչ որ «համահայկական» երիտասարդական համաժողովի անվան տակ, ադրբեջանապաշտ ու Արցախն ուրացող բանախոսներով հավաքն էին կազմակերպում, Հայրենիք հերթական դաշնակցական նվիրյալ երիտասարդի մուտքն են արգելել: Արդեն ամիսներ շարունակ առանց ընդհանուր հրամանատար մնացած սահմանապահները երկու հոդաբաշխ բառով չէին կարողանում բացատրել մեր հայրենակցուհու մուտքի արգելքի պատճառը…»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղը հունիսին Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու» դավաճանական հայտարարությունից հետո Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա էր կազմակերպել՝ դատապարտելով ՀՀ իշխանությունների հակահայկական գործելաոճը։