կարևոր
3253 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 18:18
Աշխարհ

Ադրբեջանը Հնդկաստանից պահանջում է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Ադրբեջանը Հնդկաստանից պահանջում է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է AzerTAc պետական լրատվական գործակալությունը։

Հաջիևը խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:

«Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այս համատեքստում վերջին օրերին մամուլում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխման լուսանկարների և տեսանյութերի տարածումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի համար»,- նշված է գործակալության հրապարակման մեջ։

Հաջիևն ընդգծել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:

Նա շեշտել է, որ դա խոչընդոտում է «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։

Դեսպանն իր հերթին խոստացել է ադրբեջանական կողմի բարձրացրած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը։