կարևոր
3544 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-20 23:48
Հասարակություն

Քննիչը բացահայտել է Նաիրի Հոխիկյանի հանդեպ իրականացված գաղտնի հետապնդումները

Քննիչը բացահայտել է Նաիրի Հոխիկյանի հանդեպ իրականացված գաղտնի հետապնդումները

ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Սևակ Խաչատրյանը պատահաբար թե մտածված բացահայտել է Նաիրի Հոխիկյանի նկատմամբ պետական մակարդակով իրականացված գաղտնի հետապնդումները։ Մասնավորապես՝ քննիչը 2023թ․ ապրիլի 14-ին հարցում է ուղարկել ոստիկանություն, թե արդյո՞ք այդ կառույցը «սեփական նախաձեռնությամբ ՕՀՄ անցկացրել է» Նաիրի Հոխիկյանի նկատմամբ։ (Փաստաթուղթը՝ կից նկարում 1)

ՕՀՄ-ն օպերատիվ հետախուզական միջոցառումն է՝ գաղտնալսում, գաղտնի հետևել, գաղտնի նկարահանել տունը, աշխատավայրը, լրտեսներ ու գործակալներ ներդնել մարդու շրջապատում և այլն։

Ըստ ՕՀՄ մասին ՀՀ օրենքի Հոդված 38-ի՝ Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն ․․․ որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:

Քննիչի ապրիլի 14-ի հարցման մեջ նշված է «սեփական նախաձեռնություն» ձևակերպումը, սակայն անհայտ է, թե ով և ինչու է սեփական նախաձեռնությամբ որոշել գաղտնալսել, ներքին կամ արտաքին դիտում իրականացնել ՀՀ քաղաքացու, հանրային, քաղաքական գործչի կամ լրագրողի նկատմամբ։

Ամեն դեպքում, քննիչի այդ հարցմանը 3 օր անց՝ ապրիլի 17-ին շտապել է պատասխանել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը՝ նշելով, որ «ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները դադարեցվել են»։ Թե ինչ ՕՀՄ են իրականացրել ոստիկանները, ինչ ժամկետներում և ինչի համար, ոստիկանության փոխգնդապետը չի նշել։ (Փաստաթուղթը՝ կից նկարում 2)

Ըստ ՕՀՄ մասին ՀՀ օրենքի Հոդված 39-ի՝ Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող 2 ամսից ավելի լինել: ․․․ արտաքին դիտում օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել: ․․․ օպերատիվ-հետախուզական միջոցառումը նույն անձի նկատմամբ նույն անձի կողմից տրված նույն հայտարարության հիման վրա կարող է իրականացվել միայն մեկ անգամ:

Փաստ է, որ դեռևս 2021թ․ նոյեմբերի 20-ին Գորիս քաղաքում գործընկերներիս հետ բացահայտել ենք իմ տեղաշարժին հետևող որոշ մարմինների աշխատողների, հավանաբար ԱԱԾ-ի կամ ոստիկանության։ Կա նկարահանում, երբ ես մոտենում եմ իբրև թե գաղտնի հետևող մեքենային, «հմուտ օպերները» անմիջապես փախուստի են դիմում իրենց մեքենայով հանդերձ։

Դրանից հետո ևս մի շարք դեպքեր են եղել Նաիրի Հոխիկյանի տեղաշարժի, գործընկերների, խոսակցությունների ու պայմանավորվածությունների մասին տեղեկություններ հավաքելու առումով, եղել են տեղեկատվության արտահոսքեր։

2021-ի նոյեմբերից մինչև 2023թ․ ապրիլ անցել է առնվազն 17 ամիս՝ 1 տարի 5 ամիս։ Իսկ դա հստակ խախտում է ՕՀՄ մասին օրենքի 39-րդ հոդվածը։

Թե քանի անգամ են ՀՀ իշխանությունները ՕՀՄ իրականացրել Նաիրի Հոխիկյանի նկատմամբ և ինչպես են խախտել օրենքները, այլ թեմա է։ ՕՀՄ մասին ՀՀ օրենքի հոդված 32-ը և 34-ը սահմանում են, որ հեռախոսային խոսակցությունները և ընդհանրապես՝ ներքին դիտումը (գաղտնի տեսանկարահանում տանը, աշխատավայրում և այլն) թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։

Այս պահի դրությամբ հաստատված տեղեկություններ չունենք, որ գաղտնալսել են կամ տանը, աշխատավայրում գաղտնալսող կամ նկարող սարք (жучек) դրել։

2023թ․ մայիսի 15-ին Նաիրի Հոխիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Վիրաբյանը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ մանրամասներ պահանջելով իրականացված և բացահայտված ՕՀՄ -ի մասին։ Հունիսի 21-ի պատասխանում ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը նշել է․ «ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները դադարեցվել են վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ, իսկ մինչ այդ արդյունքներ չեն ստացվել, այդ իսկ պատճառով տվյալներ չեն տրամադրվել»։ (Փաստաթուղթը՝ կից նկարում 3)

Ավելի պարզ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ ոչինչ չեն կարողացել գտնել։

Ստացվում է՝ ՕՀՄ իրականացվել է սեփական (անհայտ մեկի) նախաձեռնությամբ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է իրականացվել, արդյունքներ չեն եղել և դադարեցրել են Քննչական կոմիտեի քննիչի հանձնարարությամբ։

Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ դադարեցվել են գաղտնի հետևելու և իրենց գործակալների միջոցով իմ մասին տեղեկություններ հավաքելու գործողությունները, մանավանդ որ գաղտնալսումը պետք է լինի միայն դատարանի որոշմամբ, իսկ քանի որ չկա նման որոշում, ապա չի բացառվում, որ հեռախոսային բոլոր հնարավոր գաղտնալսումները պետք է թաքուն պահեն և դրանց մասին տեղեկություններ չտրամադրեն նաև քննչական մարմիններին։

Հետագայում բոլոր այս հանգամանքները կուսումնասիրվեն և կոնկրետ մարդիկ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ես ինքս մտահոգվելու ոչինչ չունեմ, մանավանդ որ հեռախոսային խոսակցությունների ժամանակ պայմանական մայորին միշտ «սյունյաց ողջույններ» եմ հղում։

Նույնպիսի «սյունյաց ողջույններ» նաև նրանց, ովքեր այս բացահայտումներից հետո կվախենան իշխանություններից ու պատճառներ կփնտրեն Նաիրի Հոխիկյանից խուսափելու համար։ Սա լավ առիթ է նաև նման մարդկանց դեմքը բացահայտելու և շրջապատը մաքրելու համար։

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ