Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերոսությունը արդյո՞ք կանխամտածված գործողության արդյունք է: Անշուշտ, ո՛չ: Պահի տակ կայացրած որոշումն ու իրականացած սխրանքը կարելի է գնահատել որպես գիտակցված, բայց ոչ կանխամտածված գործողություն: Դա գիտակցված գործողությունների շարք է և իր մեջ պարունակում է գաղափարական լիցք, որը դառնում է բնական հակազդեցություն՝ պահի թելադրանք: Հերոսը երբեք չի մտածում, որ իր արարքը հանգցնելու է հերոսության:
Ազգերի պատմության հերոսական դրվագները ևս նույն տրամաբանությամբ են կերտվում: Երբ բովանդակ մի ազգ հանուն նպատակի դիմադրում է ու վճռակամություն ցուցաբերում, կերտվում է ազգային հերոսական դրվագ, որը գնահատվում է պատմության էջերում և դառնում ինքնության ու դաստիարակչական փարոս:
Այս օրերին Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ մեծով ու փոքրով, երիտասարդով ու տարեցով կերտում են հայ ազգի պատմության հերոսական էջերից մեկը:
Պայքարի ու տոկունության պահին պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր անհատ պատասխանատու է և հանձնառություն ունի հայ ժողովրդի պատմության հերոսական էջեր արձանագրելու առաքելության մեջ:
Մեր պայքարը իրավունքի համար է, հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, զարգանալու և ստեղծագործելու համար: Այս ուղին միակ ելքն է հայրենի հողի վրա ապրելու և հարատևելու համար, որը շարունակությունն է մեր պապերի՝ տարբեր ժամանակահատվածներում ձեռք բերած հաղթանակների, ձեռքբերումների, նվաճումների պահպանման և դրանց զարգացման:
Դիմադրության այս ծանր օրերին պետք է իրողություն դառնա բոլորի սեփականությունն ու գիտակցության սևեռակետը՝ «իրավունքը մնում է քոնը, քանի դեռ ինքնակամ չես հանձնել»: Իսկ երբ թուլակամության, ընկրկման հետևանքով այդ իրավունքն է «հանձնվում», այլևս տերը չես ոչ միայն դու, այլև հաջորդ սերունդներն են զրկվում այդ իրավունքին տեր լինելու հնարավորությունից:
Հայրենիքում ապրելու, զարգանալու և ստեղծագործելու իրավունքը համամարդկային արժեք է: Այդ իրավունքի պահպանումն ու իրացումը ոչ թե միայն մեր, մեր սերունդների ազգային պարտքն ու առաքելությունն է, այլ նաև համամարդկային, քաղաքակրթության արժեքների պահպանման ու ամրագրման գործընթացը:
Արցախը լծված է այդ գործընթացում իր լուման ներդնելով: Յուրաքանչյուր անհատ, դպրոց հաճախող մանուկ ու իր սեփական ուժերով հողին կառչած՝ իր և իր ընտանիքի կարիքները հոգացող գյուղացի տատիկն ու պապիկը այսօր անմասն չեն պայքարի դրոշը կրելու պատվից ու բարոյական պարտքից:
«Ապառաժ»-ի խմբագրական
30 հունիսի, 2023թ.