կարևոր
3778 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-24 17:13
Քաղաքական

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից․ Արմեն Գևորգյան

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է.

«Պարո'ն նախագահ,

Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»:

Ժողովրդավարական Եվրոպայի բազմաթիվ կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի եւ քաղաքական շրջանակների ակնհայտ անգործության պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բավական բացահայտ կերպով եւ գրեթե ամեն օր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնք քաղաքացիական կյանքն այնտեղ անհնար են դարձնում: Այսօր Լեռնային Ղարաբաղում 120.000 հայեր դե ֆակտո մեկուսացված են քաղաքակիրթ աշխարհից եւ կանգնած են բնաջնջման վտանգի առաջ:

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից: Լեռնային Ղարաբաղում հայերի պատմական ժառանգությունը հիրավի ողջ մարդկության եւ քրիստոնեական, եվրոպական քաղաքակրթության հարուստություններից է, այնպես չէ՞: Ավելին, իմ ժողովրդի այլ նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Գալուստ Գյուլբենկյանը, Ջորջիո Արմանին, Վենետիկի եւ Վիեննայի հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանությունը եւ շատ ուրիշներ այլուր ստեղծել եւ շարունակում են ստեղծել ժառանգություն, որը պատկանում է Եվրոպային: Նրանք համոզված էին, որ Եվրոպան, որը ժամանակին դարձել էր իրենց նոր հայրենիքը, քայլեր կձեռնարկի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ: Եվրոպայում հումանիտար նոր աղետից խուսափելու համար մենք պետք է վստահ լինենք, որ Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է միջազգային համայնքում. այդպես այս ժողովրդի ժառանգությունն ազգերի առավել լայն համայնքի հարստությունը կդառնա:

Պարո'ն նախագահ,

Թույլ տվեք առաջ քաշել այս բանաձեւին եւ առաջարկություններին կողմ քվեարկելու երկու հիմնական պատճառ: Նախ` այն հստակ կերպով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի 170-օրյա անմարդկային շրջափակումը եւ կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Երկրորդ` հանձնարարականում հաշվի են առնվում հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության կիրառած անընդունելի բառամթերքն ու հռետորաբանությունը, ինչը, հուսով եմ` Նախարարների կոմիտեն կունկնդրի:

Հարգելի' գործընկերներ,

Բոլորին է հայտնի, թե Ադրբեջանի պատվիրակությունն այսօրվա բանավեճը տապալելու համար որքան ջանք գործադրեց: Նրանք ապաստան են փնտրում այս կազմակերպությունում` ձախողելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Չնայած միջազգային դատարանի երկու վճիռներին` շրջափակումը դեռ շարունակվում է: Տարիներ շարունակ մենք ներկայացնում էինք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ հայերի նկատմամբ ատելություն ու խտրականություն տարածել: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ մեր կազմակերպությունը խուսափի փաստացի ոչ ստույգ եւ պատմականորեն անհավաստի պնդումներից, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, իսկ այս տարածաշրջանի ապագան` որպես նրա ներքին գործը:

Հարգելի' գործընկերներ,

Հազարամյակներ շարունակ հայերը պահպանում են իրենց ազգային արժանապատվությունն ու ինքնությունը: Մենք ականատես ենք եղել բազմաթիվ այլ կայսրությունների եւ էթնոսների կործանմանը: Այս անգամ էլ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են իմ ժողովրդի առջեւ: Հուսով եմ` նաեւ ձեր աջակցությամբ»: