կարևոր
2818 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 17:34
Հասարակություն

1915-ը վերապրելու մի արտասովոր պատմություն. Միշել Թարիք էլ Դունյա

1915-ը վերապրելու մի արտասովոր պատմություն. Միշել Թարիք էլ Դունյա

Ֆերիդ Յուհաննա Թեքբաշ

1915 թ աքսորվածների ու զոհվածների անունից եմ գրում։ Այս ընտանեկան դառը պատմությունը վաղուց էի ուզում գրի առնել։ Անկախ նրանից, թե մենք Անթաքիայի ուղղափառ ենք, հայ, ասորի, հրեա, քաղդեացի, հույն, եզդի, ալևի թե սուննի, մենք կորցրել ենք մեր ժողովրդին, մեր ընտանիքներին, և կիսում ենք ընդհանուր ցավը: Նման ցավին դիմանալ կարողանալու համար հարկավոր է, որ մենք բոլորս կիսենք այս ցավն առանց նախապաշարմունքների: Երբեք թույլ մի տվեք, որ այս տառապանքը վերածվի ատելության: Այս պահին ուզում եմ հիշել Հիսուս Քրիստոսի խոսքերը Ղուկաս 6։27–ում՝ «Սիրեցե՛ք բոլոր մարդկանց, անգամ ձեր թշնամիներին»։

Պապս՝ Միշել Թարըք էլ Դունյան, ծնվել է 1887 թ․՝ ինը երեխայով ընտանիքում, ներկայիս Սամանդաղ Էլ Հիրբենե (Էսքիքոյ) գյուղում, 1871 թվականին Անթաքիայի մեծ երկրաշարժից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Նրա քույրերի ու եղբայրների անուններն էին՝ Միլո, Մարիամ, Ալբերտ, Նասրա, Էլյաս, Հելեն, Քաթրին և Բարբարա։ Այն ժամանակ գյուղի իննսունհինգ տոկոսը բաղկացած էր մեր ընտանիքի անդամներից։ Չնայած դրան, երկրաշարժից և դրանից հետո ընկած ժամանակահատվածում մեր ընտանիքները սկսեցին իրենց տները կառուցել Զեյթունլու թաղամասի այլ հատվածներում: Թարիք էլ Դունյա ընտանիքը Սամանդաղի հնագույն ընտանիքներից է։ Ընտանիքի պատմությունը հասնում է երիտասարդ սյունակյաց Սուրբ Սիմեոնին:

19-րդ դարի վերջերին Անատոլիայի քրիստոնյաները, հատկապես հայերը, ենթարկվել են սարսափելի խոշտանգումների։ 1909 թ․ մեր տարածաշրջանի հայության հալածանքների առաջին գագաթնակետն է։ Անթաքիայի ուղղափառները ևս, թեև ոչ այնքան, որքան հայերը, ենթարկվել են ճնշումների։ Ուղղափառները մեծ վախ ունեին տարածաշրջանում իրենց ունեցվածքի համար, և այդ պատճառով մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը արտագաղթեց։ Անթաքիայի նավահանգստից (էլ Մինա) փոքր նավերով գնացին Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստ, որտեղից էլ մեծ նավերով վեց ամսում հասան Ամերիկա։ Անթաքիայի կենտրոնական մասից շատ ուղղափառներ ներգաղթեցին Հարավային Ամերիկա, իսկ Սամանդաղի ուղղափառ համայնքը գաղթեց Նյու Յորք և հաստատվեց այնտեղ: 1912 թ․ պապիս էլ Մինայում ապրող քեռին Ալեքսանդրիա գնացող մի քանի նավակների տերն էր։ Պապս և նրա եղբայրը, իրենց հորեղբայր Ալբերտի նավակներով սկզբում հասան Ալեքսանդրիա, իսկ հետո, նավ նստելով, վեց ամսվա ընթացքում՝ Նյու Յորք: Պապս գնացել է՝ իր կնոջը, երկու փոքր երեխաներին և հորը թողնելով Սամանդաղում։ Հնարավորինս շուտ ապահով կյանքի և աշխատանքի հնարավորության համար Ամերիկայում բնակություն հաստատելու և ընտանիքին իր մոտ տանելու հույս ուներ։ Պապիկիս քույրերն ապրում էին Սիրիայում ու Լիբանանում և նրանց մեծ վտանգ չէր սպառնում։ Պապս ու իր ընտանիքը Սամանդաղում 200 հա հող ունեին։ Ֆինանսական վիճակը բավականին լավ էր, սակայն իրենց կյանքը կորցնելու վախից ստիպված էին լքել իրենց տները։

Երբ 1914-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, տարածաշրջանի, հատկապես Սամանդաղի, բոլոր քրիստոնյաները ստիպված էին լքել իրենց տները և տեղափոխվել առնվազն 20 կիլոմետր հեռու: Դրանից ազատվեցին հղի կանայք, փոքր երեխաներն ու հիվանդները։ Ընտանիքիցս շատերը այս բռնագաղթի մասն էին: Նախ՝ պապիս հայրը, թեև առաջացած տարիքում էր, ոտքով միացել է դեպի Իդլիբ գաղթին։ Պապս ավելի ուշ իմացավ, որ հայրը ճանապարհին սովից մահացել է։ Պապիս առաջին կինն ու երկու զավակները, քանի որ երեխաները դեռ փոքր էին, ընտանիքում նրանք միակն էին, ովքեր չկարողացան գաղթել։ Այնուհանդերձ տանը մնալով հարցը չփակվեց։ Առանց փողի, սննդի և որևէ բանի՝ ինչպե՞ս կարող էին հոգալ իրենց և իրենց երեխաների կարիքները: Դա նրանց համար մահ էր նշանակում։

Հետագայում պապիս հետ ամուսնացած Մելեք Դանիել տատս պատմել է, որ այդ գաղթի ժամանակ նա 10 տարեկան է եղել։ Նա և իր եղբայրները միանալով  գաղթականներին՝ Սիրիայի Իդլիբ քաղաք ոտքով են գնացել։ Այդտեղ երկար ժամանակ մնում էին վրանում։ Չոր հողը նրանց համար իդեալական չէր, բայց առնվազն մահվան վտանգի տակ չէին։ Ասորի մի ընտանիք խղճալով նրանց՝ կով է նվիրել, այսպիսով նրանք սովամահ չեն եղել։ Անկասկած, կովն այդ օրերին շատ կարևոր էր՝ պանիր պատրաստելու համար նրանց ամեն օր թարմ կաթով ապահովելով։ Սակայն մի գիշեր գողերը հարձակվել են վրանի վրա և փորձել գողանալ կովը։ Տատիկիս քույրը՝ Մերիեմ Չապարը, բաց չի թողնում կովի պարանը։ Գողերը դանակներով մի քանի անգամ հարվածելով նրա ձեռքերին՝ փորձել են ստիպել նրան բաց թողնել պարանը, սակայն Մերիեմը, թեև արյան մեջ՝ բաց չի թողել պարանը։ Հենց այդ պահին նրան օգնության են հասել ասորի հարեւանները, և բարեբախտաբար կովին թողնելով՝ գողերը փախել են։

Մեկ այլ պատմություն, որ պատմեց տատս, այն էր, որ նրանք սովից խոտ են կերել: Մի օր նրանք մի ծառ են տեսնում, որի մոտ ընկույզի նման մի բան էր կախված։ Հավաքում են ընկույզ հիշեցնող այս պտուղը, մի քանի օր չորացնում ու քարերով աղացում։ Ստացված ալյուրից հաց են պատրաստում ու ուտում։ Դա ուտող ամեն ոք օրեր շարունակ տառապում է ստամոքսի ուժեղ ցավերից և ջերմությունից։ Մեծ հավանականությամբ դա թունավոր բույս ​​էր։

Որոշ ժամանակ անց պապս և իր եղբայրը տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ տարբեր գործարաններում սկսեցին աշխատել որպես սևագործ բանվորներ։ Սակայն նրանց եկամուտը չէր բավականացնում իրենց տունը պահելու համար, ուստի պապս և նրա եղբայրը Նյու Յորքում բանջարեղենի խանութ բացեցին։ Պապս բազմաթիվ նամակներ է գրել իր ընտանիքին, բայց ոչ մի պատասխան չի ստացել։ Սամանդաղի իրենց տնից ոչ մի լուր չի ստանում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ կնոջն ու հորը գրած նամակները տարիներ շարունակ անպատասխան էին մնում, պապս զարմանում ու անհանգստանում է, և սկսում մտածել՝ «Կինս, զավակներս, հայրս դեռ կենդանի՞ են, թե՞ մեռած են»։ Քանի որ պապս չէր ուզում հոգեբանական նման ճնշման տակ ապրել, որոշում է վերադառնալ Սամանդաղ։

Իր եղբայր Ալբերտի հետ որոշում են, որ Ալբերտը կմնա Նյու Յորքում և կշարունակի գործերը։ Իսկ պապս կվերադառնա Սամանդաղ ու կգտնի ընտանիքին, եթե դեռ ողջ են, և եթե Սամանդաղը քրիստոնյաների համար անվտանգ լինի ապրելու համար՝ լուր կուղարկի Ալբերտին, ու նա խանութը վաճառելով՝ հետ կվերադառնա։  Պապս վերջապես 1919 թ․ նստում է Նյու Յորք-Ալեքսանդրիա նավը և 6 ամիս անց հասնում Սամանդաղ։

Այն ժամանակ պապիս համար Սամանդաղ վերադառնալը հեշտ չէր։ Տանը գտել է միայն կնոջ և երկու երեխաների անշունչ մարմինները։ Նրանք սովից էին մահացել, իսկ երեխաները, ըստ երեւույթին, եղունգներով փորել էին տան հատակը։ Պապս ո՛չ իր հորը, ո՛չ նրա անշունչ մարմինը չէր գտել։ Իդլիբ գաղթողներին հարցրել էր հոր մասին, և ավելի ուշ իմացել, որ նա սովից մահացել է ճանապարհին։ Պապիս հայրը՝ Ջորջը, բավականին ունևոր էր, և հավանաբար ոչ նա, ոչ էլ նրա ընտանիքը երբևէ չէին մտածում, որ սովից կմահանան։

Պապս Սամանդաղում սկսեց նոր կյանքի ծրագրեր մշակել: Նյու Յորքում ապրող նրա եղբայրը՝ Ալբերտը, որոշել է մնալ ԱՄՆ-ում, բայց քանի որ ամուրի էր, խնդրել է եղբորն ու ընտանիքին խնդրում իրեն կին գտնել Սամանդաղում։ Հետո պապս նրա համար ընտրեց Քեթրին անունով մեկին՝ Գրեյմիստի գերդաստանից, և թեև Ալբերտը այնտեղ չէր, նշանվեց նրա հետ։ Միայն նշանվելուց հետո Քեթրինը հնարավորություն ունեցավ մեկնել Նյու Յորք՝ իր փեսացու Ալբերտի հետ լինելու։

1920 թ․ պապս ամուսնացավ Դանիել գերդաստանից Մելեքի հետ, որը դառնալու էր իմ տատիկը, և 7 զավակ ունեցավ։ Ավելի ուշ պապս դարձավ Սամանդաղի ուղղափառ համայնքի ղեկավար և ընտրվեց որպես Զեյթունլուի ղեկավար։ Այս երկու պաշտոններում էլ ծառայեց երկար ժամանակ։

Այդ օրերին Սամանդաղի և Անթաքիայի շրջակայքում կյանքի պայմաններն ընդհանուր առմամբ վատ էին։ 1915-1922 թթ․ զինված խմբերը դեռ շարունակվում էին գոյություն ունենալ, և որոշ զինված խմբեր նպատակ էին հետապնդում վերջ դնել ուղղափառ քրիստոնյաների ներկայությանը տարածաշրջանում: Սամանդաղի ուղղափառ քրիստոնյաներին հաջողվել է ողջ մնալ ալ Ասքար կոչվող հայկական զինված խմբի շնորհիվ։ Եթե ​​այս զինված խումբը չլիներ, հավանաբար վերջ կդրվեր Սամանդաղում մեր գոյությունը։

Պապս՝ Միշել Թարըք Էլ Դունյան մահացել է 1962 թ․, իսկ տատս՝ Մելեքը, շարունակել է իր կյանքը մինչև 1985 թ․։ Քանի որ մեր ընտանիքը Գերմանիայում էր՝ ինձ ու եղբորս նա է մեծացրել։ Միշել պապիս և Մելեք տատիս գերեզմանները Սամանդաղ են՝ Էսքիքյոյում։ Պապիս եղբայրը՝ Ալբերտը, մահացել է Բրիջփորթում, Ամերիկայում՝ 1978 թ.։ 1919 թ․ Նյու Յորքից հեռանալուց հետո պապս և եղբայրը իրենց ողջ կյանքի ընթացքում այլևս միմյանց չեն տեսել:

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Zocd.de-ում 11.03.2023 թ․ և անգլերենից թուրքերեն է թարգմանել Անաստասիա Արփացին։

Nehna.org

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net