Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Մայիսի 14-ին Բրյուսելում Ալիեւ-Միշել-Փաշինյան հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի 29 800 քառ․ կմ-ն, Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ն։ Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որովհետեւ 86.600-ը խորհրդային վերջին փուլի տվյալն է, որի մեջ ներառված է նաեւ ԼՂԻՄ-ի տարածքը։ Մենք փորձեցինք հասկանալ՝ առհասարակ ինչ տարածքներ են մտնում այդ 29 800-ի եւ 86 600-ի մեջ։
Աշխարհագրագետ-քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պայմանավորվածությամբ, բացի Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց, նաեւ անկլավները պիտի հանձնվեն, քանի որ Ադրբեջանի 86 600 քառ կմ-ն նաեւ դրանք է ներառում․ «Այո, փաստորեն, պետք է բոլորը տրվի եւ ոչ միայն Տավուշի անկլավները, այլեւ Արարատի, այսինքն՝ Տիգրանաշենն էլ»։ Իսկ Արծվաշենը պիտի հե՞տ տան՝ հարցրինք Բեգլարյանին։ «Արծվաշենը քանդված վիճակում է, որտեղ երեւի ոչ մի ձեւ չկարողանանք գնալ երբեւիցե: Այո, պիտի մեզ տրվի։ Արծվաշենը քանդված է` իսպառ քանդված»,- պատասխանեց քարտեզագետը։
Ինչո՞ւ, ի վերջո, որոշվեց հենց 1991 թվականի քարտեզով միմյանց տարածքները ճանաչել։ «Մի այսպիսի բան կա, որը վաղուցվա սխալ է․ 1991 թվականին, երբ ԽՍՀՄ-ը քանդվեց, եւ 15 հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը, ամբողջ միջազգային իրավունքը ճանաչեց այդ պետությունները` իրենց նախկին խորհրդային վարչական սահմաններով։ Դա է նրբությունը, որ դրանից առաջ ինչ եղել է օֆիցիալ, միջազգային իրավունքը չի ճանաչում։ Թե չէ մենք Սեւրի պայմանագրի հարցն էլ կարող էինք բարձրացնել, բայց, փաստորեն, հռչակվեց, որ 1991 թվականին սովետական վարչական սահմանների մեջ են այդ 15 հանրապետությունները։ Փաստորեն, հիմա արվում է այն, ինչ եղել է 1991 թվականին: Համարենք այսպես, որ մենք նոր-նոր անկախանում ենք, ոչ մի Ղարաբաղի հարց չի եղել, ոչ մի ազգային պոռթկում չի եղել, ոչ մի ազգային հերոս չենք ունեցել, ինչպես որ ԽՍՀՄ-ում չուլ էինք, հիմա էլ չուլ անկախ պետություն ենք։ Այդքան բան»,- պատասխանեց Բեգլարյանը։
Փորձեցինք հասկանալ նաեւ, թե ինչ է լինելու Ադրբեջանին անցած Գորիս-Կապան ճանապարհի հետ, որը տասնամյակներ Հայաստանին է պատկանել, իսկ 2020-ից հետո ադրբեջանցիները զավթեցին դրա 21 կիլոմետրանոց հատվածը, թե դա Գուգլով իրենց տարածքում է գտնվում, եւ մաքսակետ տեղադրեցին: Ճանապարհը դադարեց գործել, որովհետեւ ադրբեջանցիները ոչ մի տեղ չեն կարող գնալ այդ 21 կիլոմետրով, բայց Հայաստանին ահռելի վնաս պատճառեցին եւ ստիպեցին շրջանցող` նեղ, վատ ճանապարհից օգտվել՝ Կապան, Մեղրի գնալու համար: Եվ ի՞նչ է լինելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հետ՝ Ջերմուկում ու Սեւ լճի տարածքում։
«Գորիս-Կապան ճանապարհը հենց այդ՝ 1991 թվականի սահմանով շախմատաձեւ էր, այսինքն՝ ճանապարհի 20 կիլոմետրի մեջ ամեն 3-4 կիլոմետրը մերն է, 3-4 կիլոմետրն իրենցն է։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա, օրենքով, այո, իրենք պիտի դուրս գան Ջերմուկի մոտ առաջխաղացումից, Վերին Շորժայի, Սեւ լճի կողմերում էլի պիտի հետ գնան, բայց 1991 թվականի այդ քարտեզով Սեւ լճի 25 տոկոսն իրենցն էր։ Մի խոսքով՝ սա ամենավատ սցենարն է, այսինքն՝ պիտի մեր 30 տարին լրիվ ջնջենք՝ կարծես ոչ մի բան չի եղել, ո՛չ Մոնթե է եղել, ո՛չ Լեոնիդ Ազգալդյան է եղել, ո՛չ Վազգեն Սարգսյան է եղել, Ղարաբաղի մասին էլ ընդհանրապես մոռացեք»,- ասաց Բեգլարյանը։
Անդրադառնալով անկլավների թեմային՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար լրացուցիչ դժվարություններ են առաջանալու։ «Ինչպես հիմա Կապան ենք դժվարանում գնալ, նույն ձեւով Նոյեմբերյանով Բագրատաշենն է լինելու, որովհետեւ Վերին Ոսկեպար եւ Ազատամուտ գյուղերի հատվածները մտնում են Ադրբեջանի կազմ, նաեւ Իջեւանից Պառավաքար գնալն է դժվարանում, որովհետեւ Իջան-Այգեհովիտ-Պառավաքարն էլի անկլավով է անցնում։ Մի խոսքով՝ ահավոր բան է, սովետական սահմաններն են վերականգնվում: Պարզապես սովետի ժամանակ դրանք վարչական սահմաններ էին, եւ մեկ-մեկ տեղի գյուղացիների բախումներ էին լինում ընդամենը, այդքան էլ չէր զգացվում, իսկ հիմա պետական սահմաններ են դառնում, այսինքն՝ քո մեքենան որ Իջեւանից պիտի գնա Այգեհովիտ, պիտի անցնի Ադրբեջանով։ Պետությունը պիտի միլիոններ ծախսի, որպեսզի այդ բոլոր ճանապարհները կառուցի»,- ասաց Բեգլարյանը։
Զրուցեցինք նաեւ քարտեզագիր Ռուբեն Գալչյանի հետ։ Անդրադառնալով 1991 թվականի քարտեզին՝ Գալչյանն ասաց․ «Դա խորհրդային օրերի քարտեզն է, խորհրդային ժամանակ ինչպե՞ս էր Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզը, նույնն է, այսինքն՝ Արցախն ամբողջովին Ադրբեջանի տարածքում է հաշվվում, իսկ Հայաստանի տարածքը պետք է հաշվվի անկլավների հետ միասին, որովհետեւ այդ անկլավներն ապօրինի են տրված։ Դրանք չնայած շատ փոքր թիվ են` 40-44 կմ քառակուսի է, բայց Հայաստանի սահմանից ներս են, ուրեմն Հայաստանինն են։ Միջազգայնորեն ճանաչված տարածքները սահման ունեն, դա հարեւան երկրի հետ եղած սահմանն է, բայց մեր տարածքում Ադրբեջանին տրվել են անկլավներ, որոնք հիմք չունեն, պարզապես քարտեզի վրա գծել են, ասել են, որ դա Ադրբեջանինն է` ոչ մի որոշում, ոչ մի համաձայնություն չկա դրանց վերաբերյալ։ Այնպես որ, դրանք իրավական տեսանկյունից ընդունելի չեն։ Ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը երբ անկախացել է, իր անկախության սահմանադրության ակտի մեջ երկրորդ հոդվածում ասվում է, որ իրենք ժառանգն են Ադրբեջանի 1918-1920 թվականների տարածքի, իսկ 1918-1920 թվականներին անկլավ գոյություն չուներ, անկլավները Խորհրդային Միությունը ստեղծեց 1936-1939 թվականներին, ուրեմն անկլավները չեն կարող լինել Ադրբեջանի մաս, դա՝ իրենց իսկ սահմանադրությամբ»։
Գալչյանին հարցրինք՝ Հայաստանի 29 800 քառ․ կմ-ի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը, այսինքն՝ եթե միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են, Արծվաշենը հե՞տ են տալու Հայաստանին։ «Եթե ինձ եք հարցնում, ապա մենք պետք է վերադառնանք ԽՍՀՄ 1926 թվականի քարտեզներին, որոնց վրա Արծվաշենն իր շրջաններով Հայաստանինն էր, Ադրբեջանինը չէր, բայց դա արդեն իրավաբանական խնդիր է, թե ինչպես է հանձնվել, եւ արդյոք այդ իրավաբանական խնդիրներն այսօր արժեք ունե՞ն, թե՞ ոչ` դրանք տարբեր խնդիրներ են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։