|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս գիշեր սպանել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի հրթիռային ուժերի հրամանատար Ալի Ղալիին՝ թիրախավորելով Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող նրա տունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի տարածած հայտարարությունը:
Ալի Ղալիի հետ միասին տանը թաքնված են եղել «Իսլամական ջիհադ»-ի ևս երկու անդամներ, որոնք նույնպես սպանվել են:
Ի պատասխան՝ Գազայի հատվածից այսօր առավոտից դարձյալ սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Իսկ գիշերը Սդերոտ և Աշկելոն քաղաքներում հրթիռները հարվածել են տների: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Մայիսի 10-ին Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 400 հրթիռ: Եգիպտոսը հրադադարի առաջարկ է ուղարկել, որը քննարկվում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության կողմից:
Իսկ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ մայիսի 9-ին Իսրայելի կողմից «Վահան և նետ» գործողության սկսվելուց ի վեր սպանվել է 25 պաղեստինցի, 76-ը վիրավորվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայում քաղաքացիական անձանց սպանությունները՝ դրանք անվանելով անընդունելի: Նա բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը: