Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Պարզվում է, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականներն են վստահ, որ բացարձակապես բոլորի հիշողությունը «դիլեյթ» արած է, այլև Արցախում կան նմանօրինակ կերպարներ: Չնայած, կներեք, անշուշտ, «կերպար» բառը կաղում է բնորոշման համար, ավելի բարձր կհնչի, օրինակ՝ «ականավոր հասարակական-քաղաքական գործիչներ» տարբերակը: Առհասարակ, Արցախում, այն էլ՝ այս օրհասական պայմաններում, բավականին տարօրինակ բաներ են դիտարկվում, որ ընդհանուր կործանումային ընթացքի պայմաններում շատերի ուշադրությանն առանձնապես չեն արժանանում:
Նկատենք, որ օրերս Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը իրեն կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակել Տիգրան Պետրոսյանին, որին տարբեր հրապարակումներում հիշատակում են որպես «սորոսական»: Առհասարակ, Արցախի «սորոսականների թևը» բավականին ակտիվ էր պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ արշավի կազմակերպման և նրան այդ պաշտոնից հեռացնելու հարցում: Հասկանալի է, թե ինչու: Խնդիրը Արցախի տարբեր կառույցներ «իրենցով անելն» էր, հասկանալի է՝ իրենց պատվիրատուների հեռահար նպատակներն սպասարկելու համար: Երբ ժամանակին նշում էինք, որ այս խումբը կոալիցիա է կազմել ընդդեմ Վարդանյանի, և որ հեռահար նպատակ ունեն նախ՝ վերցնել պետնախարարի, ապա նախագահի պաշտոնները, ոմանք ցնցումների մեջ էին ընկնում:
Ժամանակը ցույց տվեց, որ նախկին դատախազ, հիմա պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որը համարվում է այս խմբի ղեկավարը, քափուքրտինք մտած հերքում էր անհերքելին: Դե, նրանք հիմա էլ են ակտիվ մնում՝ վստահ, որ ոչ ոք ոչինչ չի հիշում: Օրինակ՝ օրերս Արցախի «սորոսական թևի» մեկ այլ ներկայացուցիչ՝ ոչ անհայտ Հայկ Խանումյանը, վերջին շրջանի համեմատական լռությունից հետո գրառում է արել, թե Արցախում հասարակության մի մասը, այդ թվում՝ որոշ պետական այրեր, հոգնել է պետություն ունենալուց, ցանկանում են դառնալ էթնիկ խումբ, ստորագրահավաքների մասնակցել, այդ ընթացքում փիարվել... և այլն: Դե, հասկանալի է՝ առաջին հերթին Արայիկ Հարությունյանին նկատի ունի, որը ցուցադրաբար օրերս միացել էր «Ոչ էթնիկ զտմանը» կոչով ստորագրահավաքին: Դեռ մի կողմ թողնենք, թե որքանով է լուրջ, երբ Արցախի նախագահի կարգավիճակում գտնվող անձը այդպես ցուցադրաբար միանում է քաղաքացիական նախաձեռնության, որքան էլ այն կարևոր լինի: Խնդիրն այլ է. ո՞վ է խոսում պետությունից ու պետականությունից:
Մեզ, իհարկե, կոնկրետ Խանումյանի անձն առանձնապես չի հետաքրքրում: Այստեղ երևույթն է կարևոր, և հենց որպես երևույթի օրինակ ենք այն դիտարկում: Հայկ Խանումյանի ավելի վաղ շրջանի բուռն «հասարակական գործունեությունը» դնենք մի կողմ: Թարմ փաստեր դիտարկենք: Հայկ Խանումյանը պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 18-ին, նույն Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Այդ պաշտոնում Հայկ Խանումյանն ուշադրության է արժանացել առնվազն երկու դրվագով: Դրվագ 1. Հայկ Խանումյանն ամենաակտիվ դերակատարություն ու մասնակցություն է ունեցել Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը հայ բնակչությունից ազատելու սև գործում:
Մասնավորապես, ՏԿ ու ենթակառուցվածքների նախարարի կարգավիճակով 2022-ի օգոստոսի 5-ին հանդիպումներ է ունեցել նշված բնակավայրերի բնակչության հետ և հայտարարել, որ 20 օրվա մեջ պիտի լքեն իրենց քաղաքն ու գյուղերը: Եթե անգամ դա նրա կողմից ընդամենը վերևից իջեցված հանձնարարականի «կույր» կատարում է եղել, ապա նկատենք, որ ցանկացած մարդ միշտ էլ ունի ընտրության հնարավորություն: Մի՛շտ: Առավել ևս, որ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հենց նա է արգելել՝ ոչ ոք հեռանալուց առաջ հանկարծ չայրի իր տունը: Դրվագ 2. Հայկ Խանումյանին, որպես ԼՂՀ ՏԿ ու ենթակառուցվածքների նախարարի, պաշտոնական անփութության և դրա հետևանքով պետությանը մոտ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու քրեական մեղադրանք է ներկայացվել:
Ինքն այդ մեղադրանքը չի ընդունել: Դատելով այն բանից, որ հիմա ազատության մեջ է, մեղադրանքներն ու նշված գործը շարունակություն չեն ունեցել, չնայած այդ հարցին կարող է Արցախի հիմիկվա պետնախարարը պատասխանել, որը, ինչպես հայտնի է, նախկինում գլխավոր դատախազն էր ու... «քաղաքականությամբ չէր զբաղվում»: Այստեղ, կրկնենք, երևույթն է կարևոր: Այն երևույթը, որ, ասենք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է հայրենիքի, ազնվության ու խաղաղության մասին խոսել: Կամ՝ սեփական խմբակցության շարքերում պաշտոնաթող գեներալ, բանակի թիկունքի գծով երկարամյա փոխնախարար (2000-2008 թթ.) Մելքոնյան Գուրգեն ունեցող քպականը տակուգլուխ հայտարարություններ անի «բանակից թալանելու» մասին: Մեկը չի, երկուսը չեն: Այն հոռի երևույթը, որ ոչ վաղ անցյալում ահավոր դրսևորումներ ունեցած որևէ մեկը կարող է, առանց մի փոքր անհարմար զգալու, հրապարակավ նորանոր ելույթներ ունենալ, ասես՝ դա ինքը չէր, մի տեսակ դարձել է սովորական մի բան: Ու բոլորը գրեթե համոզված են, որ մյուս բոլորի հիշողությունը ջնջած է, ուղեղները՝ լվացած:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում