կարևոր
4288 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-28 22:07
Քաղաքական

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 150 քառակուսի կմ տարածք․ ՀՀ ԱԳՆ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 150 քառակուսի կմ տարածք․ ՀՀ ԱԳՆ

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում: Այս մասին ասվում էՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանում «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան:

Ռադիոկաանը հետեւյալն հարցն էր ուղղել ԱԳՆ խոսնակին. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը օրերս ութ նախապայման է առաջ քաշել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերում, Ադրբեջանի օկուպացված ութ գյուղերի ազատում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, որոնք Հայաստանի կողմից պետք է իրականացվեն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման համար: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:

«Նախ պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են և ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ կարծում ենք նաև ողջ միջազգային հանրությանն արդեն դժվար է հետևել ադրբեջանական կողմի շահարկումներին:

Ասվածի օրինակ է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ադրբեջանական խոսույթը: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը նախ հայտարարում էր, որ միջանցքը փակ չէ, հետո՝ միջանցքը փակ է, այսպես կոչված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից, այնուհետև, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես «էկոակտիվիստներ» հանդես եկող անձինք պահանջեցին իրենց կողմից ստուգման ենթարկել միջանցքով անցնող Կարմիր խաչի ավտոմեքենաները և մարդասիրական բեռները: Հաջորդիվ այդ գործողությունները սկսեցին պատճառաբանել ականների մտացածին տեղափոխմամբ, ապա՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո, կրկին սկսեցին հայտարարել, թե միջանցքը բաց է, իսկ արդեն ապրիլի 23-ին, քայլեր ձեռնարկելով Լաչինի միջանցքում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղաղակող խախտմամբ անցակետ տեղադրելու ուղղությամբ, ի ցույց դրեցին ամիսներ շարունակ պետական մակարդակով կազմակերպված բեմադրության իրական նպատակը:

Վերադառնալով բուն հարցին՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում: Հայտնի է, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները կանխելու նպատակով արցախահայության կողմից ձևավորվել է պաշտպանության բանակ, որն այսօր էլ իրականացնում է իր ծառայությունը՝ գրեթե տասնամյակներ առաջ Ադրբեջանի կողմից ծրագրված նշյալ գործողությունների կյանքի կոչումը թույլ չտալու նպատակով: Պաշտպանության բանակը եղել և մնում է արդիական միմիայն Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, սպանությունների, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղ սնունդի և դեղորայքի մատակարարման խափանման, գազի և էլեկտրականության մատակարարումների խափանման միջոցով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրաձայնվող ութ գյուղերին, թարմացնելով ադրբեջանական կողմի հիշողությունը՝ պետք է նշել, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք: Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում:

Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան: Ավելին, անպատասխան է մնացել նաև 1975թ. սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը, որը միանշանակ կնպաստեր սահմանային լարվածության նվազեցմանը և առկա մի շարք խնդիրների հասցեագրմանը:

Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը»: