կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 17:16
Քաղաքական

Վրաստանի համար սպառնալիք է Ադրբեջանը, քանի որ այսօր Ադրբեջանն է օկուպացրել վրացական տարածքը` Դավիթ Գարեջին. ջավախահայ գործչի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին

Վրաստանի համար սպառնալիք է Ադրբեջանը, քանի որ այսօր Ադրբեջանն է օկուպացրել վրացական տարածքը` Դավիթ Գարեջին. ջավախահայ գործչի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին

Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում «Հայրենասերների ալյանս» կուսակցությունից թեկնածու առաջադրված Սամվել Պետրոսյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին:

«Բոլորին հայտնի է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվել ԼՂՀ-ի նկատմամբ, որին զոհ են դարձել խաղաղ մարդիկ: Մենք՝ հայերս, խաղաղասեր ենք և պատերազմ չենք ցանկանում: Սակայն երբ մեզ պատերազմ է պարտադրվում, ընդունում ենք մարտահրավերը: Այսօր մեր համերաշխությունն ենք հայտնում ԼՂՀ բնակչությանը և լիովին աջակցում նրանց արդար պայքարին: Մենք՝ Վրաստանի տարածքում բնակվող և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերս, գիտակցում ենք, որ Վրաստանում ևս ադրբեջանցիներ են բնակվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այստեղ իրավիճակը չսրենք ու լարվածություն չստեղծենք հայերի ու ադրբեջանցիների միջև: Տարակուսանք է առաջացնում այն, որ վրացական խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներն աջակցություն են հայտնել Ադրբեջանի ագրեսիային և միաժամանակ հայտարարել, որ Հայաստանը սպառնալիք է Վրաստանի համար: Միանշանակ հայտարարում ենք, որ Վրաստանի համար սպառնալիք է Ադրբեջանը, քանի որ այսօր Ադրբեջանն է օկուպացրել վրացական տարածքը, որտեղ գտնվում է վրացական պատմական հուշարձան Դավիթ Գարեջին»,- գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը, իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրադարձություններին:

Ազեր Սուլեյմանովը նաև բաց նամակով է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել որ «նրա որոշիչ քայլերով իրենց հողերը վերջանականապես կազատագրվեն»: Ազեր Սուլեյմանովը Հայաստանին մեղադրում է Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու և Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման մեջ: Պատգամավորը նաև Հայաստանին մեղադրում է Վրաստանի դեմ հանցագործության մեջ:
Ինչ վերաբերում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռուսլան Գաջիևին, նա նույնպես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և նշել, որ «Ադրբեջանի զինված ուժերի հաջող ռազմական գործողությունները՝ նրա տարածքային ամբողջականությունը հաստատելու համար, հիմք են տալիս ասելու, որ մեր տարածաշրջանում նման հակամարտությունները պետք է շուտափույթ լուծում ստանան»: