կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-07 11:50
Հասարակություն

Երկրաշարժի հետևանքները չլուծեցին, այլ թաղեցին

Երկրաշարժի հետևանքները չլուծեցին, այլ թաղեցին

Այսօր` դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 25 տարին: Ի՞նչ ունենք այդ ահավոր երկրաշարժից քառորդ դար անց: Yerkir.am-ի հետ զրույցում «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, ամփոփելով 25 տարիները, նշեց, որ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժը և դրա հետևանքները համընկան երկրի համար շատ դժվար իրողությունների ու ցավոտ ժամանակաշրջանի հետ` հետխորհրդային քայքայված իշխանություններ, քայքայված տնտեսություն, պատերազմ: Հետագայում դրան գումարվեցին իշխանությունների ոչ նպատակային ծախսերը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում:

 

Ըստ Վահան Թումասյանի` անկախացած Հայաստանի առաջին իշխանությունները կազմակերպական առումով փորձ չունեին, ահա, թե ինչու չէին գիտակցում այն ահավոր վիճակը, որ կար Շիրակի մարզում, և դա հասկանալի էր, որովհետև բոլորի ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական պատերազմն էր: «Շիրակ» կենտրոնի ղեկավարը համոզված է, որ երկրաշարժի օրվանից մինչ օրս հանրապետության իշխանությունները` ղեկավարից մինչև ամենափոքր չինովնիկը, դարձյալ կտրված են այն իրականությունից, որը կոչվում է երկրաշարժի հետևանքներ: Նա նշում է, որ հսկայական միջոցներ նպատակային չծախսվեցին: Միայն վերջին տարիներին, երբ սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը, տարբեր ՀԿ-ներ սկսեցին վերահսկել երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչի արդյունքում կոռուպցիան հասցվեց նվազագույնի:

 

«Բոլոր երեք նախագահներն էլ` իրենց կառավարություններով, հսկայական մեղք ունեն երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում խեղված բազմաթիվ ճակատագրերի համար: Շատ մարդիկ կործանվեցին, շատ մարդիկ արտագաղթեցին, շատերը հիվանդություններ ձեռք բերեցին ու հաշմանդամ դարձան»,- ասում է Վահան Թումասյանը: Ըստ նրա` 25 տարի անց Գյումրիում մնացել է բնակչության կեսը, այնինչ գյումրեցիները կպած են իրենց քաղաքին ու չէին արտագաղթի, եթե երկրաշարժի հետևանքները արագ վերացվեին: Ճիշտ է` առողջապահական ու կրթական համակարգերը արագ վերականգնվեցին, բայց միայն այդ երկու ոլորտով հնարավոր չէր որևէ բան փրկել, եթե լուծված չէր բնակարանների ու աշխատատեղերի հարցը:

 

«Որքան երկրաշարժն է ավերել Գյումրին, նույնքան վնաս Գյումրիին պատճառել են իշխանությունները`աղետի գոտու նկատմամբ իրենց վարած քաղաքականությամբ: Ահա` ինչու գյուրեցիները հայտնվել են կոտրած տաշտակի առջև»,- ասաց Թումասյանը` հավելելով, որ առ այսօր մոտ 4500 ընտանիք դեռ ապրում է վագոն-տնակներում, իսկ պետությունը չի գտնում ելք, թե ինչպես փոխհատուցի 500 ընտանիքների բնակարանների հարցը: Այդ վագոն-տնակները Գյումրու կենտրոնական մասից տարհանվեցին դեպի ծայրամասեր` գյումրեցիների ու հյուրերի աչքից հեռու` ստեղծելով փակ համակարգ, ուր խտացված են հասարակության բոլոր բացասական երևույթները` հիվանդություններ, ծանր պայմաններ: Ստացվում է, որ իշխանությունները փորձեցին ոչ թե  լուծել խնդիրը, այլ թաղել: