կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 15:30
Հասարակություն

Թուրքական մամուլում տպագրված՝ հայերին տեղահանելու և սպանելու` երիտթուրքերի հրամանը

Թուրքական մամուլում տպագրված՝ հայերին տեղահանելու և սպանելու` երիտթուրքերի հրամանը

Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

 

«1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմության» կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողություններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը և Ուքուր Ումիթ Ունգյորը որպես տեղահանության մի մաս»,- գրում է The Armenian Weekly պարբերականը:

 

«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրը, ավելին՝ «Միության և առաջադիմության հանձնաժողովի» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

 

Փաստաթղթի դրույթները՝ ստորև:


1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս` սպանել:

 

2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:

 

3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են վաստակել մահմեդականների ատելությունը:

 

4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը` աջակցել մահմեդականներին:

 

5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես` 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին` հետագայում մահմեդականացվելու:

 

6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողեցրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:

 

7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:

 

8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:

 

9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:

 

10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:

 

«Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն` արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է»,- գրել է «Թուրքական Ստամբուլ» պարբերականը 1919թ. մարտի 25-ին:

 

Sait-Molla-letter

 

Աղբյուրը՝ armeniangenocide100