Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտի 31-ին պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի հետևանքով իշխանական պատգամավորը վայր է ընկել։ Այս մասին 24News-ը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից, որն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
«Հաշվի առնելով օրվա իշխանության և իրավապահ համակարգի գործունեությունը` մեզ համար անակնկալ չէ դատախազի միջնորդությունը: Ակնհայտ է, որ դատախազությունը՝ ի դեմս դատախազի և քննչական կոմիտեի, Նիկոլի ձեռքին դարձել են բութ գործիք ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Հարուցված քրեական գործը ՔՊ պատգամավորների կեղծ ցուցմունքների հիման վրա կարված գործ է, իսկ իրավապահ համակարգը շարունակում է գործել երկակի ստանդարտներով»,- նշեց Սաղաթելյանը:
Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին, երբ նա թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին և օրեր անց ներողություն խնդրել, բայց այդ միջադեպին իրավական գործընթաց չէր հաջորդել, Սաղաթելյանը նշեց. «Առաջարկում եմ՝ գլխավոր դատախազը ԱԺ-ը չգա դատարկաձեռն, երբ ներկայացնի Մհեր Սահակյանին անձեռմխելիությունից զրկելու հարցը, նույն նիստի ժամանակ կարող է միաժամանակ Ալեն Սիմոնյանին պետական ինստիտուտների պատիվը բարձր պահելու համար հանձնի շքանշան, կամ կարող է Աժ դահլիճում այդ նույն նիստի ժամանակ ՔՊ որոշ պատգամավորների՝ մեր երկրում թմրամոլությունը տարածելու համար պատվոգրեր ու շքանշաններ բաժանի կամ ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա հարձակված պատգամավորներին խրախուսի՝ երկրում օրինականության ապահովման ու ամրապնդման համար:
Զավեշտալի ու ծիծաղելի իրավիճակ է, պետք է իշխանությանը հիշեցնել, որ ադրբեջանցիները այսօր հայտնվել են Սիսիանի հայկական ընտանիքներից մեկում, թշնամին գտնվում է Սյունիքում, Տեղ գյուղում, Ջերմուկում, Վարդենիսում, իսկ Արցախի մեր հայրենակիցները շուրջ 4 ամիս գտնվում են շրջափակման մեջ, և դրա մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է», նշեց նա։