Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը գնահատում եմ ծայրահեղ վտանգավոր: ԲԴԽ-ն այդպիսով փորձարկում է մարդու ազատ արտահայտման, կարծիք ունենալու սահմանադրական իրավունքների սահմանափակման հնարավորությունը: Հանրությունը բազմիցս առիթներ է ունեցել համոզվելու, որ որոշ դատավորներ գործում են քաղաքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչների ուղիղ ցուցումներով: Ի դեպ, այդպիսի առիթներ մարդիկ ունեցել, թե գործող, և թե նախկին բոլոր իշխանությունների ժամանակ: Դրանց վառ օրինակներից է այժմ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկել Փաշինյանի, ԲԴԽ ներկայիս նախագահ Կարեն Անդրեասյանի նախկին հրապարակային հայտարարությունները, օրինակ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հասցեին, ներկայումս՝ քաղաքական հետապնդումների ենթարկված ընդդիմադիր գործիչների հրապարակային հայտարարությունները դատավորներ Արմեն Դանիելյանի, Կարեն Ֆարխոյանի, Աննա Դանիբեկյանի վերաբերյալ:
Նախկինում չի արձանագրվել որևէ կառույցի, ինչպես նաև ԲԴԽ-ի կողմից այսօրինակ հայտարարություններ:
Օրինակ՝ երբևէ կոչ կամ հորդոր չի հղվել Նիկոլ Փաշինյանի կամ Կարեն Անդրեասյանի նկատմամբ հարուցել քրեկան հետապնդում, որի հիմքն առկա կլիներ, եթե առաջնորդվեին ներկայումս գործող ԲԴԽ տրամաբանությամբ:
Անհրաժեշտ է նաև պարզել, թե արդյո՞ք ԲԴԽ բոլոր անդամներն են միացել այսօր հրապարակված հայտարարությանը:
Գտնում եմ, որ մենք, փաստաբաններս, պետք է միասնաբար պայքարենք ԲԴԽ-ի կողմից փորձարկվող այս արատավոր հնարավորության ստուգման դեմ և միասնաբար թույլ չտանք, որ որևէ անձ, որևէ պարագայում, ենթարկվի պատժի՝ սեփական համոզմունքներն ունենալու և դրանք արտահայտելու համար:
Սա միայն Նաիրի Հոխիկյանի անձնական հարցը չէ, սա ողջ հանրության դեմ իրականացվող նախապես պլանավորած գործողություն է:
Եթե ԲԴԽ-ի հիշյալ հաղորդմամբ քննչական մարմնում նախաձեռնվի քրեական վարույթ, ապա ինքս կներկայացնեմ մի քանի հաղորդումներ գործող իշխանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից նախկինում թույլ տրված նույնաբովանդակ (որոշ դեպքերում ուղիղ վիրավորող) հայտարարությունների առնչությամբ»:
Ավելի վաղ Նաիրի Հոխիկյանը ևս անդրադարձել է ԲԴԽ-ի հայտարարությանը և նկատել, որ հայտարարությանը հրապարակային լայք է դրել արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել է Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի: