Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշվել է նաեւ համաձայնագիրն ուղարկել ՍԴ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար, որից հետո այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է Հայաստանի ՊՆ-ի եւ Չեխիայի ՊՆ-ի միջև ռազմական համագործակցության մասին՝ 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:
Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար: Դրա վավերացմամբ Կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում:
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսևորում:
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները: