կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 11:47
Տնտեսական

Հայաստանի ու Չինաստանի միջև օդային հաղորդակցության համաձայնագիր կկնքվի

Հայաստանի ու Չինաստանի միջև օդային հաղորդակցության համաձայնագիր կկնքվի

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Համաձայնագրի վերանայումը բխում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ոլորոտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:

Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթերի հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գործող Համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաձայնագրի վերանայումը համարում է նպատակահարմար:

Կառավարությունը հաստատեց որոշումը: