Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդէն հանրայնացւել է Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանի պաշտօնազրկման միանգամայն զաւեշտալի լրատւութիւնը...
Դեռեւս օրեր առաջ նոյնինքն Ռուբէն Վարդանեանը իր գործունէութեան 100-օրեակն էր ամփոփում հանրութեան հետ, երբ այդ մասին հասցրել էին իրեն լսել նաեւ միջազգային ծանրակշիռ լրատւամիջոցները՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ հարեւան ու բարեկամ Իրանից:
Անցնող 100 օրերի, այն, ինչին ականատեսն է եղել յատկապէս հայ հասարակայնութիւնը՝ թէ՛ բուն Արցախում, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում Ռուբէն Վարդանեան պետնախարարի գործունէութիւնից, խոշոր տոկոսով եղել է դրականն ու ազգային-պետական շահերին համահունչ՝ հետեւողական աշխատանք-կեցւածքը: Այդ մասին են վկայել նոյնինքն Արցախի Ազգային ժողովի խումբ-խմբակցութիւններն ու իշխանական թէ ոչ-իշխանական հոսանքները, քաղաքական շրջանակները, որոնց գնահատմամբ էլ՝ Ռուբէն Վարդանեանի հանրային դրական ու բարձր աջակցութիւնը համեմատելի չէ ո՛չ Յարութիւնեանի, եւ ո՛չ էլ առաւել եւս Փաշինեանի հետ:
Այս իրողութիւնը՝ հանրային լայն աջակցութիւնը, պայմանաւորւած է նրանով, որ Ռուբէն Վարդանեանը կարող էր իր տնտեսական եւ յատկապէս հասարակական կարիերան շարունակէր բիզնես-գործարարութեան Մոսկովեան հանգստաւէտ բնակավայրում ու ընտանիքով չտեղափոխւէր Արցախ. կամ՝ յենւէր նոյնպէս «Աւրորաների» բարեսիրական համբաւը պահպանելով ու Ջորջ Քլունիների հետ պարգեւատրումներ անելով… մինչդեռ նա ընտրեց դժւարագոյնը՝ յետպատերազմական-շրջափակւած Արցախի սիրոյն զուտ հայրենասիրականն ու ազգային առաջնակարգ պարտքի զգացողութեան կեանքի կոչումը:
…Ու միանգամից՝ պաշտօնազրկում, եւ հէնց դա է զաւեշտը՝ քաղաքական, մարդկային ու յատկապէս բարոյական…
Զաւեշտը վերաճում է խայտառակութեան, երբ պարզ է ու մեկին, թէ ինչպէս են գնահատել Ռուբէն Վարդանեան պետնախարարին (ցաւօք հաւասարապէս), թուրք-ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի գործող իշխանաւորները՝ մտահոգւա՜ծ հայ-ադրբեջանական «Խաղաղութեան պայմանագրի» յետաձգմամբ…:
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
Պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեան