կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 21:46
Քաղաքական

«Սերմացու գողացող» դեղատներին ինչու՞ վարչապետը չի ծեփում կամ սնանկացնում

«Սերմացու գողացող» դեղատներին ինչու՞ վարչապետը չի ծեփում կամ սնանկացնում

Կորոնա վիրուսն արդեն Հայաստանում է, իսկ բժշկական դիմակի ու ախտահանող միջոցների գները մոտ չորս անգամ թանկացել է և շարունակում է թանկանալ, որոշ դեղատներ էլ այդ ամենն ամուր պահել են` հույս ունենալով, որ հետո ավելի թանկ վաճառեն: Իհարկե, նման բիզնես քաղաքականություն վարողներին հայհողները սխալված չեն լինի, եթե կուզեք` այդ մարդիկ արժանի են հայհոյանքի հիսուն երանգներին: Պարզապես պետք է ընկալենք, ոչ հայհոյելով ոչինչ չի փոխվի, դեղատան ապակիները ջարդելով` նմանապես:

Այստեղ անելիքը պետությանն է, որը պետք է չգրված օրենքի շրջանակներում ծնկի բերի այն գործարարներին, որոնց նույնիսկ հիմա մտածում եմ շահի մասին` վտանգելով Հայաստանի Հանրապետությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, պետության վրա հույս դնելն էլ հեռատես մարդու քայլ չէ: Նույն պետության հանցավոր անփութության ու մասնագիտական թեթևսոլիկության պատճառով վիրուսը մեր երկիր հասավ այնպես, ինչպես չպետք է հասներ: Վիրուսը եկել է Իրանից, այն դեպքում, որ մենք գիտեինք, որ արդեն մի քանի շաբաթ Իրանում արտակարգ դրություն է: Դա նշանակում է, որ մեր պատկան մարմինները նեխած են և ունակ չեն պաշտպանել պետության քաղաքացիներին, մանավանդ, երբ դրա շանսերը կան:

Ինչևէ, դառնանք դեղատներին: Օրինակ` ունենք առողջապահության նախարար, որը ցինիկ հայտարարությունների ու բուժհաստատություններ լուծարելու հետ մեծ սեր ունի, թող սկսի այդ դեղատների լուծարումից: Այո, դիմակները թանկացրած դեղատները պետք է պատժվեն, պատժվեն ցանկացած պարագայում: Թող ոչ ոք Հռոմի պապից կաթոլիկ չձևանա և հայտարարի, թե այդ քայլն անօրինական կլինի:

Ներողություն, բայց մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել դատարաններ շրջափակելու, սև հագուստի պատճառով մարդկանց ասֆալտին փռելու և Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու օրինականությունը: Ավելին, բացի այն, որ այդ ամենն օրինական չի եղել, երկրի առաջին դեմքը, իշխանական ու մերձիշխանական փաղանգի ուղեկցությամբ ժողովրդին ամեն կերպ համոզել են, որ տեղի ունեցողը օրինական է, որովհետև թիրախ հանդիսացող խմբերը հակասել են ժողովրդավարությանը:

Հիմա էլ թող նույնն անեն, հիմա էլ թող վարչապետն իր թիմի հետ ուղիղ եթերներով հայտարարի, որ դեղատները թալանում են հպարտ քաղաքացիներին և շրջափակի դրանք, զրկի գործունեության թույլտվությունից և այլն: Այս սա կլինի ժողովրդի պահանջ և արդարացի մոտեցում, իսկ եթե սա չի արվում, ուրեմն թե՛ դատարաններ շրջափակելը, թե՛ ՍԴ-ի դեմ ուղղված հանրաքվեն, թե՛ մյուս գործընթացները, պարզ աճպարարություններ են եղել, և սպասարկել են իշխանության շահերը` որևէ աղերս չունենալով ժողվրդավարության ու ժողովրդի շահերի հետ:

Շիրվանզադեն իր ժամանակին իրավացիորեն նկատում էր. «Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը: Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները»: Այսօր հենց տեղի է ունենում հոգևոր գազանություն, քստմնելի, զազրելի երևույթ: Սրան կոնկրետ պատասխան է պետք, պետական ապտակ, թուք, ամոթի նախատինք: Քանի որ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, վստահ եղեք, որ վաղը, եթե պատերազմ լինի, թույլատրելիից անհամեմատ շատ թանկանալու են հացն ու յուղը, բրինձն ու մակարոնը, և մենք, զինվորի կյանքի գնով փրկվելով թշնամու գնդակից, զոհ ենք գնալու մեր ներսի թշնամու բիզնեսմենային դավադրություններին ու հոգևոր գազանությանը: Եթե հայրենիքը հսկող զինվորի ծնողն ստիպված է մի քանի անգամ թանկ գնել բժշկական դիմակը, իսկ իշխանությունը լռում է, չի սաստում, չի պատժում, պատերին չի ծեփում, չի սնանկացնում այդ «սերմացու գողացող» մկներին ու նրանց «չի տեղադրում յութուբում», ուրեմն ժողովրդավարություն ու ժողովրդի շահ չկա Հայաստանի Հանրապետությունում: Ուրեմն իշխանությունը խաբում է. ստի ոտը կարճ է:

Հ.Գ. Իսկ Արսեն Թորոսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի` մարդկանց ապակողմնորոշելու, խաբելու և նրանց առողջությունը վտանգելու համար, առավել ևս այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Թեհրանից ժամանած ինքնաթիռի ուղևորները պատշաճ զննության չեն ենթարկվել:

Գևորգ Գյուլումյան