կարևոր
4618 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 00:02
Արցախ Քաղաքական

«Հարությունյան-Վարդանյան հակամարտություն» Արցախում չկա, ներքաղաքական ինտրիգներն արհեստածին են

«Հարությունյան-Վարդանյան հակամարտություն» Արցախում չկա, ներքաղաքական ինտրիգներն արհեստածին են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու ֆոնին՝ մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե Արցախում «ներքաղաքական ինտրիգներ են հասունանում», թևերի և ճամբարների են բաժանվում։ Թե որքանով են շրջանառվող այս տեղեկություններն իրատեսական՝ MediaHub.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ: Վերջինս պնդեց՝ այն, ինչ խոսվում է մամուլում, արհեստական օրակարգ է։

«Ինքս տիրապետում եմ ներքաղաքական խոհանոցին և, բնականաբար, չէի ասի, որ ներքաղաքական լարվածություն կա կամ ինտրիգներ են հասունացել։ 2020 թվականից հետո մենք տեսել ենք, թե ինչպես են փորձում արտաքին միջամտությամբ պառակտել մեր ներքաղաքական դաշտը։ Այն, ինչ տեղի է ունենում, միշտ էլ եղել է, նույնիսկ մինչև 2020 թվականը, դրանից հետո էլ։ Խառը մթնոլորտ ստեղծելու մտայնությունը շատերի մոտ ցանկություն է դառնում և փորձում են այդ ազդեցությունն ունենալ։ Կրկնում եմ՝ այս ամենը արհեստական, արհեստածին գործընթացներ են՝ արտաքինից ազդելու և որոշակի նպատակների հասնելու համար»,-ասաց նա։

Ճշտող հարցին, թե Հայաստանի կողմից ևս նման միջամտություններ են նկատվո՞ւմ, վերջինս պատասխանեց՝ իր ներկայացրած արտաքին կողմի մի մասն էլ հայաստանյան իշխանություններն են։

Անդրադառնալով մամուլում հաճախ հանդիպող «Հարությունյան-Վարդանյան հակամարտության» մասին լուրերին, պատգամավորն ընդգծեց, որ լինելով Արցախում՝ նման հակամարտություն չի նկատում։

Խոսելով նաև մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե կիրակի օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին՝ ասելով, որ չնայած Արցախում այս պահին ավելի շատ զենք կա, քան Հայաստանում, բայց պետք է հնարավորինս խուսափել պատերազմից եւ գնալ Ադրբեջանի հետ երկխոսելու ճանապարհով, հակառակ դեպքում պատերազմը կլինի Արցախի ու արցախցիների վերջը և հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԱՀ նախագահը չի գնում բանակցությունների՝ վերջինս արձագանքեց՝ տեղյակ չէ, թե ինչ նիստի մասին է խոսքը, սակայն օրեր առաջ Մշակույթի պալատում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ Արայիկ Հարությունյանը որոշ մտքեր է փոխանակել և խոսել վերջին իրադարձությունների մասին։

«Խոսել է Ադրբեջանի ներկայացրած պահանջների մասին։ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ առիթ է ունեցել խոսել Ադրբեջանի թեզերի մասին։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայնի հավասարը հավասարի հետ սկզբունքով նստի բանակությունների և, բնականաբար, ընտրված նախագահը կամ նախագահի կողմից լիազորված որևէ անձ կնստի բանակցությունների: Բայց մենք գիտենք, որ եղել են կոնտակտային շփումներ, որոնք եղել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում, որտեղ էլ ի հայտ են եկել այն պահանջները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրել է բանավոր։ Այդ մասին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է ԱԽ նիստում, նաև խորհրդարանական քաղաքական ուժերին։ Հասարակության մոտ, սոցիալական մեդիայում պարզապես տպավորություններ են ստեղծվում, թե այդ ամենը բանակցություններ են եղել։ Այդ ամենում փնտրել դավաճաններ և պիտակավորել այս կամ այն անձին, արդեն այլ հարց է։ Խնդիրն այնքան նուրբ է, որ պետք է ամեն ինչ հաշվի առնել, և, կարծում եմ, իմաստ չկա ամեն վառվող կրակի վրա յուղ լցնել: Ես միշտ կողմնակից եմ եղել ջուր լցնել բոլոր այն կրակների վրա, որոնք ի վնաս մեզ են, այլ հարց է, որ շատերը չեն հասկանում, թե որ կրակն է ի վնաս կամ ի օգուտ մեզ․ այս առումով ես ավելի զուսպ կգտնվեմ»,-ընգծեց պատգամավորը։

Աղբյուրը՝ MediaHub.am