Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համաձայնագրի կնքումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների ընդունմամբ. Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Սահմանադրության փոփոխությունները գործող մարտահրավերներին նորովի արձագանքելու անհրաժեշտություն էին առաջացնում: Այդ արձագանքը ՀՀԿ-ն կարող էր իրականացնել միայնակ, բայց խոսվում է որակապես նոր քաղաքական համակարգի ձևավորման մասին, որի հիմքում ընկած է կուսակցությունների միջև առողջ քաղաքական մրցակցությունը, խորհրդարանական համակարգին անցումը, որը ենթադրում է հիմնականում որակապես նոր կուսակցությունների առկայություն, քաղաքական որակի բարձրացում, նոր կարողությունների, իրավիճակին ադեկվատ արձագանքման հնարավորություն, և ենթադրվում է, որ այն կուսակցությունները, որոնք սահմանադրական բարեփոխումների ամբողջ ընթացքում ստանձնեցին քաղաքական պատասխանատվությունը, պետք է ստանձնեն նաև նոր Սահմանադրության իրականացման ամբողջ պատասխանատվությունը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` ի տարբերություն բոլոր այլ կուսակցությունների, այդ թվում` և ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն միակն էր, որ առաջին օրվանից հայտարարեց Սահմանադրության նոր տարբերակը պաշտպանելու` իր քաղաքական կուրսի մասին և դա պայմանավորեց հանրային կյանքի կազմավորման իր հայեցակարգային մոտեցումներով:
«Մնացած կուսակցությունները, որոնք դեռևս 12, 13 թվականին խոսում էին սահմանադրական բարեփոխումների մասին, նկատի ունենալով անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, ՀՀԿ-ի այդ առաջարկը սկզբից մերժեցին, հետագայում մի մասը` կուսակցությունում ինչ-ինչ անհատներ, սկսեցին պաշտպանել: Որակական, արմատական տարբերությունն այն է, որ ՀՅԴ-ի համար սահմանադրական բարեփոխումները հայեցակարգային քաղաքական խնդիր էին, և նույնիսկ այդ դոկտրինը պաշտպանելու համար ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից: Սա քաղաքական կուրս էր, որը չէր կարող չնկատվել նրա գործընկերների` ՀՀԿ-ի կողմից»,- ընդգծեց Հարությունյանը` հավելելով, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի նախաբանում արդեն իսկ կերևա, որ խոսքը վերաբերում է այդ երկու կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությանը. «Այնտեղ գրված է, որ, հաշվի առնելով այդ համագործակցության հրամայականը, տողատակն ասում է` սահմանադրական բարեփոխումների արդյունքում, որին սատարել են երկու կուսակցությունները, ձևավորվել է նոր իրավաքաղաքական իրավիճակ: Այդ իրավիճակն արդյունավետ զարգացնելու հրամայականը ենթադրում է երկու կուսակցությունների համագործակցություն: Կա երկրորդ կարևորագույն թեզը` այդ համագործակցության ռազմավարական նշանակությունն անվտանգությունն է և ներքաղաքական կայունության երաշխավորումը: Սա չի նշանակում, որ կուսակցությունները մերժում են այլոց հետ քաղաքական մրցակցությունը, այլ նշանակում է ճիշտ հակառակը` նպաստել նոր քաղաքական համակարգի ձևավորմանը, որի հիմքում ընկած է կուսակցությունների առողջ մրցակցությունը»:
Հարությունյանը նշեց նաև, որ համագործակցությունը կարող է նաև մի քանի անգամ լինել: «Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Դաշնակցության հետ արդեն որերորդ անգամ է տեղի ունենում համագործակցություն, ասեմ, որ համագործակցությունը կարող է մի քանի անգամ լինել: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ կոալիցիաները ձևավորվում են, հետո` ապաձևավորվում»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ հանրային կարգի ձևավորման ցանկացած փուլում ցանկացած քաղաքական միավորումներ, որոնք կարող են վերածվել հանրության առջև միասնական, քաղաքական պատասխանատվության, կոալիցիա են: «Երկու կուսակցություններ միավորվում են, որպեսզի կարողանան միասին ստանձնել հանրային կյանքի ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: