Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Hraparak.am-ը գրում է․
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի՝ պաշտոնից անակնկալ ազատվելու դիմում ներկայացնելուց հետո մամուլում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, թե ով կարող է ՔՊ-ի կողմից առաջադրվել հերթական ՄԻՊ թեկնածու։
Այդ տեղեկություններից մեկի համաձայն՝ ՔՊ-ն հնարավոր է առաջադրի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի թեկնածությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այս տեղեկությունը ոչ մի կերպ չեն ցանկանում մեկնաբանել։ Hraparak.am-ը կապ հաստատեց Ստեփանյանի հետ՝ անձամբ նրանից լսելու մեկնաբանություն, թե հավանակա՞ն է իր առաջադրումը, թե՞ ոչ։ Սակայն Ստեփանյանը բավականին կոշտ ձևով մերժեց որևէ բան ասել։
«Ես ոչինչ չեմ մեկնաբանում, աշխատանքային ժամին էլ խնդրում եմ չխանգարել։ Շնորհակալություն» ,-ասաց նա։
Նկատեցինք, որ եթե աշատանքային ժամից դուրս էլ զանգենք՝ կասի աշխատանքից դուրս է ու դարձյալ չի խոսի, տիկին փոխնախարարը, սակայն, նորից հրաժարվեց որևէ բան ասել․ «Չեմ մեկնաբանում»։ Երբ հարցրինք՝ քննարկվե՞լ է իր թեկնածության հարցը, թե՞ ոչ, Ստեփանյանն ասաց, թե ինքը նույն բանը մի քանի անգամ կրկնել չի սիրում։
«Ես ասացի, որ չեմ մեկնաբանում և չեմ մեկնաբանելու, հաջողություն Ձեզ»,-կոպիտ տոնով հայտարարեց նա ու անջատեց հեռախոսը՝ չլսելով մեր մյուս հարցը, թե ինքն ունի՞, արդյոք, իրավաբանական կրթություն։
Նշենք, որ Ստեփանյանի թեկնածությունը ոմանք խնդրահարույց են համարում, քանի որ նա իրավաբանական կրթություն չունի, սակայն անցյալում էլ են ոչ իրավաբաններ նշանակվել այս պաշտոնին։
Տաթևիկ Ստեփանյանը, ըստ նախարարության էջում տեղադրված կենսագրության, մասնագիտությամբ լեզաբան է, ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ստացել է անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագետի, ուսուցչի որակավորում:
Նա նաև նապոլեոնական տաղանդ ունի, քանզի կենսագրության մեջ նշված է, որ տիկին փոխնախարարը 2015-2016 թթ ավարտել է Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթացը, նույն ժամանակահատվածում ավարտել է նաև Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթացը։ Թե ինչպես է հաջողացրել միաժամանակ երկու կրթական հաստատությունում սովորել և դիպլոմ ստանալ՝ կիմանա միայն Նիկոլ Փաշինյանի կողմից փոխնախարար նշանակված անձը։
Ի դեպ, նրա կենսագրության ամենահարուստ հատվածը սա է՝ 2004-2020 թթ. աշխատել է «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ-ում որպես գլխավոր մենեջեր: Սա հագուստի խանութների ցանց է, որտեղ 16 տարի մենեջեր է եղել Տաթևիկ Ստեփանյանը, հետո անմիջապես դարձել փոխնախարար։