կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 14:11
Քաղաքական

Կալանավորում են, թող կալանավորեն. Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է իրեն կալանավորելու մասին լուրերը

Կալանավորում են, թող կալանավորեն. Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է իրեն կալանավորելու մասին լուրերը

ԱԺ հայտնի ծեծկռտուքից օրեր անց՝  երեկ ՀՅԴ երիտասարդները կանչվել էին ԱԱԾ։ Նրանց շարքում է նաեւ Գերասիմ Վարդանյանը, ով անցնում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծելու քրեական գործով։

Երեկ Գերասիմը կանչվել է ԱԱԾ հարցաքննության։ ArmDaily.am-ը կապ հաստատեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի հետ պարզելու, թե ինչ է կատարվել ԱԱԾ-ում և արդյոք տեղյակ է, որ ըստ մամուլում տարածվող լուրերի, որ իրեն կալանավորելու քաղաքական հրահանգ կա։

«Եթե մի երկրում ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և մնացած ուժային կառույցները սպասարկում են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անձնական շահերը, ինչ կարող եմ ասել, ամեն ինչ էլ կարող են անել, կալանավորում են, թող կալանավորեն»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանը։

Վարդանյանը պնդում է, որ իրենք ոչ բանտերից, ոչ ձերբակալություններից, ոչ էլ կալանքներից վախ չունեն, ոչ էլ դա կարող է իրենց ինչ-որ ձևով իրենց նպատակներից հետ պահել։

«Մենք անելիք ունենք, ասելիք ունենք, պարտք ունենք մեր ընկերների և ընտանիքների համար ու այդ պարտքը վերադարձնելու ենք։ Ոչ բանտերով, ոչ էլ ձերբակալություններով չեն կարողանալու կանգնեցնել։ Էդ իրենք են վախենում բանտերից, որ փախնում են։ Մենք պատրաստ ենք նստել ու ամեն ինչ էլ անել, հաղթենք, հաղթած դուրս գանք»,-ասաց նա։

Նախորդ օրվա ծեծկռտուքից հետո Գերասիմ Վարդանյանը մարմնական վնասվածքներ չի ստացել, ավել ոչինչ ասել չցանկացավ։

«Ես հրաժարվել եմ դատաբժշկից, հրաժարվել եմ բացատրություն տալուց, այդ հարցի հետ կապված ինչ կար ասելու, ասել եմ»,-ասաց նա։

ԱԱԾ իր հաջորդ այցի մասին Վարդանյանն ասում է. «Ինչ իմանամ էս շոումենները ինչ կարող են անել, կարողա կանչեն, կարողա ինչ-որ մի տեղ դիմակներով, շոուներով բանով շոու կազմակերպեն, ինչ ասես կարան անեն, այս երկրում այսօր օրենք չի գործում»։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանին ծեծելու քրեական գործում իր կասկածյալ լինելուն՝ Գերասիմն ասում է. «Դա կեղծ գործ է, որի հետ ես որևէ կապ չունեմ»։

Նշենք, որ ծեծկռտուքից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր՝ «Գերասիմը, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»։

«Հրաչը առանց հասկանալու հայտարարություններ է անում, որ իբր ես որպես մեղադրյալ եմ այդ գործով. սուտ է, ես այդ գործի հետ կապ չունեմ, ես որպես մեղադրյալ չեմ անցնում այդ գործով։ Այդ գործով որպես կասկածյալ եմ ներգրավված եղել, որից հետո ապացույցներ եմ ներկայացրել՝ որտեղ եմ եղել այդ ժամանակ, ինչով եմ զբաղված եղել, տեսանյութեր եմ ներկայացրել, որոնք դատարանը ի գիտություն է ընդունել։ Իմ դեմ կեղծ ցուցմունք է եղել, որը տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, որի համար մենք միջնորդել ենք, որ սուտ մատնություն անելու համար գործ հարուցեն ու առերեսում ենք պահանջել, բայց մեկ տարի անց, մինչև հիմա չեն արել, որևէ քննչական գործողություն չի իրականացրել, որովհետև լավ գիտեն, որ ես կապ չունեմ այդ գործի հետ»,-եզրափակեց Գերասիմ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ՔՊ պատգամավորների միջև, որից հետո ՀՀ Դատախազությունը այս գործն ուղարկել էր ԱԱԾ, իսկ երեկ ՀՅԴ երիտասարդները կանչվել են ԱԱԾ։ ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել նաև ՔՊ պատգամավորների հետ՝ պարզելու, թե իրենք կանչվել են ԱԱԾ, թե ոչ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Սեդա Մակարյան