կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 17:12
Քաղաքական

Թավշով իշխանության եկած ապազգային խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին․ Լիլիթ Գալստյան

Ժողովրդավարության, սիրո, արդարության և օրենքի երկիր ստեղծելու  քաղաքական մեծամասնության փուչիկներն օճառի պղպջակի արագությամբ պայթեցին:   Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի  ԳՄ անդամ , ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

««Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթները.   բուհերի ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ,  բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»:

 Սրանք մինչև 2018-ի փաշինյանական հայտարարություններն են: Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկինը՝  Տիգրան Ավինյանը, Բրյուսովում  մինչև վերջերս փոխվարչապետ Հ. Մաթևոսյանն էր:  Բայց, ուշադրություն.  «նրանք գնացել են այնտեղ, ոչ թե ՔՊ-ացնելու, այլ գնացել են, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից», ասում է ՔՊ առաջնորդը: Իհարկե, Մոլիերն ու Պարոնյանը կնախանձեին մտքի այսպիսի սլացքին, բայց սա գրականություն չէ, սա մեր ամենօրա կյանքն է՝ ստի ու երեսպաշտության մեջ թաղված իրականությունը»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ բնական է, որ այս շղթայից չպիտի վրիպեր Բրյուսովը․

«Հակառակ ընտրությանը նախորդած ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ  Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն: Նիստն անցել է սահմանված կարգով՝ քվեարկության արդյունքները ստորագրել և հաստատել են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները՝ ներառյալ նախագահող,  ՀՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրում արձանագրությունը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստի հետ: Դեկտեմբերի 30-ին հանկարծ միահամուռ հրաժարական են ներկայացնում հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչները»,- ասաց նա։  

Պատգամավորը հիշեցրեց, որ «Բրյուսով» ձախողված օպերացիան թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, Վ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա. ընտրությունից անմիջապես հետո, նրանք աշխատանքից ազատվեցին։ Ժանրի կանոններով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, այսպես կոչված կեղծիքների և խուլիգանության դեպքի առթիվ։

«Ես առանձնապես զարմացած չեմ.  որովհետև թավշով իշխանության եկած, բայց իրականում ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։  Կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով…

Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանական մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասանալի խառնարան ստանալով»,- նշեց քաղաքական գործիչը։

Նա հարց ուղղեց՝ պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ քայլ առ քայ, վրեժխնդիր ու ճղճիմ, պետական մտածողությունը թաղելով…մԻսկ արդեն տևական ժամանակ  Հայաստանի 180քառ կմ տարածք զավթել է թշնամին, իսկ Արցախն արդեն  37 օր շրջափակման   մեջ  է։