կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 11:24
Հասարակություն

Միջազգային կարմիր խաչը 30 հիվանդ է Արցախից տեղափոխել Հայաստան․ «Հրապարակ»

Միջազգային կարմիր խաչը 30 հիվանդ է Արցախից տեղափոխել Հայաստան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է իր ծառայությունները եւ շարունակում է կոնֆիդենցիալության սկզբունքով հարցեր քննարկել կողմերի հետ։ Բայց որոշում կայացնելը՝ ինչ տանել եւ ինչքան, մեր ձեռքում չէ եւ պետք է համաձայնեցված լինի կողմերի հետ»,- «Հրապարակին» հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։  

Այս ընթացքում Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան եւ ՀՀ կառավարության կողմից դեղորայքով բեռնված 2 բեռնատար։ Մեկը՝ դեկտեմբերի 25-ին, մյուսը՝ հունվարի 15-ին։ Նաեւ սննդային փաթեթներ են բաժանել արցախցիներին։ «Տարվել է մանկական սնունդ, սնունդ հիվանդանոցների համար, իսկ մեր աշխատակիցները Ստեփանակերտում հունվարի 6-ին տեղի մեր հնարավորություններից բաշխել են ցերեկային խնամքի մանկական կենտրոններին, տարեցներին եւ մի քանի հիվանդանոցների փոխանցել ենք մեկ ամսվա սպառման սննդային փաթեթներ, որոնք այնտեղ կարող են օգտագործվել խոհանոցներում»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է միայն պետությունների կառավարությունների հետ՝ հետեւյալ ընթացակարգով․ տվյալ պետության պատկան մարմինների նախաձեռնություն, Կարմիր խաչի միջնորդություն եւ համաձայնեցում կողմերի հետ, որոնք ընդգրկված են տվյալ իրավիճակում։ «Մենք այս ամենը կարող ենք անել, սակայն պետք է լինի համաձայնեցում։ Իրավիճակն այնպիսին չէ, որ կողմերի հետ հեշտությամբ գտնենք հնարավոր տարբերակները։ Տարբեր նախաձեռնություններ ընթացքի մեջ են»,- ասում է Զառա Ամատունին։ Չի՞ կարող արդյոք Կարմիր խաչն Արցախ տեղափոխել այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն, իրենց ծնողների մոտ, եւ Արցախի այն բնակիչներին, որոնք մնացել են Հայաստանում, ընտանիքներից հեռու։ «Կարող ենք աջակցել։ Այս հարցը եւս կողմերի հետ քննարկվում է»,- ասաց Զառա Ամատունին։

Իսկ Ստեփանակերտի բնակիչները, որոնք 27 օր է՝ շրջափակված են, բողոքում են, որ քաղաքում սով է։ Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների բաժանած օգնությունները կռվախնձոր են դառնում։ «Գյուղերից բերում են ձու ու 1 ձուն վաճառում են 500 դրամով։ Ես այսօր խանութ էի գնացել, գնեցի մեկ բանկա թթվասեր, մի հատ հաց, փոքր կտոր պանիր ու այդ ամենի համար վճարեցի 1600 դրամ։ Սա էլ կարող ես գնել, միայն եթե շատ շուտ գնաս խանութ՝ առավոտյան 8-9-ին։ Հետո ամեն ինչ վերջանում է»,- մեզ պատմեց Ստեփանակերտի մի բնակիչ։ Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես են ռուս խաղաղապահները մեկական տոպրակ միրգ՝ նարինջ, բանան, կիվի, բերել հիվանդանոցում բուժվող հիվանդների համար։ «Բժիշկները խնդրեցին, որ իրենց էլ մի քիչ տան, բայց մերժվեցին։ Մի հղի բժշկուհու համար հիվանդներից մեկը մի ապելսին տվեց միայն»։  

ՀԳ․ Ըստ Արցախի դատախազության տվյալների, մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ են մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք եւ հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), Լաչինի միջանցքով, մեկ ուղղությամբ, Հայաստանից Արցախ են մեկնել օրական միջինը 454 մեքենա, ավելի քան 1.200 մարդ։ 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում