Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում որոշվեց հաստատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Մասնավորապես` կարգավորվում են ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
Որոշումը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ որոշումը վերաբերում է հիպոթեքային վարկի գծով նախատեսված տոկոսները եկամտային հարկից նվազեցնելու ընթացակարգին: 2014թ. ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով թույլատրվեց եկամտային հարկի գծով նվազեցում կատարել հիպոթեքային տոկոսների մասով, ընդ որում` այդ նվազեցումը կատարվելու էր պետության կողմից կատարվող վերադարձի ձևով: Այսինքն` այդ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը իր վրա է վերցնում հիպոթեքային վարկի գծով տոկոսների ֆինանսավորման բեռը` փաստացի տոկոսադրույքը սահմանելով 0 տոկոս: Դա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս հիպոթեքի տոկոսը հետ ստանալ պետությունից:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա շատ լուրջ քայլ է կառավարության կողմից: «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որ մեր քաղաքացիները կարողանան առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և ունենան բնակարաններ: Փաստորեն, այդ հիպոթեքի տոկոսադրույքը պետական բյուջեն վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հանձնարարելով հրատապ ստորագրել այդ որոշումը: