Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում ամապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝
Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ արդեն 27 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն հանցագործությունը մարդկության դեմ:
Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:
Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։
Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: